Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարծում եմ՝ բանակցությունները ԼՂ հակամարտության ճիշտ լուծման ուղղությամբ պետք է շարունակվեն, և այդ բանակցություններում Հայաստանի խոսքը պետք է անցնի։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ պետք է դադարեցնել բոլոր տեսակի բանակցությունները, քանի դեռ գերիները չեն վերադարձվել: Նշենք, որ այդպիսի առաջարկով հանդես էր եկել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

 

«Առաջինը Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցություններն են, որտեղ երեք հանգամանք պետք է հաշվի առնեն։ Առաջինը, որ հակամարտությունը ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ ցեղասպանություն է տեղի ունեցել Արցախի ժողովրդի բռնագաղթեցմամբ, և Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա: Երկրորդը, Արցախի Հանրապետության ինստիտուտները պետք է գործեն, կառավարման ամբողջ համակարգը պետք է աշխատի, ընդ որում դա պետք է աշխատի մայր Հայաստանում:

Բանակցությունները Արցախի ճակատագրի շուրջ այլընտրանք չունեն, իսկ բանակցությունների ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս գործընթացները իրականացվեն։

Ինչ վերաբերում է գերիներին, ապա գերիների վերադարձի խնդիրը նաև եռակողմ հայտարարության մաս է կազմում, և բանակցությունների ընթացքում անպայման պետք է դնել այդ հարցը: Բանակցությունները, հասկանալի է, որ հեշտ չեն, մարդիկ կարծում են, որ Արցախի ճակատագիրը որոշված է, իհարկե դժվար է այդ ամենը վերականգնել, բայց հապաղելը նման է հանցագործության»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա հայտարարեց, որ գործող իշխանությունը տապալեց բանակցությունները, ինչը բերեց պատերազմի, իսկ պատերազմից հետո էլ ոչինչ չի անում:

Այս իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում և Արցախի հարցում, և գերիների հարցում

Յուրաքանչյուր իշխանություն իր կատարած քայլերը պետք է ներկայացնի հանրությանը, պետք է հանրայնացնի իր կատարած աշխատանքը, հակառակ դեպքում միշտ էլ լինելու են այդ կասկածները, - նշեց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմությունը պնդում է, որ գերիների վերադարձի հարցով որևէ քայլ չի արվում, իշխանությունն էլ պնդում է, որ այդ քայլերը արվում են, սակայն դրանց մասին իրենք չեն հանրայնացնում, որ չվնասեն գործընթացին:

«Եթե բանակցային նրբություններ կան, պետք չէ ներկայացնել, բայց ես գտնում եմ, որ այս իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում և չեն էլ տարել և՛ Արցախի հարցում, և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերիների հետ կապված հարցերում: Գերիների ազատ արձակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն է, որ իրենք բանակցությունների ընթացքում պետք է այդ հարցը դնեն:

Միանշանակ է,որ Բաքվում տեղի ունեցողը կեղծ դատավարություն է, թատերականացված բեմականացում է, որը ուղղված է ոչ միայն գերիներին, ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ առաջին հերթին իրենք դատում են Արցախի ինքնորոշումը և նաև բոլոր սլաքները, մեղադրանքները ուղղված են նաև Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նկատեց, որ պետք է ֆիքսել, որ հակամարտության համար հիմնական մեղավորը Ադրբեջանն է, իսկ հետագայում թուրք-ադրբեջանական տանդեմը, որ իրականացրել են համապատասխան հանցագործ գործունեություն և հերթական ցեղասպանությունը:

«Ադրբեջանն է Արցախի ժողովրդի ինքնորոշմանը պատասխանել պատերազմով, ինքն է սրել հարաբերությունները և տարել մարտական գործողությունների, և առաջին պատերազմի ժամանակ, կրել է պարտություններ՝ հետ քաշվելով, փախչելով իրենց տարածքներից, այնուհետև խնդրել զինադադար և նախապատրաստվել նորից սկսել մարտական գործողություններ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լինելով յուրաքանչյուր սադրանքի կազմակերպողը, փորձում է այդ սլաքները ուղղել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադառնալով նրան, որ հիմա էլ Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել այն ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք ժամանակին պայքարել են հանուն Արցախի, Սեյրան Օհանյանն ասաց. «Ադրբեջանի ղեկավարությունը անընդհատ նոր պատժամիջոցներ է փնտրում Հայաստանի նկատմամբ՝ ճնշումները, պարտադրանքները ավելի ուժգին դարձնելու համար։ Դրա դեմ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում:

Արցախա-ադրբեջանական հակամարտությամբ զբաղվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահ այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, և բանակցությունների հիմքում դրել են Արցախի ինքնորոշման գաղափարը։ Ու երբ հիմա Ադրբեջանը պայմաններ է դնում հրաժարվել Մինսկի խմբի համանախագահությունից, դա նշանակում է հրաժարվել ամբողջ ինքնորոշման ճանապարհից, ինքնորոշման այդ ողջ փաթեթից։ Երբ նրանք պահանջում են նաև իրենց հանձնել այն մարդկանց, որոնք Արցախի պաշտպանությամբ են զբաղվել, դա նշանակում է, որ ամբողջությամբ մեղքը Ադրբեջանը փորձում է գցել ՀՀ-ի վրա:

ՀՀ իշխանությունների կողմից այս ամենը անտեսելը հանցագործության նման մի բան է»,-ասաց նա:

News.am-նյութերով