Պոլսո Հայոց պատրիարքն իր վրդովմունքն է արտահայտել Բոլուի քաղաքապետի հակահայկական խոսքերի վերաբերյալ
Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանը ապրիլի 5-ին սոցիալական հարթակում հակահայկական գրառում է կատարել՝ նշելով. «Աբդուլլահ Օջալան, երանի հայ հայրդ 2 վայրկյան շուտ վերջացներ, ու դու չծնվեիր։ Տա՜ Աստված՝ սա քո վերջին տարեդարձը լինի, դավաճա՛ն․․․»։
Ինչպես հայտնում է Թուրքիայում տպագրվող «Ակօս» հայկական երկլեզու շաբաթաթերթը, Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն իր վրդովմունքն է արտահայտել Օզջանի գրառման վերաբերյալ։
«Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հայկական համայնքը այս երկրի արմատական և անքակտելի մասն է։ Սույն հնամենի ժողովուրդը պատմության ընթացքում մշակութային, տնտեսական և հասարակական կարևոր ներդրումներ է ունեցել այս հողերում, և այսօր էլ նույն վճռականությամբ շարունակում է իր գոյությունը։
Վերջին տարիներին հանրության շրջանում լայնորեն քննարկվող Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի՝ ատելությամբ լի արտահայտությունները, որոնք թիրախավորում են հայկական ինքնությունը, բացահայտ կերպով թիրախ են դարձնում նաև մեր համատեղ անցյալը և միասին ապրելու կամքը։ Նմանատիպ արտահայտությունները ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր չեն նպաստել եղբայրությանը, միասնությանը և հասարակական համերաշխությանը և այսուհետև ևս չեն նպաստելու։
Երբե՛ք չի կարելի անտեսել ատելության խոսքի օրինականացումը, հասարակական հանդարտությունը սպառնալիքի տակ վերցնող հայտարարությունները։
Այդ կապակցությամբ, իրավասու անձանց և հասարակայնությանը կոչ եմ անում ավելի պատասխանատու հայտարարություններով հանդես գալ։ Խստորեն դատապարտում ենք հայկական համայնքը կամ որևէ այլ ազգի ու ժողովրդի թիրախավորող ամեն տեսակի խտրական և արհամարհական խոսքեր։
Համայնքների համատեղ գոյատևելու հիմքը հավասարությունն է, հարգանքը և համընդհանուր արժեքները։ Այդ սկզբունքներին վնաս հասցնող յուրաքանչյուր մոտեցում վիրավորում է ոչ միայն փոքրամասնություններին, այլև՝ համայն հանրությանը»,- հայտարարել է Սահակ Մաշալյանը։
Alpha News