ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵՑ «ՊԱՏԱՍԽԱՆԸ» ՄԱՐՏԱԿԱՆ ԳԵՆԵՐԱԼԻՆ

Գեներալ Մովսես Հակոբյանը մեղադրվում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ 2017թ. ՀՀ և Արցախի զորամասեր մատակարարված ռադիոլոկացիոն կայանքների գնման պայմանագիր կնքելու մեջ: Դրանք շահագործելիս ռուս մասնագետների կարիք է առաջացել, որոնք գալով ՀՀ՝ չեն կարողացել օգնել: Այլ կերպ ասած՝ կայանքները մարտական առաջադրանքների կատարման համար պիտանի չեն եղել, ինչը դրսևորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդպես է նշված մեղադրանքում, որը Հակոբյանը չի ընդունում՝ պարզաբանելով, որ իրեն վերագրվող գործողությունները չեն համապատասխանել իր լիազորություններին։

Մեր կողմից հարկ ենք համարում հիշեցնել, որ նոր մեղադրանքները յուրօրինակ «պատասխան» են. ժամանակին Հակոբյանը հայտարարել էր, որ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ 2018-ին իշխանությունը զավթելուց հետո անմիջապես փոփոխություններ մտցրեց նախկինում հաստատված սպառազինության գնումների պլանում՝ փոխարինելով անհրաժեշտ զինատեսակները ոչ անհրաժեշտով։ Տարիներ անց Փաշինյանը նախաձեռնեց համանման մեղադրանքների առաջադրում

ԳՇ նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի հետապնդումը սկսվեց 2020թ. նոյեմբերի 19-ի նրա ասուլիսից քիչ առաջ, որը նշանավորվեց 44-օրյա պատերազմում պարտության պատճառների սենսացիոն բացահայտումներով: Փաշինյանը գեներալին սկսել էր հետապնդել դեռևս պատերազմի ժամանակ, երբ Հակոբյանին, ի թիվս այլ փորձառու հրամանատարների, հեռացրեցին մարտական գործողությունների ղեկավարումից։ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախ ժամանած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնեմ, խիստ զարմացած էր, տեսնելով, որ փորձառու հրամանատարներին հեռացրել են ղեկավարումից։ Կարծում եմ, այդ հեռացումը պատահական չէր, իսկ Մովսես Հակոբյանի հետապնդումը, հիշեցնեմ, սկսվեց Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպից հետո։

Գեներալն անզգուշություն էր ունեցել ասելու Փաշինյանի կնոջը, որ կողմնակի անձանց ներկայությունը հրամանատարական կետում արգելված է։ Դա ռազմական գործողությունների թեժ պահին էր, երբ տիկին Էրատոն այն ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար գեներալ Սամվել Բաբայանի ուղեկցությամբ եկել էր Ստեփանակերտի հրամանատարական կետ։ Աննան ոչինչ չէր պատասխանել գեներալի խոսքերին, նստել էր մոտ 20 րոպե և հեռացել, որից հետո գեներալը հետ կանչվեց Երևան և, չնայած համառ դիմադրությանը, հեռացվեց մարտական գործողությունների ղեկավարումից անձամբ «գերագույն գլխավոր հրամանատարի» կողմից: Այդպես էր Փաշինյանը հարցեր լուծում պատերազմի ժամանակ

Նոյեմբերի 19-ի ասուլիսից առաջ և հետո Հակոբյանը բազմիցս քննադատել է բանակի վերաբերյալ Փաշինյանի որոշումները։ Նա առարկեց Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելուն, հերքեց Փաշինյանի հայտարարությունը մարտական զինատեսակների թանկարժեք մետաղներից պատրաստված, այսպես կոչված, «պլատաները» գողանալու մասին, իսկ գլխավորը՝ գեներալը, կրկնեմ, մատնանշեց Փաշինյանի անձնական պատասխանատվությունը սպառազինությունների գնման պլանը փոխելու համար, որը հաստատվել էր նախկին իշխանության կողմից։ Հակոբյանը մեղադրեց իշխող վերնաշերտի պարագլխին է այն բանում, որ նա իր ձեռքով փոխարինել է անհրաժեշտ զինատեսակները երկրորդականով։ Հիմա փաշինյանական արդարադատությունը գեներալին է մեղսագրում խոտանված սպառազինություն գնումը։ Մինչ այդ գեներալին մեղադրել էին պետական գաղտնիքի հրապարակման մեջ։

