Ադրբեջանում հետապնդում են նրանց, ովքեր խոսում են հայերի հետ խաղաղության օգտին
Թալիշ պատմաբան Զահիրադին Իբրահիմովն անհետացել է մարտի 26-ին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքից: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի Լենքորանի շրջանում գտնվող նրա հարազատները նամակ են ստացել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից, որտեղ թվարկված են Իբրահիմովի դեմ ուղղված մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ դավաճանություն։ Այդ մասին հաղորդում է OC-Media-ն:
Իբրահիմովը Ռուսաստանում ապրում է ավելի քան քսան տարի։ Նա քաղաքացիություն է ստացել 2002թ.։
Թալիշ պատմաբանը փաստացի առևանգվել է և հետո հայտնվել Ադրբեջանում։ Դավաճանության դրվագն էլ կարծես թե կրկին կապված է Հայաստանի հետ։
«Պետության կողմից երաշխավորված փաստաբան Սայարա Ալիևան OC Media-ին ասել է, որ մասնակցել է Իբրահիմովի հարցաքննությանը, որի ժամանակ նա, իբր, խոսել է Հայաստանի հետ իր կապի մասին։
Նա նաև պնդել է, որ Իբրահիմովը խոստովանել է, որ Հայաստանում ինչ-որ մեկից 200–400 դոլար է ստացել»,-նշում է աղբյուրը։
Վերջին շրջանում ես հաճախ եմ գրում և խոսում այն մասին (https://evnreport.com/politics/silencing-peace/), որ Ադրբեջանում ձերբակալում են հենց հայերի հետ որևէ կապ ու առնչություն ունեցող,ավելի ստույգ խաղաղության ու բարիդրացիության օգտին որևէ դրական բան ասած անձանց։ Տվյալ դեպքում անձին առևանգել են։
Վերջերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ հետամուտ է լինելու «որոշ ադրբեջանցիների վերադարձին երկիր»։ Խոսքը Ալիևի վարչակարգի կողմից հետապնդվող, դրսում որոշակի ակտիվություն ծավալող ադրբեջանցիների մասին է։ Ըստ էության, ադրբեջանական ծառայություններն արդեն գործի են անցել այդ հարցում։ Կարճ ասած՝ Ալիևի վարչակարգի ոչ մի քննադատի չեն ցանկանում թողնել ազատության մեջ, իսկ նրանց չեզոքացնելու լավագույն ուղին հայերի ու Հայաստանի հետ կապեր հորինելն է, որովհետև «խաղաղության դարաշրջանից» առաջ ու հետո Ադրբեջանի ղեկավարության համար հայերն ու Հայաստանը շարունակում են մնալ «հարմար» թշնամիներ, իսկ բարիդրացիության ու խաղաղության մասին խոսույթն էլ՝ արգելվում է պետական մակարդակով։
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
Verelq.am