ՈՂՋԵՐ ՈՒ ՄԵՌԱԾՆԵՐ. ԻՆՉՈ՞Ւ Է ՎԵՐԱ ԱՂԱՍՅԱՆԻ ՄԱՐՄԻՆԸ ՄԻՆՉ ՕՐՍ ՄՆԱՑԵԼ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
2024 թվականի հոկտեմբերի 20-ին Արցախում մահացավ բռնազավթումից հետո քաղաքում մնացած 14 հայերից մեկը՝ 70-ամյա Վերա Աղասյանը։ Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, մահվան պատճառ է դարձել սուր թոքային-սրտային անբավարարությունը: Անցել է գրեթե 5 ամիս, սակայն մահացած կինը դեռ մնում է անթաղ, չնայած նրան Հայաստանում հողին հանձնելու ընտանիքի ցանկությանը և փոխադրմանն աջակցելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արտահայտած՝ պատրաստակամությանը:
ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉԻՑ ԵՎ ԻՆՉ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ Է ՄԱՀԱՑԵԼ ԱՂԱՍՅԱՆԸ, ՀԱՅՏՆԻ ՉԷ։ Հոկտեմբերի 25-ին «Կավկազսկի ուզել» պարբերականին տված հարցազրույցում Արցախի ԱԻՆ նախկին մամլո քարտուղար Հունան Թադևոսյանը, վկայակոչելով Արցախում մնացած մեկ այլ հայի քրոջը, հայտնեց, որ տեղահանությունից հետո մնացած հայերին հավաքել են «Դղյակ» ռեստորանի շենքում, որն ադրբեջանցիներն օգտագործում են որպես ճամբար: Նույն աղբյուրի տեղեկություններով՝ Վերան անկողնային հիվանդ էր։
Թադևոսյանը նշեց նաև, որ նախկինում, երբ Արցախում կար ԿԽՄԿ ներկայացուցչություն, այնտեղ մնացած հայերը հնարավորություն ունեին ամիսը մեկ զանգահարել հարազատներին, բայց հիմա, երբ Ստեփանակերտում այդ կազմակերպությունն այլևս չկա, նրանք ավելի հազվադեպ են զանգահարում:
Վերա Աղասյանի ներկայումս Հայաստանում բնակվող դստեր խոսքերով՝ չորս զավակներից ոչ մեկը չի կարողացել համոզել նրան հեռանալ Արցախից։ «Մայրս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։ Եվ վերջին վեց ամիսների ընթացքում մենք հնարավորություն չենք ունեցել խոսելու նրա հետ: Ես նույնիսկ չգիտեի, որ մայրս հիվանդ է: Պատրաստվում եմ դիմել ԿԽՄԿ, որպեսզի մարմինը բերեն Հայաստան, և մենք այստեղ հողին հանձնենք»,- հայտարարեց կինը։
Երևանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին նշեց, որ մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: «Որպես մարդասիրական կազմակերպություն՝ մենք պատրաստ ենք աջակցել հարազատներին հետագա գործողություններում, որոնց հայցը կներկայացվի։ Այդ հայցերը հընթնցս կքննարկվեն համապատասխան իշխանությունների հետ»,- ասաց նա՝ հրաժարվելով մեկնաբանել այն պայմանները, որոնցում մահացել է Աղասյանը։
Նոյեմբերի 11-ին Ամատունին հայտնեց, որ մարմինը վերադարձնելու գործընթացում դեռևս առաջընթաց չկա:
Դեկտեմբերի 28-ին թեման կրկին հայտնվեց լրահոսում, ընդ որում՝ արդեն քաղաքական շահարկումների ակնհայտ երանգով։ Հղում անելով Ադրբեջանի պետական կոմիտեին՝ հաղորդվում էր, թե ԿԽՄԿ միջնորդությամբ հոկտեմբերի 29-ին կամ 30-ին «նախատեսվում էր դիակը հանձնել ՀՀ համապատասխան պետական մարմիններին՝ «Լաչին» սահմանային անցակետում», սակայն «հայկական կողմից այդպես էլ պատասխան չի ստացվել»:
Այնուհետ ասվում էր, թե Վերա Աղասյանի աճյունը Հայաստան տեղափոխելու նրա զավակների խնդրանքը «և գործընթացի նկատմամբ նրանց հետագա անտարբերությունը կանխամտածված ապատեղեկատվական արշավի մաս էին»։ Իբր՝ հայկական կողմը ենթադրում էր, թե Ադրբեջանը կմերժի խնդրանքը, և այդ փաստը կարող էր օգտագործվել քաղաքական նպատակներով COP29-ի նախաշեմին։
«Սակայն տեսնելով, որ Ադրբեջանը պատրաստ է մարդասիրական գործընթաց իրականացնել, հայերը կորցրեցին հետաքրքրությունը, քանի որ չկարողացան հասնել ցանկալի արդյունքին։ Մահացած մարդու հետ կապված հարցի քաղաքականացումը միջազգային հումանիտար իրավունքի և մարդկային արժեքների ոտնահարում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Պետհանձնաժողովը հայտարարեց նաև, որ «եթե Հայաստանը հրաժարվի ընդունել նրա մարմինը մինչև 2025 թվականի հունվարի վերջ, հանգուցյալը կհուղարկավորվի Ադրբեջանում»:
