Ադրբեջանում հայ բանտարկյալների դաջվածքները փորձում են այրելով ջնջել. USCIRF-ի զեկույցը

Ադրբեջանում հայ բանտարկյալները բռնության են ենթարկվում կրոնական հիմքով։ Այս մասին նշված է ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) հրապարակած զեկույցում։

Նշվում է, որ թեպետ Ադրբեջանի Սահմանադրությունը կրոնի ազատություն է երաշխավորում, սակայն կա պետական վերահսկողություն, որը ճնշում է կրոնի ազատությունը։ Մատնանշվում են երկրում կրոնական ազատության աղաղակող խախտումներ, ինչպես, օրինակ, կրոնական գործիչների փաստագրված խոշտանգումներ, ներառյալ՝ ծեծ, բռնաբարության սպառնալիքներ և սարսափելի պայմաններում կալանք։

«Հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով»,– ասված է զեկույցում։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման թեմային։

Նշվում է, որ Caucasus Heritage Watch (CHW)-ն արբանյակային փաստագրումներ է տրամադրել ԼՂ–ում վտանգված կրոնական վայրերի վերաբերյալ:

2024 թվականի հունիսին CHW-ն հայտնել է հայկական կրոնական վայրերի, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցու, երկու գերեզմանների և այլ հուշարձանների ոչնչացման մասին:

Ամերիկյան «Freedom House» ոչ կառավարական կազմակերպությունն էլ նշել է, որ 2020 և 2023 թվականներին ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ հայ բնակչությունից և պատմական, մշակութային ներկայությունից դատարկելու համապարփակ ռազմավարություն։ Ադրբեջանի այս գործողությունները կազմակերպությունն անվանել է կրոնական հանցագործություններ, նաև օգտագործել «ռազմական հանցագործություն» ձևակերպումը:

USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, թույլ տալ, որ անկախ միջազգային դիտորդները, օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար: Կառույցը նաև առաջարկել է լսումներ անցկացնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Sputnik Արմենիա