Երկխոսում են, բայց առանց կոնկրետության. Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի բանակցությունների մասին
Ուկրաինական կարգավորման և երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են, թեև կոնկրետ մանրամասներ դեռևս չեն հայտնել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով` երկու կողմն էլ աշխատում են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված մի շարք նախաձեռնությունների իրականացման վրա։
«Սակայն կոնկրետություն, որը կարող էինք և պետք է հաղորդեինք, դեռ չկա»,- պարզաբանել է Պեսկովը։
Նա նշել է, որ այդ գործընթացը ժամանակ է պահանջում՝ հաշվի առնելով քննարկվող խնդիրների բարդությունը։
Պեսկովը հաստատել է նաև NBC News-ի հաղորդած տեղեկությունը (հղում անելով Սպիտակ տան ղեկավարին), որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է առաջիկայում նոր հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Պուտինի և Թրամփի զրույցն անհրաժեշտության դեպքում կարող է արագ համաձայնեցվել»,- լրագրողներին վստահեցրել է նա։
Միևնույն ժամանակ մամուլի քարտուղարը նշել է, որ այս պահին առաջնորդների միջև գրաֆիկի համաձայն` ծրագրված հեռախոսազանգ նախատեսված չէ։
Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ նախագահ Պուտինը բաց է մնում ԱՄՆ նախագահի հետ շփումների համար, ինչը վկայում է առաջացող խնդիրներին արագ արձագանքելու` կողմերի պատրաստակամության մասին։
«Մենք շարունակում ենք աշխատել ամերիկյան կողմի հետ՝ հատկապես հաշվի առնելով այն հսկայական վնասը, որը հասցվել է երկկողմ հարաբերություններին նախորդ վարչակազմի օրոք», – հավելել է նա։
Հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում համագործակցության հարցի հետ կապված` Պեսկովը նշել է, որ այս պահին համատեղ նախագծերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։
«Պատժամիջոցները շարունակում են գործել, և ամերիկյան ընկերությունների համար սահմանափակումները պահպանվում են», – պարզաբանել է նա։
Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ որոշ ամերիկյան ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում նման նախագծերի նկատմամբ, ինչը, նրա կարծիքով, փոխշահավետ համագործակցության հնարավորություններ է բացում, «նույնիսկ եթե դեռ կոնկրետ պայմանավորվածություններ առկա չեն»։
Sputnik Արմենիա