ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

2023թ. մարտի 29-ից սկսվեց ադրբեջանցի զավթիչների հերթական առաջխաղացումը դեպի հայկական տարածքի խորք՝ հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում։ Իշխանությունները թաքցնում էին այդ փաստը, մինչև որ ապրիլի 10-ի գիշերը ադրբեջանցի դիվերսանտները հայտնվեցին Սիսիանում՝ ներթափանցելով Բնունիս համայնքի բնակիչների տներ։ Ապրիլի 11-ին գնդակոծվեցին հայկական դիրքերը Սոթքի մոտակայքում, Տեղ գյուղի մոտ ադրբեջանցիները սպանեցին 4 հայ զինվորի, 6-ը վիրավորվեցին, այդ թվում՝ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ներկայումս բռնազավթված է Ներքին Հանդ համայնքի տարածքի մի մասը՝ Վերին Հանդը։

Օրերս Ներքին Հանդից հաղորդագրություն ստացվեց, որ ադրբեջանցի զավթիչները քանդել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը: Վարչական միավորի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը հաստատեց, որ հուշարձանի տարածքում ադրբեջանցիները սկսել են զորանոց կառուցել:

Բազմիցս հաղորդվել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո զավթիչներն ընդարձակվեցին բոլոր 5 ուղղություններով՝ Գորիս, Կապան, Սոթք, Ջերմուկ, Իշխանասար։ Բռնազավթման արդյունքում Ներքին Հանդի բնակիչները զրկվել են գերեզմանոցում իրենց հարազատների շիրիմներն այցելելու, ինչպես նաև մահացած հարազատներին այնտեղ հողին հանձնելու հնարավորությունից:

Զավթիչները փակել են նաև համայնքը սնուցող խմելու ջրի աղբյուրը, տեղի եկեղեցին նույնպես հայտնվել է օկուպացված տարածքում։ Հիմա էլ ահա բանը հասավ հուշարձանին։ Դատելով նրանից, թե ինչ հաճախականությամբ է Փաշինյանը կրկնում այն թեզը, որ չի պատրաստվում վռնդել զավթիչներին հայկական ինքնիշխան տարածքից, այս ամենը շարունակելի է...

2021 թվականի մայիսի 12-ից, երբ ադրբեջանցի զավթիչներն առանց գեթ մեկ կրակոցի ներխուժեցին Սյունիքի Սև լճի և Իշխանասարի շրջակայք, սկսվեց Հայաստանի սողացող օկուպացիան։ Զավթած տարածքում հերթական զորանոցի կառուցման ընթացքում հուշարձանի ոչնչացումը այդ օկուպացիայի տարրերից լոկ մեկն է։ Հիշեցնեմ, որ ռեժիմի վերնաշերտը երկար ժամանակ ժխտում էր այն փաստը, որ բռնազավթված հայկական տարածքներում ադրբեջանցիները մարտական դիրքեր են կառուցում, ճանապարհներ անցկացնում ծանր զինտեխնիկա տեղափոխելու համար։ Ճշմարտությունը ջրի երես ելավ 2021թ. նոյեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմի ժամանակ, երբ օկուպանտները հայկական բանակի դեմ կիրառեցին ռազմական ողջ զինանոցը՝ բացառությամբ ավիացիայի։ Այդ պատերազմի մասին իշխող վերնաշերտը նախընտրում է չխոսել, չէ որ այդ պատերազմն ընթանում էր Հայաստանի տարածքում։