Խոզնավարում տանիքներից փամփուշտներ են հավաքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանական դրոշը իրենց դիտակետի վրա է, հենց այդտեղից են կրակում գյուղի վրա. շատ վատ, անհանգիստ վիճակ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի Խոզնավար գոյւղի բնակչուհիներից մեկը:
«Պատրոնը եկել, հասել է մեր դռան մոտ, երկու օր առաջ գիշերն են կրակել: Երկու տղաս զինվորական են, մեր սարերն են պաշտպանում, մենք էլ այստեղ թիրախում ենք: Բա եթե թուրքը մեր պոստերին կրակեց, սաղ մեր գյուղի ջահելությունն է, ի՞նչ պիտի լինի նրանց վիճակը, մենք ունենք մակապարտեզ, ունենք դպրոց:
Մենք Հայաստանում տեր չունենք, որ մերոնք սաղ հրապարակում խոսող են, ոչ մեկը ոչ մի բան չի անում, ոչ մեկը մատը մատին չի տալիս: Կրակում են սահմանված ժամին, իսկ ցերեկը նկարահանում են, տեսնում են՝ ով է գալիս, ով է գնում:
Թող եվրադիտորդներն էլ, Կարմիր խաչն էլ, լրագրողներն էլ, գան մի գիշեր մնան գյուղում, մենք պայմաններ կտանք, որ տեսնեն, թե թուրքն ինչ է անում: Մեր պաշտպաններին միգուցե պոստը վերացնում են, մենք այստեղ այս ձորում ո՞նց ապրենք: Գիշերը արթուն ենք անցկացնում, վախից տնից դուրս չենք գալիս: Տղաս Իշխանասարն է պաշտպանում, մենք էլ էստեղ վտանգի տակ ենք»,-ասաց նա:
Գյուղի մեկ այլ բնակչուհի էլ նշեց, որ փամփուշտ են գտել խանութի մոտ, գազատարի խողովակի մոտ, էլի տարբեր տեղեր. «Վնասներ չկա, ուղղակի կրակոցների ձայներն ենք լսում դեպի գյուղի ուղղությամբ: Ասում են՝ գյուղի վրա չեն կրկում, բա փամփուշտներն ի՞նչ գործ ունեն գյուղամեջում, տանիքների վրա:
Այս գիշեր երկու անգամ են կրակել: Միշտ մի պոստից էին կրակում, այս գիշեր հակառակ դիրքից էլ էին կրակում»,-ասաց նա:
Մի երիտասարդ աղջիկ էլ ձայնագրել էր գիշերային կրակոցների ձայները, որտեղ լսվում է, թե ինչպես է փափուշտը դիպչում հարևանի տանիքին. «Ասում են՝ այդ ամեն ինչը սուտ է, ես նկարեցի, որ ցույց տամ, որ դա ճիշտ է։ Ճիշտ է, ինտենսիվ կրակ չկա ու մեր պոստերի վրա չեն կրակում, բայց օդ են կրակում ու ուղղությունը դեպի գյուղն է»:
Խոզնավար վարչական շրջանի ղեկավար Վահան Զաքյանն էլ նշեց, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է, որ կրակում են. «Այնպես չի, որ ժողովրդի վրա, շենքերի վրա կրակել են: Կարող է՝ բարձր կրակել են, եկել էստեղ է ընկել, որովհետև տանիք չի ծակել»:
Հարցին՝ այս իրավիճակը չի՞ անհանգստացնում իրենց, Զաքյանն ասաց. «Դե ընտանիքներում երեխաներ կան, մարդիկ վախենում են, բայց համայնքի ղեկավարը ի՞նչ անի: Գյուղի տղամարդիկ բոլորը տեղում են, ամեն պահի պատրաստ են, գյուղից շարժ չկա, ոչ մեկը չի տեղափոխվել այստեղից: Ամեն մարդ իր առօրյայով ապրում է»:
Խոզնավարցի մի գյուղացի էլ ասում է, որ չեն անհանգստանում, սովորել են. «Չգիտեմ՝ ինչի են կրակում, երևի վախից են կրակում: մեկ է՝ մենք ստեղից չենք գնալու, արխային»:
Խոզնավարցի մի այլ տղամարդ էլ նշեց, որ ինքը եվրադիտորդներին էլ է հարցրել, թե որն է պատճառը, որ կրակում են, հստակ պատասխան չեն տվել: հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի կառավարությունից, տղամարդը պատասխանեց. «Մենք ուզում ենք՝ խաղաղություն լինի,: Բնակվելով այս սահմանապահ գյուղում, մենք միշտ էլ պայքարել ենք և պայքարում ենք, այստեղից ոչ մի տեղ էլ չենք գնա»: