Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՄԵՆՔ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ԻՄՊԻՉՄԵՆՏԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք իմպիչմենտին սատարում ենք, կողմ ենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 


Հարցին՝ ինքը լո՞ւրջ է համարում այդ գործընթացը, երրորդ նախագահը պատասխանեց. «Դուք Սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությա՞մբ եք վերաբերվում: ՀՀ Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Այսինքն մենք ի՞նչ իրավունքով ենք դա անլրջացնում, այսինքն 2021 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմփիչմենթ անելը անլո՞ւրջ է:

Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ և մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրենք հարմար գտնում ՔՊ-ականների հետ բացատրական աշխատանք տանելու, երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ԱԺ, որպեսզի ներառվի դա օրակարգի մեջ և ընդհանրապես իրենք ինչպես են այդ պրոցեսը պատկերացնում:

Եթե ձեզ թվում է, որ մենք արդեն յոթ տարի հայտարարում ենք, որ իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս»,-ասաց նա։

«Մենք, ի տարբերություն շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ՀՀ-ում իշխանափոխություն անել»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը

Ես ինչո՞ւ պետք է ենթադրություններ անեմ, թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիսն ում համար էր, երևի հանրության համար էր, - նշեց Երրորդ նախագահը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իր ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաև իրեն՝ նշելով, որ ինքը 2018–ի հեղափոխությունից առաջ զանգել է իրեն, և արդյոք ում համար էր այդ ասուլիսը։

«Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցությունները, զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ տևական ժամանակ ձեր հետ չի շփվել, Երրորդ նախագահն ասաց. «Կարծում եմ՝ ինքը նկատի ուներ այսօրվա պարագան, բայց 2018–ին այդպես չէր։ Համենայնդեպս, այդ մանրամասներն ի՞նչ հետաքրքիր է։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց ես կարող եմ բարձրաձայնել այն ժամանակ, երբ նպատակահարմար համարեմ։ Դուք 10-15 տարի հետևել եք իմ լեքսիկոնին, երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը։ Ես չունեմ այդպիսի բառապաշար»։

2018-ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում

Ես ձեզ խնդրում եմ, 2018 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք, գնացեք, դիտեք իմ հարցազրույցները 2018 թվականի մասին, ժամերով խոսել եմ, - նշեց Սերժ Սարգսյանը։

«Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ նաև հնարավորություն ունենան հարցեր տալու՝ ուղղորդված և չուղղորդված»,–ասաց նա։

Հարցին՝ երբ է դա լինելու, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Երբ որ նպատակահարմար գտնեմ»։

Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է

Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է, - ասաց ՀՀ երրորդ նախագահը։

«Ես չեմ ուզում ուշանալ դատական նիստից, խնդրում եմ համբերությամբ լցվեք, կսպասեք, դուրս կգամ, կխոսեմ, բայց խնդրում եմ շատ կարճ։ Իրար հետ համաձայնեցրեք ինչ հարցեր եք տալու, որովհետև մեկ այլ չասեմ կարևոր, բայց պարտադրված հանդիպումներ ունեմ»,–ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն իրենց մեղադրում է, որ երրորդ նախագահի թիմը հայտարարել էր, որ իմպիչմենթի գործընթացում առանց նախապայմանների կողմ կլինեն ցանկացած թեկնածուի, Սերժ Սարգսյանն ասաց. «Ով այդպես է մտածում, ուղղակի խորհուրդ տվեք, թող գնան խմբակցության հայտարարությունը ուշադիր կարդան։ Եթե հայերեն լավ չեն հասկանում, ես կխնդրեմ խմբակցության ղեկավարի, ինքը մանրամասնի, կբացատրի»։

Այլ հարցերի Երրորդ նախագահը չպատասխանեց և մտավ դատարանի դահլիճ։

News.am-ի նյութերով