ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Տասնհինգ տարի է անցել այն սարսափելի օրից, երբ Եվրոպայում տարածվեց լուրը Բուդապեշտում կատարված հրեշավոր հանցագործության մասին։ Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի 18-ի լույս 19-ի գիշերը ներթափանցեց Գուրգեն Մարգարյանի սենյակ և քնած հայ սպային 16 հարված հասցրեց կացնով, գործնականում զատելով գլուխը մարմնից։ Այնուհետ Սաֆարովը փորձեց ներխուժել երկրորդ հայ սպայի՝ Հայկ Մուկուչյանի սենյակ, որպեսզի նրան էլ սպանի։ Բոլոր երեքն էլ անգլերեն լեզվի դասընթացների մասնակիցներ էին՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

Ոճրագործությունից անմիջապես հետո Սաֆարովին Ադրբեջանում հռչակեցին հերոս և հօգուտ նրա սկսվեց զանգվածային քարոզարշավ։ Նպատակը մեկն էր. մեղադրել հայ սպաներին սպանությունը սադրելու մեջ, արդարացնել ու դուրս քաշել հանցագործին հունգարական արդարադատության ձեռքից, վերադարձնել նրան Ադրբեջան և ազատել պատժից։ Դատավարության ընթացքում, սակայն, հայ մասնակիցներին հասցեագրված մեղադրանքներից ոչ մեկը չհաստատվեց, Բաքվին չհաջողվեց հասնել Սաֆարովի արագ արտահանձնմանը, իսկ ապրիլի 13-ին Բուդապեշտի Մայրաքաղաքային դատարանը դատապարտեց նրան ցմահ բանտարկության՝ առանց առաջին 30 տարիներին ներման մասին խնդրագիր ներկայացնելու իրավունքի։ 2012 թվականի օգոստոսի 31-ին հունգարական կառավարության և ադրբեջանական իշխանությունների միջև կնքված հանցավոր գործարքի արդյունքում մարդասպանը վերադարձվեց Բաքու, վայրկենապես ներում ստացավ և արժանացավ ամեն տեսակի պատիվների. նրան բնակարան նվիրեցին, բարձրացրեցին զինվորական աստիճանը և աշխատավարձ վճարեցին խիստ ռեժիմի հուգարական բանտում անցկացրած 8 տարիների համար։

Այնուհետ հայկական կողմը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պահանջելով վերադարձնել Սաֆարովին Հունգարիա կամ որևէ երրորդ երկիր՝ պատիժը կրելու համար։ 2016 թվականին ՄԻԵԴ-ը տվյալ գործով պատասխանող կողմ ճանաչեց Ադրբեջանին ու Հունգարիային, և ներկայումս սպասվում է դատավճռի կայացումը։ Ավելի վաղ, 2014 թվականի մայիսին, ԵԽԽՎ  Հանձնաժողովը դատապարտեց Սաֆարովի դեպքում դատապարտյալների արտահանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը, իսկ նույն թվականի նոյեմբերին Վեհաժողովի Մշտական կոմիտեն ընդունեց բանաձև, որով դատապարտեց Ադրբեջանին՝ մարդասպանի վաղաժամկետ ազատումն արդարացնելու նպատակով Կոնվենցիան օգտագործելու համար, ընդգծելով, որ դա «միջազգային հարաբերություններում օրենքի գերակայության և բարեխճության սկզբունքների խախտում» էր։

Սա՝ ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին։ Սակայն տվյալ դեպքում ոչ պակաս կարևոր է դրա քաղաքական բաղադրիչը, այդ թվում՝ այն իրավիճակը հասկանալու համար, որ ձևավորվեց տարածաշրջանում  բուդապեշտյան ոճրագործությունից հետո։ Ավելի ճիշտ՝ Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո։

