Սահրատ ՊԵՏՐՈՍՅԱՆ․ ՄԵՆՔ ՖԱՆՏԱՍՏԻԿ ՔԱՂԱՔ ԵՆՔ ԺԱՌԱՆԳԵԼ, ԲԱՅՑ ՍԽԱԼՆԵՐ ԵՆՔ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ ԵՎ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԴԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք ժառանգել ենք ֆանտաստիկ քաղաք, և այն դեռ նույն ֆանտաստիկ քաղաքն է, բայց մենք սխալներ ենք թույլ տվել՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 30 տարվա ընթացքում շարունակելով վատթարացնել մայրաքաղաքի վիճակը։

Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սահրատ Պետրոսյանը։

 

Քաղաքի հատակագծմամբ միայն շինարարները չպետք է զբաղվեն

100%-անոց առողջ քաղաքային միջավայր չկա, և յուրաքանչյուր քաղաք սեփական խնդիրներն ունի։ Երևանը միջանկյալ վիճակում է: Սակայն մենք ժառանգեցինք մի քաղաք, որն անցյալում շատ ավելի առողջ էր, քան ներկայում:

Ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի՝ այսօր պետությունը քաղաքաշինություն հասկացությունը միայն որպես կառուցապատում է ընկալում։

Հետխորհրդային շրջանում, ցավոք, չձևավորվեց ըմբռնումը, թե քաղաքային կառավարում՝ քաղաքի հատակագծում կազմակերպելու համար ինչ տեխնոլոգիաներ, ինչ գործիքակազմ է անհրաժեշտ։

Դա նշանակում է՝ ոչ թե քաղաք ես կառուցում, այլ՝ հատակագծում, զարգացման ուղիներ գծում և կառավարում այս գործընթացը։

Ներկա Պետպլանը մշակվել է 6 ամսում, թեև մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի դեպքում անհնար է այդքան սեղմ ժամանակահատվածում լուրջ փաստաթուղթ մշակելը։

Հետո էլ դրանով պետք է զբաղվեն նաև տնտեսագետները, մշակույթի ոլորտի մասնագետները, սոցիոլոգները, որոնք պետք է ուսումնասիրեն հասարակության տրամադրություններն ու այդ կտրվածքով լուծումներ առաջարկեն։

Ընդսմին, մենք քաղաքային կառավարման ճարտարագետներ, տրանսպորտի և մյուս ենթակառուցվածքների կազմակերպման ոլորտի մասնագետներ չունենք։ Բացի դրանից, այսօր աշխարհում զարգացման ամբողջ հռետորաբանությունն իրականացվում է բնապահպանության լույսի ներքո։

Այս հարցերում թերացումները հանգեցնում են նրան, որ քաղաքային հարմարավետ կյանքի հատակագծման համակարգային խնդիրները չեն լուծվում։

Կանաչ գոտիների և տրանսպորտի զարգացումը

Կասկադի վերակառուցման ծրագրի շրջանակում պետությունն ասում է, թե այն ավարտին հասցնելու, ներառյալ՝ համերգասրահի կառուցման համար դրամական միջոցներ չունի։

Իսկ ո՞վ ասաց, թե Երևանին նոր համերգասրահ է պետք։ Երևանյան բեմերն այնքան լեփ-լեցուն են, որ արդեն սկսել ենք նորի մասի՞ն մտմտալ: Ո՞վ է կառավարելու այդ դահլիճը։

Բացի դրանից, այդ համերգասրահ ենթադրաբար այցելող 2000-3000 մարդու ավտոմեքենաների կայանման խնդիր է ծագելու: Նպատակահարմա՞ր է արդյոք 150 միլիոն դոլարի ներդրում անելը՝ հաշվի առնելով, որ Օպերայի և բալետի թատրոնի դահլիճը և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վերանորոգման կարիք ունեն։

Կանաչ գոտին, որն ապագայում մեզ և մեր երեխաներին պիտի մաքուր օդ ապահովի, վաճառում ենք և տրամադրում կառուցապատման նպատակներով, ինչ է թե՝ բավարարենք քաղաքի կենտրոնում համերգասրահ կառուցել ցանկացող ոմն անձի քմահաճույքը։

Քննարկումը պետք է սկսել սոցիալական, այլ ոչ թե ճարտարապետական բաղկացուցիչից, այսինքն՝ բանավեճը պետք է ներառական լինի։

Վերջին 5-6 տարում քաղաքի ամենալուրջ խնդիրներից մեկը դեռևս շինարարական աշխատանքների անխոհեմ վիթխարի ծավալներն են։

Լուծումներ չեն երևում, քանի որ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի համակարգի չեղարկումն ընդամենը շինարարությունը Երևանի արվարձաններ է տեղափոխել։

