Մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք». Քոլոյանը չցանկացավ մեկնաբանել կնոջ գրառումը
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը չի կարդում կնոջ ֆեյսբուքյան գրառումները և ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել դրանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ինքը` Քոլոյանը։
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է Քոլոյանի կնոջ` Շուշան Ղազարյանի գրառումը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է գրել արցախցիների հասցեին։ Ղազարյանը, մասնավորապես գրել է. «Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացըլափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարո՞ղ եք»։
«Ես չեմ մեկնաբանում ուրիշների ստատուսը. մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք»։ Ես բոլորովին հավես չունեմ. Արմեն Քոլոյանի կինն այնքանով է անկախ, որ անկախ է նաև Արմեն Քոլոյանից։ Ես ո՛չ կարդում եմ իմ կնոջ գրածները, ո՛չ էլ ուզում եմ կարդալ, ո՛չ էլ ուզում եմ ինքս դրա շուրջ մտածել։ Սա այն դեպքն է, որ ոչ վերահսկվող, բնական ուժերի հետ ոչ մի առնչություն չունեմ։ Ես ոչ կապ ունեմ, ոչ էլ ուզում եմ կապ ունենալ, ոչ ուզեցել եմ կապ ունենալ, ոչ կարդում եմ։ «Ֆեյսբուք» ես մտնում եմ երևի տարին մի 4 անգամ»,– ընդգծեց Քոլոյանը։
Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ նույնիսկ չգիտի` կինն ինչ է գրել։ Մեր այն դիտարկմանը, որ արցախցիներին է թիրախավորել, նա արձագանքեց. «Գիտեմ, գիտեմ, ինչ–որ մարդիկ նեղացել են, սակայն ես ասում եմ` տեղյակ չեմ` նա ինչ է գրել։ Ես չեմ բացառում, որ ինքը, լինելով շատ ինքնուրույն անձնավորություն, կարող է գրի մի բան, որ մարդկանց դուրը չգա։ Ու ինձ մի ասեք` նա ինչ է գրել, քանի որ չեմ էլ ուզում իմանալ այդ մասին։ Ոչ թե դա ինձ չի հետաքրքրում, այլ ես դա չեմ ուզում իմանալ։ Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո «Ֆեյսբուքն» է»։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ավելացրեց, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքը էլ իրավունք ունի դա չկարդալ։