ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ԴԻՄԱՑ. ԱԼԻԵՎԻ ԲԱՆԱՁԵՎԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանը 2021-ի խոստումները չիրականացրեց ու չի էլ իրականացնի
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«2022 թվականի մարտին Ադրբեջանը ներկայացրեց Հայաստանին 5 հիմնական կետեր, որոնց շուրջ պետք է բանակցություններ վարեին «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ։ Կետերը վերաբերում էին միմյանց «տարածքային ամբողջականության» փոխադարձ ճանաչմանը, սահմանազատմանը և սահմանագծմանը, ինչպես նաև այլ հարցերին։ Սակայն Նիկոլ Փաշինյանի համար կարևոր էր Ալիևի առաջարկների հինգերորդ կետը։ Հինգերորդ կետը վերաբերում էր հաղորդակցությունների բացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը։
Հինգերորդ կետն «այն կոնֆետն» էր, որը Նիկոլ Փաշինյանը պետք է «վաճառեր» Հայաստանի ժողովրդին՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, սահմանազատումը ադրբեջանական քարտեզներով կատարելուց հետո… Այդ «կոնֆետի» շուրջ նույնիսկ կառուցվեց ամբողջ PR արշավ, և ադրբեջանական առաջարկների հինգերորդ կետը Հայաստանում ստացավ «Խաղաղության խաչմերուկ» անվանումը։ Սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմությունը լավ իմացող փորձագետները, դիվանագետները, պետական գործիչները զգուշացնում էին, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ «Փաշինյանական տուպիկ», և Բաքուն, ստանալով իր ցանկալին, չի շտապի Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն հաստատել։
Հենց դա էլ տեղի է ունենում։ Եվ պատահական չէ, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ներկայումս չի պատկերացնում Հայաստանի հետ որևէ տնտեսական ինտեգրում։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ։ Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է։ Բայց սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ՝ մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ վերջերս նման մի քանի նախաձեռնություններ առաջարկվել են Բաքվին վրացի գործընկերների կողմից։ Ադրբեջանական կողմը դրական պատասխան է տվել և այժմ սպասում է հայկական կողմի պատասխանին։ Ալիևը հայտարարեց, որ եթե ամեն ինչ ստացվի, ապա «կարող են սկսվել փոքր քայլեր»։ Որպես օրինակ նա նշեց լրագրողների փոխադարձ այցերը, ինչպես նաև երկու երկրների համատեղ նիստերը սահմանային գետերի թեմայով։ Այլ կերպ ասած, Բաքուն պատրաստ է քննարկել Երևանի հետ միայն իրեն հետաքրքրող հարցերը, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների հարցը, և պատրաստ է Փաշինյանին առաջարկել միայն ադրբեջանական լրագրողների այցը։ Եվ դատելով թուրք լրագրողների վերջերս ՀՀ կատարած շրջագայությունից՝ այս դեպքում էլ Փաշինյանը կարող է ՀՀ բյուջեի միջոցներով վճարել այդ այցը։
Տարիներ շարունակ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններն ընթանում էին «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևով, որի շրջանակում հայկական կողմը պատրաստ էր զիջել տարածքների մի մասը՝ Արցախի կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս ճանաչելու դիմաց։ «Երիտասարդ և անփորձ» Փաշինյանը քննադատում էր այդ բանաձևը, խոսում դրա անընդունելիության մասին։ Այսօր այդ բանաձևը փոխարինվել է Ալիևի բանաձևով՝«ադրբեջանական լրագրողների այց՝ «խաղաղության պայմանագրի» դիմաց»։
«Փաշինյանական տուպիկը» դառնում է ավելի ու ավելի շոշափելի։
Ավելին, Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ 2021 թվականին խոստացված ոչինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ և չի կարողանա իրականացնել։ Նիկոլի ընտրվելուց օգտվեց միայն Ադրբեջանը, որը ստացավ ամբողջ Արցախն առանց հայերի, իսկ Հայաստանը կորցրեց անվտանգության ֆիզիկական խորությունը, Արցախի տնտեսական ենթակառուցվածքները, նրա գյուղատնտեսական հարստությունները, ընդերքը և կորցրեց պատմամշակութային ժառանգության հսկայական շերտ։
Մտածե՛ք այդ մասին․․․»։