Փակ դռների հետեվում անցկացվող դատավարություններն ընթանում են արդեն մի քանի տարի շարունակ, հիմա նախկին մեղադրանքներին ավելացել են նորերը։ Եվ ինչն է հատկանշական. փորփրելով գեներալի աշխատանքային ողջ կենսագրությունը, ռեժիմին ծառայող քննիչները կառչելու ոչինչ չգտան, ուստի ստիպված էին կենտրոնանալ 2015-2016թթ. իրադարձությունների վրա, որպեսզի Հակոբյանին, որն այն ժամանակ պաշտպանության փոխնախարարն էր նյութատեխնիկական հագեցվածության գծով, մեղադրեն ծառայողական անփութության մեջ։ Ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, ինչպես նշված է մեղադրանքում, անզգուշաբար հանգեցրել է ծանր հետևանքների՝ նյութական վնասի տեսքով:

Վերջերս ազատազրկման դատապարտվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը: Արդեն տևական ժամանակ է, ինչ կալանաած է այդ պաշտոնում նրան հաջորդած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Ալփաշի բարձունքի, Սուլթանլի և Արաքսավան բնակավայրերի մոտ մարտական գործողությունների ընթացքում իր պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքներ են ներկայացվել գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանին, այժմ նոր մեղադրանքների ճնշման տակ է հայտնվել Մովսես Հակոբյանը: Ընդ որում, կրկնեմ, նոր մեղադրանքներ փնտրելու համար ռեժիմին ծառայող քննիչները ստիպված էին վերադառնալ 2015-2016 թթ.։

Մեր եզրակացություններն ամրապնդելու համար նայենք ավելի հեռուն: 1993թ. հուլիսի 21-ին սկսվեց Աղդամի ազատագրման ռազմական գործողությունը գեներալ Վիտալի Բալասանյանի ընդհանուր հրամանատարությամբ: Հակոբյանը ղեկավարում էր հարավ-արևելյան երկու ստորաբաժանումներից մեկը, որոնք Մարտունու պաշտպանական շրջանի տարածքից Աջարլիի ուղղությամբ գրոհ ձեռնարկեցին դեպի օդանավակայան՝ Աղդամ-Աղջաբեդի ճանապարհ, որտեղ պայթեցրեցին հատվածներից մեկը։ Սարիջալիի ուղղությամբ Հակոբյանի հրամանատարությամբ ստորաբաժանման մարտիկները վնասազերծեցին կրակակետերը՝ վերահսկողություն հաստատելով Աղդամի ճանապարհների վրա։ Հակոբյանի ստորաբաժանումը օղակի մեջ առավ հակառակորդին։ Շրջապատելով հյուսիս-արևմտյան, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում՝ նա թիկունքից հարված հասցրեց թշնամու աջ և ձախ թևերին, ստիպելով հեռանալ Աղդամ քաղաքից։ Ռազմական գործողությունն ավարտվեց Պաշտպանության բանակի հաղթանակով:

Այսօր, երբ Ալիևը պահանջում է իրեն հանձնել Արցախյան առաջին ազատամարտի հրամանատարներին, գեներալ Հակոբյանին ներկայացված մեղադրանքները չեն կարող հարցեր չառաջացնել, հատկապես հաշվի առնելով Ալիևի բոլոր պահանջների կատարումը Փաշինյանի կողմից: Բոլոր հրամանատարների դեմ մեղադրանքներ են առաջադրված հիմնականում 44-օրյա պատերազմի առնչությամբ։ Բացառություն է Հակոբյանը, որը Փաշինյանի կողմից հեռացվել է մարտական գործողությունների ղեկավարումից, ուստի նրա դեպքում ստիպված էին վերադառնալ 2015-2016 թվականներ։ Չեմ զարմանա, եթե վաղը Փաշինյանը ձեռնամուխ լինի Ալիևի հիշյալ պահանջի իրագործմանը, իսկ կալանավորվածներին հանձնելը շատ ավելի հեշտ է, քան ազատության մեջ գտնվողներին։ Այս ենթադրությունն ամենևին էլ չափազանցություն չէ. Փաշինյանից սպասելի է ցանկացած ստորություն, չէ որ հենց նա հայտարարեց, թե «պետք է հասկանալ, թե ով է Արցախ գործուղել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին»։

Հիշեցնեմ, որ անցած 7 տարիների ընթացքում քաղաքական բռնաճնշումների են ենթարկել մարտական բոլոր գեներալներին՝ լուսահոգի Մանվել Գրիգորյանից մինչև գեներալ Սեյրան Օհանյան: Բացառություն կազմեց միայն գեներալ Կամո Վարդանյանը, որին շատերը համարում են Արցախի հանձնման գլխավոր մեղավոր, մինչդեռ Փաշինյանն ու Ալիևը նրա նկատմամբ որևէ դժգոհվություն չունեն: Ներկա պահին Հակոբյանին ազատ են արձակել 10 մլն դրամ գրավի դիմաց։