ԱՆՆԱԽԱԴԵՊ Է. ԻՆՔՆԱՆՎԱՍՏԱՑՈՒՄԸ ՝ ՈՐՊԵՍ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՌՋԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ
Անցած շաբաթ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա այցը Հայաստան բուռն արձագանք հարուցեց միանգամից մի քանի առումներով: Նախ՝ նրանց հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունների համատեքստում, այնուհետ՝ Երևանը իբրև թուրքական քաղաք ներկայացրած CNN Turk-ի լրատվական բաժնի խմբագրի հեռուստառեպորտաժի, և վերջապես՝ այն հաղորդագրության, որ այցը ֆինանսավորվել է Հայաստանի պետբյուջեի միջոցների հաշվին։
Հիշեցնեմ, որ ֆինանսական բաղադրիչի վերաբերյալ տվյալները տրամադրվեցին պաշտոնապես՝ վարչապետի աշխատակազմի մակարդակով։ Տեղեկացվեց, որ ուղևորության վրա ՀՀ պետական բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 7 550 280 դրամ, որ հյուրերն ապրել են Երևանի լավագույն հյուրանոցում՝ «Արմենիա Մարիոթ»-ում, և որ գործուղման կամ որևէ այլ վճարներ չեն արվել:
Եվս մի քանի օր անց ի հայտ եկան նոր մանրամասներ, այս անգամ՝ որպես պաշտոնական պատասխան Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը։ Պարզվեց, որ 2 մլն դրամից քիչ ավելին ծախսվել է ավիաչվերթների, 260 հազարը՝ Հայաստանում տրանսպորտային ծախսերի, 2,3 մլն-ը՝ հյուրանոցի, 1,8 մլն-ը՝ սննդի, և 1 մլն-ից քիչ ավելին՝ «փորձագիտական քննարկման» համար դահլիճի և տեխնիկայի երկօրյա վարձակալության վրա։ Ներկայացվեցին նաև այլ հետաքրքիր տվյալներ։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան հետաքրքիր գրառում է կատարել, որն արժե ներկայացնել գրեթե ամբողջությամբ:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այսօր ուշագրավ փաստաթղթեր է հրապարկել օրերս մեծ աղմուկ հանած թուրք լրագրողների՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Ու այսպես. պարզվում է՝
-բազմամիլիոնանոց ծախսերով այցը նախատեսվել է դեռ 2024 թ.-ի դեկտեմբերին, պետական ֆինանսավորմամբ գործող Օրբելի կենտրոնի միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Սակայն այդպես էլ այն չի կայացել, ու թուրք լրագրողները չեն ժամանել։
-Հրավերներում խոսք չի եղել հատուկ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց կազմակերպելու մասին, այլ ընդհանրական պաշտոնյաների հետ հանդիպումների մասին է խոսք գնացել։
-Թերևս թուրքական կողմին չի հետաքրքրել Հայաստանի ներքին լսարանին կերակրող ինչ-որ ձևական հավաքին մասնակցելը։ Նրանց թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանը ու հատկապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դրա քաղաքական բովանդակության հարցում պաշտոնական Երևանից ուրացման հայտարարություն կորզելը, որն էլ ի վերջո օրերս ստացան։
Հիմա այդ այցի ու լուսաբանման աննախադեպության հարցով, որի մասին մի քանի օր խոսում են կառավարության ներկայացուցիչները։ Իրոք այն աննախադեպ է եղել, բայց այլ պատճառներով.