Համակարգային մոտեցման հարցը կարելի է միաժամանակ փոխադրել տրանսպորտի թեմայի վրա, քանի որ կառավարումն իրականացվում է մեկ կամ երկու հոգուց կախված սիրողական մակարդակով:

Քաղաքի պարագայում սխալ որոշումները կարող են անդառնալի լինել

Երևանի իշխանություններն անհասկանալի տվյալների և անհասկանալի տրամաբանության վրա հիմնված տրանսպորտային ռեֆորմ են իրականացնում։

Ամբողջ պետական ​​համակարգը տոգորվել է այդ պարզունակ ռեֆորմի իրականացմամբ, բայց ի վիճակի չէ, թեև լուծումները բավականին պարզ են, և աշխարհի հազարավոր քաղաքներ արդեն անցել են դրա միջով։

Երևանում չեն կարող այս ճանապարհով ընթանալ և չեն ուզում ընդունել, որ չեն կարող։

Ինչ վերաբերում է համակարգային խնդիրներին՝ խոշոր քաղաքների համար դրանք բնապահպանական, ինչպես նաև շարժունության խնդիրների են հանգում։

Երկու պարագայում էլ Երևանը սխալ ուղղությամբ է ընթանում։ Այսօր իշխանությունների իրականացրած տրանսպորտային ռեֆորմները շարժունության արդիական պահանջների հետ որևէ առնչություն չունեն։

Երևանը թղթի վրա բավականաչափ կանաչ գոտիներ ունի, մինչդեռ որակական տեսանկյունից լրջագույն խնդիրներ կան։

Կանաչ գոտիները պատշաճ կերպով չեն խնամվում, քանի որ կառավարման ունակությունները բացակայում են, գոյութուն ունի ոռոգման խնդիր, և այդ հարցերը գիտական ռելսերի վրա դրված չեն:

Անարդյունավետ կառավարման արդյունքում ի հայտ եկած բոլոր խնդիրները լուծելու համար ապագայում ստիպված ենք լինելու բավական թանկ վճարել։

Չի կարելի ամեն ինչի հաշվին փող աշխատել

Խնդիրները լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ամեն ինչի հաշվին փող չաշխատելու պատրաստակամություն, տեղի կադրային ռեսուրսների ներուժը հաշվեգրելու և այսօր Հայաստանում բացակայող մասնագետներին հրավիրելու քաղաքական կամք։

Չի կարելի ձգտել ամեն գնով փող վաստակել, հենց այս պահին ցույց տալ արդյունքներ և ձև անել, թե աշխատանքը եռում է:

Միանգամայն բնական է, որ Հայաստանում մասնագետների պակաս կա՝ հաշվի առնելով կրթության ոլորտի վիճակը։

Պետք է իրականացնել կուռ նախագծեր և փորձարկել փորձագետների առաջարկած լուծումները։ Պետք չէ հեծանիվ հայտնաբերել։ Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տեղական առանձնահատկությունները:

Դրա համար անհրաժեշտ է սերտորեն հաղորդակցվել հասարակության հետ, քանի որ եթե հասարակությունը համակարծիք չլինի առաջարկվող ռեֆորմին, այն արդյունավետ չի լինի։

Երևանի կենտրոնի որոշակի հատվածներում պետք է արգելել ավտոմեքենա կայանելը՝ ստեղծելով այլընտրանք, մասնավորապես՝ բնականոն տրանսպորտային համակարգեր և հեծանվային ուղիներ։

Հայաստանում 21-րդ դարում զարգացած հեծանվային ճանապարհային համակարգ չկա, և դա անհեթեթություն է, թեև իշխանությունները ակտիվորեն քարոզում են հեծանիվ քշելը։

Էլ չենք խոսում ձայնային ապականության, լուսավորության խնդրի, բակերում կայանատեղիների ու ուղեփակոցների, սրճարանների սեփականատերերի կողմից մայթերի գրավման, հորդառատ անձրևներից հետո կոյուղիներում առաջացած խնդիրների մասին։

Ամոթ է, որ կեղտաջրերն առանց մաքրման թափվում են Հրազդան գետ, և այդ ջուրն օգտագործվում է Արարատյան դաշտի ցանքատարածությունների ոռոգման համար, և արդյունքում մենք կեղտաջրերով ոռոգված լոլիկ ենք ուտում։ Դա հանցագործություն է։

Ընդ որում, տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր վերաբերմունք է դրսևորվում: 2018 թվականից հետո կարծում էինք, որ տարբերակված մոտեցում (ջոկողություն) այլևս չի լինի, բայց պարզվեց, որ դա այդպես չէ։

Քաղաքային կառավարման գործում խնդիրների լուծման գլխավոր խոչընդոտը մասնագիտական ​​մոտեցման հանդեպ պատրաստակամության և քաղաքական կամքի բացակայությունն է։

News.am