Փաշինյան․ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնք կհամագործակցեն իրավապահների հետ, չեն դատվի

Շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն, և ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից։ Այս մասին ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, թե այսօր ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի` ստիպողաբար դատարանի մոտ էին բերել նաև ՀԷՑ–ի աշխատողների։

Ինչպես հայտնի է, Ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այս պահին քննվում է գործարար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։

«Դա արդեն հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահները կզբաղվեն դրանով։ Ես ժամանակին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի որոշ շրջանակների զգուշացնում էի` կառավարությունը կոմբինատում ունենալու է փայաբաժին և բոլոր նրանք, որոնք մարդկանց ստիպողաբար տանում էին ցույցերի, կազատվեն աշխատանքից։ Ես դա ասել էի 2021 թ. հունիսին, իսկ արդեն սեպտեմբերին բոլոր այդ մարդիկ աղերսագրերով և մեղայագրերով գալիս էին կառավարություն` ասելով` հետ ընդունեք, սխալվել ենք։ Հիշեք` ոչ մեկին ներում չի լինելու»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նա նաև կոչ արեց, որ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն ստիպողաբար ցույցի գնալուց և այդ մասին կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ, կոնկրետ ցուցմունքներ կտան, նրանք ՀԷՑ–ի պետականացումից հետո չեն ազատվի աշխատանքից, չեն դատվի ու կխրախուսվեն։

«Նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ` «Տաշիր պիցցայում» կկարողանա՞ն աշխատել, թե՞ ոչ»,– նշեց վարչապետը։

Sputnik Արմենիա