ՆՇՎԵԼ Է ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՆԸ, ՈՐԻՑ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՑԵԼ

Գլոբալ տաքացումը հեշտացրել է բակտերիաների և այլ մանրէների ներթափանցումը սննդամթերքի մեջ, և կլիմայի փոփոխության այս քիչ քննարկվող սպառնալիքն ամեն տարի հարյուր միլիոնավոր մարդկանց հիվանդագին, իսկ երբեմն էլ կյանքի համար վտանգավոր դասեր է տալիս։

Այս տարի EBioMedicine ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ջերմաստիճանի յուրաքանչյուր 1,8°C բարձրացման դեպքում 5%-ով մեծանում է ոչ տիֆային սալմոնելայով և կամպիլոբակտերիաներով վարակվելու վտանգը, որոնք մարդկանց մոտ հիվանդություններ են հարուցում և հաճախ սննդային թունավորումներ առաջացնում։

 Climate Change ամսագրում հրապարակված ակնարկային հոդվածում նշվում է, որ ջերմաստիճանի բարձրացումը և տեղումների բնույթի փոփոխությունը հանգեցնում են սննդային ծագման ախտածին միկրոօրգանիզմների տարածմանը, ներառյալ ամենատարածվածների՝ սալմոնելայի, աղիքային ցուպիկի և նեղ աղիքի կամպիլոբակտերի։

«Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է այնպիսի մանրէների աճին, ինչպիսիք են լիստերիան, կամպիլոբակտերը և սալմոնելան, շուտ փչացող սննդամթերքներում, ինչպիսիք են միսը, կաթնամթերքը և ծովամթերքը», - ասել է ուսումնասիրության համահեղինակ Ահմեդ Համադը, որը Եգիպտոսի Բենհա համալսարանի սննդի հիգիենայի և վերահսկողության ամբիոնի դասախոս է։

Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում անցկացված հետազոտությունը ուսումնասիրել է, թե ինչպես են շրջակա միջավայրի գործոնները ազդում սալմոնելայի բռնկման վրա բակտերիա, որը պատասխանատու է ամբողջ աշխարհում սննդային ծագման բազմաթիվ հիվանդությունների համար։

Հաստատվել է, որ առավելագույն տարածվածությունը դիտարկվում է 35-ից 37°C (95-ից 98.6°F) ավելի բարձր ջերմաստիճան ունեցող և տարեկան 1000 մմ-ից (39.4 դյույմ) ավելի տեղումներով տարածքներում։ Այս տարի Applied and Environmental Microbiology ամսագրում հրապարակված մեկ այլ հոդվածում ասվում է, որ կլիմայի փոփոխությունը կբարձրացնի աղիքային սալմոնելայի պատճառով սննդային ծագման հիվանդությունների վտանգը՝ նշելով, որ բարձր խոնավությունը նպաստում է սալմոնելայի աճին։

Ծայրահեղ շոգի պայմաններում պատրաստի սնունդը մեծացնում է սննդային ծագման հիվանդությունների վտանգը, զգուշացնում է Մավրիկիոսի համալսարանի մանրէաբանության և սննդի անվտանգության ամբիոնի դոցենտ Հուդա Նիտուն։

Ըստ նրա, աննորմալ շոգի հետ մեկտեղ, ջրհեղեղները կարող են հարակից արոտավայրերից գոմաղբը տեղափոխել վարելահողերի վրա, ինչը կհանգեցնի հում վիճակում օգտագործվող գյուղատնտեսական արտադրանքի աղտոտմանը։

News.am