Վարդապետյանը ներկայացնում է Արթուր Սարգսյանին անձեռմխելությունից զրկելու միջնորդագիրը
ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը։
Դատախազի խոսքով՝ առկա են բավարար փաստեր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին ամսով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում է։
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Սարգսյանն այլ անձանց հետ Վազգեն Գալստանյանի (Բագրատ սրբազան), Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Իգոր Սարգսյանի և այլք – խմբ․) նախնական համաձայնությամբ 2024թ․ հուլիսից 2025թ․ մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն և իշխանության յուրացում։ 2025թ․մարտի 18-ին ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշվում է, թե նշված անձինք պլանավորել են մի շարք հանցավոր արարքներ կատարել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկել, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառել, խոշոր չափերի գույքային վնաս պատճառել՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով իշխանությունը ստանձնած անձանց հարկադրել հրաժարվել դրանից։
«Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը, հանցավոր խմբի անդամները, այդ թվում Արթուր Սարգսյանը, 2025թ․ հունվարից սկսած՝ շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևանի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր աստղիկներ և այլն»,- Սարգսյանին մեղսագրվող արարքը ներկայացրել է գլխավոր դատախազը։
Ըստ դատախազի՝ Արթուր Սարգսյանն ու մյուսները չեն կարողացել իրագործել իրենց նպատակները ԱԱԾ աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով։
Sputnik Արմենիա