Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԹԱԾԱԿԻ

Հայաստանում իշխող քաղաքական թիմը պարբերաբար մեղադրում է ՀԱՊԿ-ին իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։ Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում Փաշինյանը կրկին արեց դա. ճիշտ է, այս անգամ ավելի զուսպ արտահայտություններով և ավելի մեղմ տոնայնությամբ: Առանց սրտակեղեք հիստերիաների:

Մինչդեռ, չնայած պաշտոնական Երեվանի բոլոր քմայքներին, ՀԱՊԿ-ը շարունակում է դիտարկել Հայաստանին որպես լիիրավ անդամ՝ կազմակերպության դրանից բխող բոլոր պարտավորություններով: Օրերս Մարիա Զախարովան նշեց, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորություններին անվտանգության հարցերում, ինչպես երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի ձևաչափով:

Որքա՞ն հեռուն կգնա Երևանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզման հարցում։ Մտադի՞ր է արդյոք Փաշինյանը շարունակել առճակատումը Մոսկվայի հետ։ Այս հարցի պատասխանն այնքան էլ բարդ չէ. ինչ էլ որ ասի Փաշինյանն այն մասին, թե հարևանների հետ խաղաղ գոյակցումը խաղաղության գլխավոր երաշխիքն է, միևնույնն է. իրականում, ոչ թե հարցազրույցում, այլ մեղսավոր հողի վրա հայ-թուրքական սահմանը հսկում են ՀԱՊԿ առաջատար երկրի՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։ Եվ քիչ այն կողմ էլ, ոչ շատ հեռվում ռուսական 102-րդ ռազմաբազան է։ Եվ պետք է բացարձակ նիկոլ լինես, որ չհասկանաս, թե ով է իրականում Հայաստանի անվտանգության երաշխավորն առ այսօր։ Չէ, տարբեր հարցազրույցներում կարելի է, իհարկե, էշի տեղ դնել իրեն, բայց իրականությունը դրանից չի փոխվում։

Եթե է՛լ ավելի խորամուխ լինենք, ապա պիտի փաստենք, որ խաղաղության գլխավոր երաշխավորը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ողջ մոլորակում այսօր Ռուսաստանի և ԱՄՆառաջնորդների երկխոսությունն է։ Եվ քանի դեռ այդ երկխոսությունն ընթանում է դրական հունով, դժվար թե աշխարհում որևէ մեկը համարձակվի արկածախնդիր քայլերով մարտահրավեր նետել երկու գերտերություններին, նրանց համատեղ հարվածի տակ դնելով իրեն՝ ինչպես բառացի, այնպես էլ փոխաբերական իմաստով։

Վերադառնալով Հայաստանում գործող իշխող թիմի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունների պատմությանը՝ հիշեցնենք, որ Փաշինյանը կազմակերպության հանդեպ ջերմ զգացմունքներ չի տածել երբեք։ Ընդդիմության շարքերում եղած ժամանակ նա քննադատում էր անդամակցումը կառույցին, իսկ գալով իշխանության՝ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցեց քրեական գործ, որը հետո փուչիկի պես պայթեց... Ճիշտ է, հիմա այդ փուչիկը նորից փորձում են փքել, բայց քիչ հիմքեր կան ենթադրելու, թե դրանից ինչ-որ բան կստացվի։

Դե, իսկ 2022-ի հոկտեմբերին, այն պատրվակով, որ ՀԱՊԿ-ը դատապարտող քաղաքական հայտարարությամբ հանդես չեկավ 2022-ի սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանի վրա Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից հետո, Փաշինյանը սառեցրեց հարաբերություններն այդ կառույցի հետ։ Առանձնապես չմտահոգվելով, որ հերթական ցավոտ հարվածն է հասցնում ինչպես կազմակերպության, այնպես էլ բուն Ռուսաստանի հեղինակությանը։ Վերջինիս համար ոչ այնքան թեթև այն ժամանակներում:

Բայց պետք է հասկանալ, որ դա արվեց Բայդենի վարչակազմի օրոք՝ ռուս-ամերիկյան հակասությունների ամենաթեժ պահին։ Նման դիրքորոշման դիմաց Փաշինյանը շռայլորեն պարգևատրվեց եվրոպացի խորհրդարանականների ծափահարություններով և Հայաստանի բյուջե դրամական ներարկումների սին խոստումներով։

Ավելի կարևոր է, որ ի պատասխան այդ կերպ ինքնահաստատվող Փաշինյանի պոչ խաղացնելուն՝ Մոսկվան իրեն զուսպ պահեց, հասկանալով ինչպես օրվա կոնյունկտուրան, այնպես էլ դաշնակից Հայաստանի հասարակ քաղաքացիների և հանրապետության իշխանությունների շահերի տարբերությունը։ Ի պատասխան Փաշինյանի վարած քաղաքականության՝ Մոսկվան ընդլայնեց հանրապետությունում իրականացվող հումանիտար ծրագրերի ծավալները։ Իսկ երկկողմ հարաբերությունների քաղաքական մասնահատվածում Մոսկվան պարբերաբար ընդգծել է ընդհուպ մինչև մեր օրեր, երբ այդ մասին հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020-2021 թվականների բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են և արդիական

Այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սաստիկ փոխվել է։ Ռուսաստանն ու ԱՄՆակտիվ և արդյունավետ երկխոսություն են վարում՝ ուղղված աշխարհում ընդհանուր բախումնայնության նվազեցմանը։ Բայդենամետ հայ արևմտականները պատեպատ են տալիս իրենց՝ հասկանալով, որ շատ փոքր է հավանականությունը, թե Փաշինյանը կշարունակի բացահայտ հակառուսական ուղեգիծը։ Այնուամենայնիվ քաղաքական քթածակ նա ունի և ժամանակի ընթացքում զարգանում է։ Ցավոք, դանդաղ է զարգանում, բազմաթիվ կորուստների հաշվին։