ԱլիԵՎ կրտսերը Ադրբեջանի նախագահ ընտրվեց 2003 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ընդամենը երեքուկես ամիս անց Ռամիլ Սաֆարովը սպանեց Գուրգեն Մարգարյանին։ Ինչպես տվյալ գործի, այնպես էլ տարածաշրջանային իրադարձությունների հետագա ընթացքը բազմաթիվ և առավել քան համոզիչ պատասխաններ տվեց ոճրագործության պատվիրատուի և կազմակերպչի մասին հարցերին։ Ոչ մի կասկած չկա, որ բուդապեշտյան ոճրագործությունը դարձավ Իլհամ Ալիևի առաջին արյունոտ ուղերձը, որն այդ կերպ հայտարարեց նախագահի պաշտոնում սեփական մտադրությունների և ծրագրերի մասին։ Դրանով իսկ Ալիևը ազդարարեց հայատյացությունն ու հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունները իր երկրի պետական քաղաքականության աստիճանի բարձրացնելու մասին։ Դրա յուրօրինակ ապոթեոզը դարձավ  Ռամիլ Սաֆարովի հունգարացի փաստաբանի աննախադեպ հայտարարությունը, որը 2016 թվականի ապրիլին դատարանի դահլիճում իր ամփոփիչ ճառում բարձրաձայնեց. «Հայի սպանությունը հանցագործություն չի համարվում Ադրբեջանում»։ Այդ բանաձևը բազմիցս համոզիչ հաստատում գտավ Իլհամ Ալիևի կառավարման 15 տարիների ողջ ընթացքում, այդ թվում նաև՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի։ Եվ եթե 2012 թվականին Բաքվի բռնակալը ձեռնպահ մնաց մարդասպան Սաֆարովի հետ անձնական հանդիպումից, ապա չորս տարի անց ցուցադրաբար պետական պարգև հանձնեց զինծառայող Էլնուր Ֆերզալիևին, որը կտրել էր հայկական զինվոր Քյարամ Սլոյանի գլուխը, իսկ այնուհետ նկարահանվել սարսափելի «ավարով» ու տարածել այդ տեսանյութերը սոցցանցերում։

Այսօր Բաքվում ջանքեր չեն խնայում, որպեսզի հասնեն 2014 թվականին անօրինականորեն Արցախի տարածք ներթափանցած և այնտեղ ահաբեկչական գործողություններ իրականացրած քարվաճառյան դիվերսանտների ազատմանն ու վերադարձին Ադրբեջան։ Փախստականների ընտանիքի 17-ամյա զավակի, ինչպես նաև հայկական բանակի մայորի սպանության համար նրանցից մեկը Ստեփանակերտի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ բանտարկության։ Անցած տարիների ողջ ընթացքում նախագահ Ալիևը ապարդյուն փորձում է երկու ահաբեկիչներին վերադարձնել Ադրբեջան, որտեղ նրանք, անկասկած, նույնպես ներման կարժանանան, կխրախուսվեն ամեն տեսակի պատիվներով ու կհայտարարվեն ազգային հերոսներ։ Միայն թե Բաքվում հաշվի չեն առնում, որ այս անգամ գործ ունեն ոչ թե Հունգարիայի ծախված վարչապետի, այլ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։

Բուդապեշտյան ոճրագործությունը, որն իսկական խայտառակություն դարձավ ադրբեջանական բանակի և պետության համար, ինչպեսև Սաֆարովի հանձնումը Բաքվին, խստիվ դատապարտվել են միջազգային կազմակերպությունների և համաշխարհային առաջատար տերությունների կողմից։ Սակայն այդօրինակ նվաստացման սովոր Իլհամ Ալիևը ոչ միայն մտադիր չէ հրաժարվել իր հանցավոր քաղաքականությունից, այլև 2015 թվականի օգոստոսին, հերթական անգամ խոստանալով ամեն գնով ազատել դիվերսանտներին, հայտարարեց, որ Սաֆարովի դեպքում ամեն ինչ ճիշտ է արել և իրեն չի հետաքրքրում որևէ մեկի կարծիքն այդ հարցի վերաբերյալ։

Այսօր Ռամիլ Սաֆարովը հանգիստ ապրում է Բաքվում, շարունակում համարվել ազգային հերոս և ստանալ ծառայողական աստիճանի բարձրացումներ։ Իսկ ադրբեջանական քարոզչությունը ոչ մի առիթ բաց չի թողնում այդ մասին հայերին հիշեցնելու համար, ժամանակ առ ժամանակ ինչ-որ լուրեր ու անհեթեթություններ տարածելով «հերոսի» մասին, որն ընդունակ է միայն քնած մարդու գիշերային վախկոտ սպանության։ Այս խորապատկերին համանախագահները կոչ են անում երկու երկրների բնակչությանը պատրաստվել խաղաղության, իսկ Բաքվում կազմակերպում են ինչ-որ հերթապահ միջոցառումներ, որոնց միակ նպատակը հայերին հասցեագրված մեղադրանքներն են այն ամենում, ինչ արել է Ադրբեջանը։ Համաձայնեք, այս նողկալի խրախճանքը դժվար է անվանել որևէ այլ կերպ, քան քաղաքական ցինիզմի բարձրագույն դրսևորում։ Ինչպես նաև միջնորդների կողմից Իլհամ Ալիևին տրվող ինդուլգենցիա՝ հետագա արյունոտ հանցագործությունների համար։

Основная тема:
Теги: