Վահե ԴԱՎԹՅԱՆ․ «ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՈՉ ՈՔ ՉԻ ՉԵՂԱՐԿԵԼ

Նոր վիճակագրական տվյալները վկայում են` Հայաստանի ապաինդուստրիալիզացումը շարունակվում է։

2025 թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է՝ կազմելով տարեկան ընդամենը 5,7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11,2%-ի փոխարեն։

Գլխավոր պատճառը արդյունաբերության ոլորտի կտրուկ անկումն է. 22%-անոց աճից այն անցել է 14,1%-անոց նվազման։

Տնտեսության կառուցվածքն առավել մտահոգիչ է:

Առաջատար դիրքում է առևտրի ոլորտը՝ 2,4 տրլն դրամ (մոտ $6.1 մլրդ) ծավալով։

Երկրորդ տեղում են ծառայությունները՝ 1,5 տրլն դրամ ($3.8 մլրդ):

Եվ միայն երրորդում՝ արդյունաբերությունը՝ 1.03 տրլն դրամ ($2.6 մլրդ): Շինարարությունը չորրորդ տեղում է՝ 165.5 մլրդ դրամ ($421 մլն) ծավալով:

Սա ոչ թե ժամանակավոր տատանում է, այլ խորքային համակարգային խեղում։ Տնտեսությունն աստիճանաբար հեռանում է իրական արտադրական հիմքից՝ չապահովելով հավելյալ արժեքի ստեղծում և կենտրոնանալով առավելապես առևտրի ու ծառայությունների վրա:

Այս միտումը նվազեցնում է երկրի դիմակայունությունն արտաքին ճնշումների ու ֆինանսական կախվածության պայմաններում։

Պարզ ազած՝ որքան քիչ հավելյալ արժեք ստեղծենք, այնքան ավելի շատ միջազգային վարկեր կվերցնենք՝ ավելացնելով մեր կախվածությունն արտաքին դերակատարներից:

«Վաշինգտոնյան կոնսենսուս» ռազմավարությունը դեռ ոչ ոք չի չեղարկել:

Վահե ԴԱՎԹՅԱՆ, ֆեյսբուքյան էջ