Այսինքն Արցախի 120-հազարանոց բնակչության 10-ամսյա դաժանագույն շրջափակման, ռազմական ագրեսիայի, ցեղասպանության, էթնիկ զտումների և Հայրենիքից մի ամբողջ ժողովրդի վտարման մեջ մեղավոր երկիրը ճամարտակում է իր «մարդասիրության», միջազգային իրավունքի և մահացած մարդուն վերաբերող հարցում մարդկային արժեքների մասին։ Բայց ամենազարմանալին այն է, որ Երևանից ոչ մի արձագանք չեղավ այդ բառահեղեղին։
Թեպետ, ինչպես պարզվեց, Ադրբեջանում չէին էլ պատրաստվում «հրաժարվելու դեպքում մինչև հունվարի վերջ» թաղել մահացած հայուհուն, և շարունակում են շահարկել թեման։
Մարտի 10-ին պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Հասանովը հայտարարեց, թե «անցկացվել են փաստաթղթային բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը դիակի հանձնման համար, և ընթացիկ տարվա փետրվարին հարցի մասին անմիջականորեն տեղեկացվել է հայկական պատվիրակությունը՝ սահմանին տեղի ունեցած հանդիպման ժամանակ»: Այդուհանդերձ, ըստ նրա, հայկական կողմը ոչ մի կերպ չի արձագանքում։
Երևանում այս անգամ էլ նախընտրեցին անտեսել հաղորդագրությունը։ Եվ միայն մարտի 15-ին ՀՀ ԱԱԾ-ն ստիպված արձագանքեց լրատվամիջոցների գրավոր հարցմանը, սահմանափակվելով, սակայն, ընդամենը մեկ նախադասությամբ. «Լեռնային Ղարաբաղի բնակչուհի Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը քննարկման փուլում է»։
Եվ վերջ. ոչ մի բացատրություն, ոչ մի մեկնաբանություն ու մանրամասներ այն մասին, թե ինչու այդքան երկար ժամանակահատվածում հնարավոր չեղավ լուծել մահացած կնոջ մարմինը հուղարկավորելու համար իր զավակներին փոխանցելու խնդիրը: Ընդգծենք, որ խոսքը չի վերաբերում անգամ նրա մահվան իրական պատճառները պարզելուն և այն պայմաններին, որոնցում պահվել է Աղասյանը Արցախի բռնազավթումից հետո։ Ոչ, խոսքը միայն միջազգային մասնագիտացված կազմակերպության՝ ԿԽՄԿ-ի օգնությամբ դին տեղափոխելու մասին է։
Այն, որ փաշինյանական ռեժիմը խորապես անտարբեր է՝ կթաղվի արդյոք Վերա Աղասյանը թշնամու փորած անհայտ գերեզմանում, թե նրա երեխաները հնարավորություն կունենան արժանապատվորեն հողին հանձնել մոր աճյունը Հայաստանում, կասկածից վեր է։ Եթե իշխանությունները գաղթից մեկուկես տարի անց այսքան ստոր ու ցինիկ վերաբերմունք են ցուցաբերում ողջ արցախցիների նկատմամբ, ապա մահացած կինը, բնականաբար, նրանց ընդհանրապես չի հետաքրքրում։
Բայց արդյոք ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես պնդում են Բաքվում։ Հնարավո՞ր է, որ այնտեղից ինչ-որ բան են պահանջում դրա դիմաց, իսկ Երևանում չեն ցանկանում խոսել այդ մասին՝ հրաժարվելով խելամիտ բացատրություն տալ այս արտառոց իրավիճակին։ Եվ սեփական լռությամբ գերազանց հնարավորություն ընձեռելով ցեղասպան պետությանը պարծենալու իր «մարդասիրությամբ» և «միջազգային իրավունքին հավատարմությամբ»:
Թե՞ ողջ խնդիրը տարրական անձեռնհասությունն է, «ընդամենը» դին տեղափոխելու համար ինչ-որ բան ձեռնարկելու դժկամությունը և հարցը պարզապես «թաղելու» (ներողություն եմ խնդրում մռայլ բառախաղի համար) ձգտումը։
Եվ վերջինը։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվում համաձայնեցնել այդպիսի, մեծ հաշվով, ոչ բարդ հարցը, ապա ինչպե՞ս են նրանք մտադիր լուծել գլոբալ բնույթի խնդիրների այն հսկայական կույտը, որն իբր «համաձայնեցված է» տխրահռչակ «խաղաղության համաձայնագրում»։