Արմեն Աշոտյան․ Ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ չի կարող հաղթել Փաշինյանին
Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ չի կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա` բոլոր ընդդիմադիրներն իրենց հակաքարոզչության մեջ, այդ թվում` Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ–ի դեմ, պետք է իրենց չափը պահեին, որպեսզի տեղ ունենային միասնական պայքարի։
«Ընտրություններում մենակով հաղթել հնարավոր չէ, իսկ եթե ակնկալում են աջակցություն, ապա կներեք, երեսատեղ պետք է թողնել։ Իմ համեստ ձայնն եմ միացնում Մարտուն Գրիգորյանից ակնկալիքներ ունեցողներին, որպեսզի մենք Գյումրիում չունենանք ՔՊ–ական քաղաքապետ»,– ասաց նա։
Ինչպես հայտնի է, մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք, որոնցից 5–ը ներկայացուցիչներ կունենան ավագանու կազմում։
Նախնական հաշվարկների համաձայն` ՔՊ–ն (թեկնածուն` Սարիկ Մինասյան) հավաքել է ձայների 36,22 տոկոսը, ՀԿԿ–ն (Վարդան Ղուկասյան)` 20,48%-ը, «Մայր Հայաստանը» (Կարեն Սիմոնյան)` 6,11%-ը, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան)` 15,56 %–ը, «Իմ հզոր համայնքը» (Ռուբեն Մխիթարյան)` 7․87%–ը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքած 36 %–ը թույլ չի տալիս նրան Գյումրու ավագանիում մեծամասնություն կազմել։ Այդ հնարավորությունը չունի քաղաքական ուժերից և ոչ մեկը։ «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։ Եվ հիմա գլխավոր սպասելիքը հնարավոր կոալիցիայի կազմումն է, որը կարող է ձևավորել, եթե համաձայնություն լինի Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև։
Sputnik Արմենիա