-ՀՀ անկախ պետականության պատմության մեջ չի եղել երկրորդ նման դեպք, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան, հարկատուների հաշվին պտտվեն, ապրեն Երևանի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, ու հետո էլ ծաղրեն Հայաստանը։ Անգամ 2009-2014 թվականների ֆուտբոլային դիվանագիտության օրերին, երբ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը անհամեմատ մեծ էր, Երևանում իշխանական աշխատասենյակներում որևէ մեկի մտքով չանցավ հայ հարկատուների հաշվին թուրք լրագրողներ հրավիրել։
-Աննախադեպ է, որ թուրք հայտնի հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հարցազրույց վերցնի ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից ու դրանից հետո նրան ծաղրի՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարի արտահայտությունները։
-Իշխանությունները հպարտանում են, թե այդքան մեծ ծավալի հոդված չի տպագրվել Հայաստանի մասին։ Իրենց անգիտության հետևանքն է այս պնդումը։ Հիշատակածս ֆուտբոլային դիվանագիտության օրերին ծովածավալ էին այդ հրապարկումները։
-2000-ականներին, հատկապես Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցի օրերին, աշխարհի տարբեր խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունման տարիներին անպակաս էին այդ հրապարկումները։ Բայց մի մեծ տարբերություն. այդ շրջանում հոդվածները վերնագրվում էին՝ «Հայկական ցունամի», ու աղմուկը այն մասին էր, թե Թուրքիան չի կարողանում դիմագրավել հայկական ճնշումներին միջազգային հարթակներում, հիմա արդեն նրանք խոսում են ադրբեջանցիների Երևան վերադառնալու անհրաժեշտության մասին։
-Հայաստանի իշխանական այս աննախադեպության սիրահարները թերևս իրական կրթվելու կարիք ունեն, որ տեղեկանան՝ առանց ՀՀ բյուջեի գումարների, հրավերների, խնդրագրերի Հայաստանում այն տարիներին այցերով են եղել թուրքական մասս-մեդիայի ամենախոշոր ներկայացուցիչները՝ Մահմեդ Ալի Բիրանդը, Սամի Քոհենը, Յալըմ Էրալփը, Ջան Դյունդարը, CNN Turk հեռուստաընկերության այն օրերի գլխավոր խմբագիր Ֆերհաթ Բորաթավը, որն, ի տարբերություն իր ներկայիս պաշտոնակցի, անպարկեշտ չի պահել իրեն Հայաստանի նկատմամբ։
Այսպիսի տարբերություն այս իշխանությունների «իրական Հայաստանի» ու իրոք իրական Հայաստանի միջև»,- եզրափակում է Մանուկյանը։
Այցը կազմակերպած ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի տեղեկատվության կենտրոնի տնօրենը հայտարարեց, թե հրավերի նպատակն էր «Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները»: Դե ինչ, խմբում ընդգրկված CNN Turk-ի խմբագիրը, որի մասին գրում է Գեղամ Մանուկյանը, լավագույնս արտացոլեց այդ նպատակը։
Վերադառնալուց հետո նա ռեպորտաժ պատրաստեց, որում Հայաստանը ներկայացրեց խիստ բացասական լույսի ներքո՝ տարածելով բացահայտ ապատեղեկատվություն։ Ավելին, նա հայտարարեց, թե Երևանը Թուրքական կայսրության քաղաքներից մեկն է եղել, իսկ որպես «ապացույց» ներկայացրեց իրանական մզկիթն իբրև թուրքական։
Թեպետ, իսկ ո՞վ ասաց, թե հենց դրան չէր ցանկանում հասնել ինքը՝ Նիկոլը, որն ընդունեց թուրքերին ու պատասխանեց նրանց հարցերին։ Եվ ընդ որում հաճույքով բավարարեց նրանց գլխավոր նպատակը. «առաջին ձեռքից» ստանալ պաշտոնական հավաստիացում առ այն, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը չէ (իմա ՝ ընդհանրապես չկա օրակարգում)։
Հաշվի առնելով այն կատարյալ աննորմալ ակնածանքը, կարելի է ասել՝ պատկառանքը, որ ակնհայտորեն տածում է սույն սուբյեկտը Հայոց ցեղասպանությունն իրականացրած և Հայաստանն ու տարածաշրջանում հայկական ներկայությունը ոչնչացնելու իր դարավոր ծրագրի իրականացումը շարունակող ազգի ներկայացուցիչների նկատմամբ, հնարավոր է բացարձակապես ամեն ինչ։ Այդ թվում՝ ենթադրություն, որ Նիկոլը տառապում է նաև ինքնօրինակ մազոխիզմով՝ մշտապես անհրաժեշտություն զգալով անձամբ նվաստացված լինելու հենց թուրքերի կողմից։
Մարդ, որը չգիտի և անկարող է հասկանալ, թե ինչ է ազգային և անձնական արժանապատվությունը, ինչ է պատիվը: Մարդ, որն անթաքույց, և ավելին՝ ամեն կերպ գովազդվող էյֆորիայի մեջ է ընկնում թշնամի պետության առաջնորդի ներկայությամբ, ակնհայտ էքստազով համակվելով նրա առջև ինքնանվաստացումից և պատրաստ կրկին ու կրկին նվաստացնել մի ամբողջ ազգի:..
Հնարավոր է, որ մենք գործ ունենք այն դեպքի հետ, երբ անհրաժեշտ է հոգեբույժ և մարդաբան մասնագետների գնահատականը, քանզի այստեղ առկա է ոչ միայն իշխանության ղեկին մնալու ամենակուլ ձգտումը։ Ինչպեսև նորմալ մարդու տեսանկյունից թուրքերի անբացատրելի, վայրի դաժանության և անմարդկայնության մարդաբանական պատճառների հարցում, ակներև են նմանատիպ շեղման նշանները, բայց արդեն թուրքերի հանդեպ Փաշինյանի ինչ-որ ինքնամոռաց, կատաղի ու անվերահսկելի խոնարհման և նրանց առջև ինքնանվաստացման մշտական պահանջմունքի առումով։
Թուրք լրագրողների այցն ու դրա հետ կապված բոլոր մանրամասները դրա համոզիչ ապացույցներից մեկն են։