Գյումրիում նախորդ ընտրությունների համեմատ մասնակցությունը գրեթե կրկնապատկվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախորդ անգամվա ընտրությունների հետ համեմատած այսօր ակտիվությունն անհամեմատ ավելի մեծ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի 31 ընտրատարածքային ընտրական հանձնժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը:

 


«Առավոտվա տվյալներով մասնակցությունը 8100 հոգի էր, այն ժամանակ, ինչքան որ ես հիշում եմ, 4500-ի կարգի էր, մոտ կրկնակի ավելի է։ Ըստ իմ դիտարկումների կամ իմ փորձից ելնելով, սա ամենաակտիվ ժամանակն է՝ ժամը 11:00-ից 14:00-ն: Քանի որ կիրակի օրը աշխատող բնակչությունը տանն են, առավոտներն այդքան չեն գալիս: Հիմա մինչև երեկո ակտիվությունը կամաց կիջնի, բայց մի քիչ ավելի կակտիվանա մինչև փակվելը՝ ժամը 7-8-ը: Այդպես էլ է լինում, որովհետև մարդիկ կան, որ կիրակի էլ են աշխատում, աշխատանքից հետո են գալիս, այդ ժամանակ մի փոքր ակտիվության բարձրացում է լինում»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահի խոսքով, ուրախալի է, որ մասնակցությունը մեծ է. «Ինչքան ավելի շատ բնակչության մասնակցի, այնքան ավելի լեգիտիմություն կհաղորդեն այս ընտրությունների արդյունքներին»:

Հարցին՝ խախտումների մասին որևէ արձանագրություն, բողոք ստացե՞լ են, նա պատասխանեց. «Ահազանգեր, գրավոր դիմումներ դեռ չենք ստացել, ու հավանական է, ընտրություններից հետո այդ ամեն ինչը կլինի: Խախտումները տեղում դիտորդները և վստահված անձինք, եթե նկատում են ինչ-որ մի բան, դա արձանագրվում է գրանցամատյաններում»:

Հիշեցնենք, որ ժամը 14-ի դրությամբ Գյումրիում մասնակցությունը կազմել է 25,255 ընտրող, որը կազմում է ընդհանուր թվի 22.71%-ը։