Հայաստանը դեսպանություն կունենա Օմանի Սուլթանությունում, նստավայրը՝ Մասկատ
Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին օմանական կողմը դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք։
«Օմանում ՀՀ դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների քաղաքացիների և հասարակությունների միջև փոխճանաչելիության աճին, խթան կհանդիսանա Հայաստանի և Արևելյան Աֆրիկայի ու Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ հիմք ընդունելով այդ երկրների և Օմանի միջև առկա պատմական և մշակութային կապերը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նախագծի հեղինակը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է, որը Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկել է ընդամենը 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133 մլն 848.5 հազար դրամ:
2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար դոլարին համարժեք 81 մլն 967.8 հազար դրամ:
Նախագծում նշվում է նաև, որ իր հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ Օմանի Սուլթանությունը տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը:
Sputnik Արմենիա