ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽՈՒՍԱՓԵԼ «ՍՅՈՒՆՅԱՑ ՈՂՋՈՒՅՆ -2»-ից

Վերջերս տարածված տեղեկություններն այն մասին, թե ԱԱԾ-ն բացահայտել է 2021թ. ապրիլին Սյունիքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հրահրողին և կազմակերպչին, հասարակական շոշափելի արձագանք չհարուցեցին, մինչդեռ ակնհայտ է, որ ուշացած «բացահայտման» մասին տեղեկություններն ի հայտ եկան բնավ ոչ պատահականորեն։ Եվ այսպես, 2021 թվականի ապրիլին Փաշինյանը մեկնեց Սյունիք, որտեղ բախվեց հայտնի «սյունյաց ողջույնին», այլ կերպ ասած՝ 44-օրյա պատերազմից, 5 հազար զոհ տալուց և Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը հանձնելուց հետո իշխող վերնաշերտի պարագլխին դիմավորեցին, մեղմ ասած, առանց խանդավառության։

«Նիկոլ՝ դավաճա՛ն» կարգախոսով ցույցերը Մեղրիում ու Ագարակում կազմակերպված չէին թվում, ամենայն հավանականությամբ՝ խոսքը տարերային զանգվածային ակցիաների մասին էր, սակայն Փաշինյանը հրամայեց բացահայտել հրահրողներին, և 4 տարի անց «հրահրողին» հայտնաբերեցին։

4 տարի շարունակ ԱԱԾ-ն փնտրում էր եվ վերջապես գտավ 20 տարվա ստաժ ունեցող սպա Արամ Գասպարյանին՝ նրան մեղսագրելով Սյունիքում Փաշինյանի դեմ ուղղված ակցիաների կազմակերպումը: Դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ իշխանության վերին էշելոնից սկսեցին ակտիվորեն տեղեկություններ արտահոսել այն մասին, որ Սյունիքում ՔՊ ստորաբաժանումները բերվել են մարտական բարձր պատրաստականության։ Դա կապված է Տավուշից Սյունիք սահմանազատման գործընթացի առաջիկա փոխադրման հետ։ Հենց այդ պահին էլ ԱԱԾ-ն Արմեն Աբազյանի գլխավորությամբ ներկայացրեց ժողովրդի կողմից «սյունյաց ողջույն» անվանումը ստացած բողոքի ակցիաների կազմակերպման «մեղավորին»: Նման զուգադիպությունները պատահական չեն լինում. 4 տարի փնտրում էին ու հանկարծ գտան։ Ընդ որում գտան հենց այն պահին, երբ իշխող վերնաշերտի ուշադրությունը սևեռված է Սյունիքի վրա, ուր վերջին շրջանում երկու անգամ մեկնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՔՊ տեղական ստորաբաժանումների հետ հանդիպելու համար։ Նախարարն անձամբ է փոխանցել կուսակցական բջիջների ղեկավարներին Փաշինյանի համապատասխան հրահանգները։ Ռեժիմի պարագլուխը մարզ գործուղեց նաև իշխող վերնաշերտի մյուս ներկայացուցիչներին։

Ինչ վերաբերում է սահմանազատման ներկա փուլին, ապա, ինչպես տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդպես էլ չի պատասխանել իր այն հարցին, թե Ադրբեջանի՞ն է արդյոք անցնելու Հայաստանը Ոսկեպարի միջով Վրաստանին կապող ճանապարհը:

Պատգամավորի խոսքերով, այս պահին Բերքավանի հատվածում գաղտնիության ռեժիմով հողի չափագրման աշխատանքներ են տարվում, ականազերծում է ընթանում, տեղեկություն է եղել ականի վրա պայթելու դեպքի մասին

Լրատվամիջոցները քննարկում են իշխանության վերին էշելոնից ամենաթարմ արտահոսքերն այն մասին, որ Փաշինյանն իր մերձավոր թիմակիցներին տեղեկացրել է խաղաղ նախաձեռնությունների ձախողման մասին, մատնանշելով, որ տարածքների հանձնման այլընտրանքը պատերազմն է լինելու։ Դանիելյանի գնահատմամբ՝ Փաշինյանը կրկին դիմում է սպառնալիքների և ահաբեկման, գործարկելով Կիրանցի հանձման սցենարը։ Ըստ երևույթին, տեսանելի հեռանկարում ռեժիմի պարագլուխն ընտրության առջև կդնի հայ հասարակությանը. կա՛մ տարածքների հանձնում Սյունիքում՝ սահմանազատման ցուցանակի տակ, կա՛մ պատերազմ։ Սյունիքի տարածքների հանձնման ուղղությամբ արդեն աշխատում է ռեժիմի ողջ վերնաշերտը և ՔՊ-ի քարոզչամեքենան։ Փաշինյանը ջանքեր է գործադրում 4 տարի անց «սյունյաց ողջույնի» կրկնությունից խուսափելու համար։

Երբ Նիկոլն առաջին անգամ ԱԱԾ-ին հանձնարարեց որսալ «սատանայի ծառաներին» (դա կառավարության նիստի ժամանակ էր), ապա շատերն այդ հանձնարարությունը համարեցին կատակ, թեև ԱԱԾ աշխատակիցները կարգադրությունն ստանալուց անմիջապես հետո սկսեցին բերման ենթարկել սև հագուստով մարդկանց Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքից։ Այն ժամանակ ԱԱԾ-ն այլ ղեկավար ուներ, սակայն դրանից հետո շատ բան չի փոխվել։ Կառույցը շարունակում է կատարել Փաշինյանի քաղաքական պատվերները, ինչի մասին, մասնավորապես, վկայում է Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններին Շիրակի ԱԱԾ պետ Կամո Ներսիսյանի անուղղակի մասնակցության փաստը:

Լրատվամիջոցների վկայությամբ՝ Ներսիսյանը քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի ազգականն է, որը գլխավորում է ՔՊ ցուցակը։ Այս պահին Ներսիսյանը, Փաշինյանի ուղիղ հրահանգով (այդպես են գրում ԶԼՄ-ները), զբաղված է կոմպրոմատ հավաքելով ավագանու անդամ առաջադրվող ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների ցուցակները գլխավորող անձանց դեմ։