ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱԿԱՐԴՈՒՄ
«Հարաբերականության տեսությունը վերաբերում է ֆիզիկային, բայց ոչ էթիկային», - ասել է Ալբերտ Այնշտայնը՝ ընդգծելով բարոյական սկզբունքների բացարձակությունը։ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական և էթիկական ուղեցույցների և պատասխանատվության աներկբա գործող մեխանիզմների բացակայությունը դարձել է քրոնիկ խնդիր և խաթարում է հասարակության հիմքերն ու պետության նկատմամբ հավատը։
Թեև ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի անդամ դառնալիս և ԵՄ-ի հետ գործընկերակցության հաստատելիս Հայաստանը հանձն է առել գործադրել հասարակության առջև բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմնարար սկզբունքները, սակայն վերջին տարիներին տեղի ունեցած բազմաթիվ սկանդալները, այդ թվում՝ բյուջետային միջոցների չարաշահման և յուրացման բացահայտված դեպքերը վկայում են, որ իշխանությունը շրջանցում է դրանք կանխելու և պատժելու նպատակով սահմանված միջազգային չափորոշիչները։
Այսպես, Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամում (ԱՆԻՖ) բյուջետային միջոցների յուրացման փաստերը բացահայտեցին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների և հարազատների շահերի բախումը կարգավորող արդյունավետ համակարգի բացակայությունը։ ԱՆԻՖ-ի չարաշահումները խորհրդարանում քննարկելու ընդդիմության վերջին փորձը ընդհատվեց վարչապետի և նրա թիմակիցների ամոթալի օբստրուկցիայով։ Կոռուպցիան դատապարտելու խորհրդարանական փոքրամասնության արդարացի ձգտումը բախվում է մեծամասնության սպառնալի դիմադրությանը նաև դատական համակարգի քաղաքական ենթակայության պատճառով և անհնար դարձնում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անաչառ իրավական արձագանքն իսկ։ Վերևների անպատժելիությունը նեգատիվ սուբլիմացիայի է ենթարկվում հիասթափության, ցինիզմով, հանցավորության տեսքով։
Կառավարության և խորհրդարանի անդամների համար էթիկայի և վարքագծի կանոնագրքի բացակայությունը ծանր քարի պես ընկած է իրավական, ժողովրդավարական պետության կառուցելու ճանապարհին։ ԵԱՀԿ շատ երկրներ վաղուց ունեն կանոնակարգեր, որոնք հստակ և խստորեն սահմանում են պաշտոնյաների հանրային վարքագծի նորմեր, շահերի բախումը կարգավորող և պետական սեփականության օգտագործման հստակ կանոններ, հրապարակային հայտարարությունների պահանջներ և ստի ու չարաշահումների համար պատասխանատվության գործուն միջոցներ։ Մինչդեռ Հայաստանում իրավական կարգավորումից դուրս են մնում նույնիսկ կառավարության անդամների՝ խորհրդարանում միայն ճշմարտությունն ասելու պարտավորությունը և ստելու համար պատասխանատվությունը, չկան հանրային ռեսուրսների (ծառայողական մեքենաների, ինքնաթիռների, կեցավայրերի, ամառանոցների, գրասենյակների և այլն) օգտագործումը կանոնակարգող և վերահսկելի գործիքներ։ Բարձրաստիճան պաշտոնյաների ամուսիններին ենթակա բարեգործական հիմնադրամների միջոցների օգտագործման մասին տվյալները փակ են, ինչը և ծնում է կոռուպցիա, հովանավորչություն, այլ չարաշահումներ։
GRECO (Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի մարմին) և OECD/ACN (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կոռուպցիայի դեմ պայքարի ցանց) միջազգային կազմակերպությունների վերջին զեկույցները Հայաստանի մասով ընդգծում են անհապաղ բարեփոխումների անհրաժեշտությունը։ GRECO-ի վերջին զեկույցի (2024թ. ապրիլ) համաձայն, չնայած որոշ բարեփոխումների, ՀՀ կառավարությունը դեռևս չի մշակել ավագ պաշտոնյաների համար ինտեգրված էթիկայի համակարգ։ Երկիրը պարտավոր է մինչև 2025թ. սեպտեմբերը հաշվետվություն տալ GRECO-ի առաջարկների կատարման վերաբերյալ, և, որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ազգային պատվիրակության նախկին ղեկավար (1998-99թթ.), կարծում եմ, սա խորհրդարանական ընդդիմության ձեռքում իրական հնարավորություն է ներկայացնելու միջազգային հանրությանը GRECO-ի առաջարկների կատարման վերաբերյալ իրենց գնահատականները և առաջարկները։
Իր հերթին, OECD/ACN-ը մատնանշել է կոռուպցիայի վերաբերյալ դատապարտումների ցածր մակարդակը, չարաշահումների վերաբերյալ հաղորդում ներկայացողների անբավարար պաշտպանությունը և մեկ աղբյուրից ոչ թափանցիկ գնումների բարձր տոկոսը, ինչը նպաստում է իշխանության մարմիններում չարաշահումների և կոռուպցիա արմատավորմանը։
Հայաստանի հանրությունը գիտակցում է, որ իշխանության համակարգում խիստ պակասում է ազնվությունը, պարկեշտությունը, թափանցիկությունը, և պատասխանատվության վրա հիմնված քաղաքական մշակույթի ձևավորման սուր անհրաժեշտություն կա։ Պետական պաշտոնյաների համար արդյունավետ էթիկայի կանոնագրքի ընդունումը՝ հիմնված վերահսկողության և պատժամիջոցների արդյունավետ մեխանիզմների վրա, հանրային վստահությունը վերականգնելու առաջին քայլը կլինի։ Միայն բարոյական հարաբերականությունից հրաժարվելով և պարկեշտ վարքագծի բացարձակ նորմեր հաստատելով է հնարավոր կանխել քաղաքական վերնախավի բարոյալքումը և ամրապնդել մեր պետության հիմքերը։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն Խորհրդի (1990-95թթ.) և Ազգային Ժողովի (1995-99թթ.) պատգամավոր
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան