Եթե դատավորն ընդունի ինքնաբացարկի միջնորդությունը, մենք կդիմենք Եվրոպական դատարան. Գագիկ Խաչատրյանի պաշտպան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործի դատաքննության ժամանակ Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մայիսի 30–ին, դատախազ Գևորգ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, իբրև թե կողմնակալ վերաբերմունքի համար:

Արդեն դատական նիստից հետո դատախազը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցած տարվա սեպտեմբերի 13–ին մեղադրող կողմը ներկայացրել է միջնորդություն՝ հանձնաժողովային դատափորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որ պարզվի, թե ի վերջո, Գագիկ Խաչատրյանն ինչ հիվանդություններով է տառապում, դրանք ՀՀ–ում բուժել հնարավոր է, թե ոչ, որից հետո նոր անդրադառնալ նրա մեկնման հարցին։ Սակայն դատարանը չսպասելով եզրակացությունը ստանալուն՝ միջնորդությունը բավարարել է նախորդ դատական նիստին։

Դիտարկմանը, որ արդեն ստացվել է փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Գագիկ Խաչատրյանը արտերկրում բուժման կարիք ունի, Գևորգ Սարգսյանը նկատեց, որ եզրակացությունը նոր են ստացել, և ինքը չի հասցրել ծանոթանալ դրան. «7 փորձագետից բաղկացած փորձագիտական հանձնաժողովը հանգել էր հետևության, որ Գագիկ Խաչատրյանն ունի որոշակի առողջական խնդիրներ՝ ողնաշարի հետ կապված, և հնարավոր չէ դրանց բուժումը ՀՀ–ում։ Մենք դրա վերաբերյալ մեր դիրքորոշումը կներկայացնենք՝ ծանոթանալով եզրակացությանը»։

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ներկայացրեց իր դիտարկումները. «Երբ ապրիլի 4–ին դատարանը բավարարեց մեր միջնորդությունը՝ երկու ամսով թույլ տալ Գագիկ Խաչատրյանին մեկնել արտերկիր բուժման, հենց հաջորդ առավոտյան դատախազը նոր միջնորդություն ներկայացրեց Գագիկ Խաչատրյանին մեկ այլ գործով, որպեսզի անմիջապես «բացակայելու արգելք» խափանման միջոց կիրառվի և թույլ չտան նրան մեկնել։ Այդ գործով բոլոր փաստական տվյալները հայտնի են եղել դեռևս 2018–ին։ Դա Դիլիջանի ուսումնական կենտրոնի հետ կապված գործով մեղադրանք է, որը ակնհայտ անհիմն մեղադրանք է։ Այն ժամանակ տեսել են, որ որևէ հանցագործություն չկա, բայց հիմա որոշեցին ակնհայտ անօրինական գործողության դիմել, որպեսզի թույլ չտան նրան մեկնել։

Ես այդ որոշումը բողոքարկել են դատախազին, դատախազը մերժել է, դիմել եմ դատարան։ Դատարանում դեռևս քննությունը չի ավարտվել։

Իրենք ամեն անգամ ստանալով այս եզրակացությունները փորձում են ամեն կերպով շրջանցել, ինչը շատ ակնհայտ ապօրինություն է։ Իրենց ապօրինի գործողությունները անձին հասցրել են հաշմանդամության։ Հիմա դատախազությունը պետք է այս եզրակացությունը վերցնի, շատ արագ ներկայացնի գլխավոր դատախազին, ասի՝ մեր երկրի քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում»։

Փաստաբանն ընդգծեց, որ առաջին անգամ, երբ քննիչն ուղարկել է առողջապահության նախարարի մոտ կոնսիլիումի, այդ ժամանակ նախարարը Արսեն Թորոսյանն է եղել։ Արսեն Թորոսյանի հրամանով կազմվել է հանձնաժողով՝ լավագույն մասնագետներով, եզրակացություն են տվել, որ Հայաստանում վիրահատությունը հնարավոր չէ, իսկ երկրորդ եզրակացությունը տրվել է արդեն Անահիտ Ավանեսյանի ժամանակ։

«Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ մեկնել է արտերկիր բուժման ու չի եղել դեպք, որ մեկնի ու չվերադառնա։ Երբ վիրահատություն է պետք եղել դրսում, մերժել են, բայց երբ կարճաժամկետ էր լինում, թույլ էին տալիս։ Հիմա եթե այսքան անգամներ արդեն դատաքննության փուլում նա գնացել ու վերադարձել է, ի՞նչ հիմք կա կասկածելու»,– ասաց նա։

Երեմ Սարգսյանի խոսքով, եթե չլինեն ճնշումներ, որևէ հիմք չկա, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի. «Ավելին, այս իրավիճակում դատավորի կողմից ինքնաբացարկն ընդունելը կարգապահական պատասխանատվության հիմք է լինելու։ Սա նշանակելու է արդարադատության իրականացումից խուսափել։ Մենք Եվրոպական դատարան կուղարկենք և անհնար է, որ եվրոպական դատարանը սա չտեսնի»։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։

Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։

News.am