Պեսկով․ Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, սակայն այցի ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հրավեր կա, և ՌԴ նախագահը երախտագիտությամբ ընդունել է այն: Սակայն այցի ժամկետները դեռ չեն համաձայնեցվել դիվանագիտական խողովակներով»,– ասել է նա լրագրողներին:

Պեսկովը նաև ընդգծել է, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ցույցերը չեն կարող առիթ հանդիսանալ Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի համար:

«Ոչ, դա չի կարող և չի լինի հեռախոսազրույցի առիթ։ Դա Թուրքիայի ինքնիշխան գործն է», – նշել է նա։

Հիշեցնենք` մարտի 19-ին հայտնի դարձավ, որ ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:

Իմամօղլուի և քրեական գործով անցնող մյուսների ձերբակալման լայնածավալ գործողությանը զուգահեռ իշխանությունները մարտի 19-23-ը Ստամբուլում հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել: Քաղաքի որոշ փողոցներ փակվել են, մետրոպոլիտենի մի քանի գծեր դադարեցրել են աշխատանքը, ամբողջ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը:

Այս իրադարձությունների ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10%-ով՝ առաջին անգամ գերազանցելով 41 լիրայի նշագիծը։ Ստամբուլի BIST 100 բորսայի հիմնական ցուցիչը առուվաճառքի բացման ժամանակ նվազել է 6,87%-ով։

Sputnik Արմենիա