ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ ՉՓՌԵՑԻՆ ԱՍՖԱԼՏԻՆ

Արդեն 11 մարդ է որպես մեղադրյալ անցնում Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված հաշվեպարզման գործով։ Նրանցից երեքը կալանավորված են, մեկը հետախուզվում է։

Օրերս դատավոր Մարինե Մելքոնյանը մերժեց քննիչի միջնորդությունը նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորորդի Մովսես Մանուկյանի կալանավորման մասին, որը մեղադրվում է զենքի կիրառմամբ խուլիգանության մեջ (ՀՀ քր.օր.-ի 258 հոդված, մաս 4)։ Հենց նրա մասնակցությամբ էլ սկսվել է փոխհրաձգության վերաճած ընդհարումը։ Դատավորը համարեց, որ կալանավորման համար բավարար հիմքեր չկան։ Ավելի վաղ նույնպիսի որոշում էր կայացվել նաև նախկին պատգամավոր Շանթ Մանուկյանի որդու նկատմամբ։ Նա նույնպես մնում է ազատության մեջ։

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը պատկանող «Պարտեզ» ռեստորանում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ հաշվեպարզում, որին մասնակցել են մի կողմից Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները (թիկնապահները և այլք), իսկ մյուս կողմից՝ Մելիք Մանուկյանի ազգականները։ Ժամը 01։30-ին ոստիկանության շրջանային բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյանի Բուժկենտրոն են տեղափոխվել մի քանի երիտասարդներ՝ հրազենային վնասվածքներով։ Նրանցից մեկն արդեն մահացած էր։ Քննությանն առնչվող աղբյուրի տվյալներով, արյունոտ միջադեպին նախորդել են հետևյալ իրադարձությունները։

Միջադեպից մի քանի ժամ առաջ Մելիք Մանուկյանի բազմաթիվ ազգականներից մեկը, վերոնշյալ Մովսեսը, իր ընկերների հետ ուղևորվել է «Պարտեզ» ռեստորան, որտեղ մեծ ընտանիքի անդամները հավաքվել էին հորը բուժման համար Գերմանիա տանող ազգականին հաջողություն մաղթելու։ Ճանապարհին բախում է տեղի ունեցել վուլկանացման կետի աշխատողների հետ։ Բախումը վերաճել է ծեծկռտուքի, որից հետո Մովսես Մանուկյանը գնացել է ռեստորան ու պատմել հավաքվածներին կատարվածի մասին։ Իսկ շուտով զանգ է ստացվել Ծառուկյանի «թիմից»՝ հարցը քննարկելու համար Աբովյանի մարզադպրոցի տարածքում հանդիպելու առաջարկով, որտեղ չկան տեսախցիկներ։ Մանուկյանի ազգականները հրաժարվել են։

Բայց միջադեպն այդուհանդերձ շարունակություն է ստացել. ռեստորանին մոտեցել են Ծառուկյանի մարդիկ, և հաշվեպարզումը վերաճել է փոխհրաձգության։ Զինված ընդհարման ընթացքում սպանվել է Մովսեսի ընկերը՝ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, որը վուլկանացման կետի մոտ տեղի ունեցած բախման պահին գտնվել է մեքենայում, ևս 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Նրանցից 6-ը՝ Մանուկյանի կլանի ներկայացուցիչներ, բոլորը հրազենային վնասվածքներով։ Նրանցից մեկը՝ 21-ամյա ուսանող Ջիվան Հարությունյանը գանգուղեղի վնասվածք է ստացել և առ այսօր գտնվում է ծանր վիճակում։

Ծառուկյանի կողմից տուժել են երկու հոգի, մեկը ստացել է կյանքի համար վտանգ չներկայացնող հրազենային վնասվածք, իսկ երկրորդին վիրավորել են կտրող-ծակող առարկայով։ Ըստ որում չի բացառվում, որ տուժողներն իրականում ավելի շատ են եղել, պարզապես ոչ բոլորն են օգնության համար դիմել բուժկենտրոններ։

Զինված ընդհարման կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեում հետաքննվում է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 104, 34-104, 235 և 258 հոդվածներով (սպանություն, սպանության փորձ, զենքի անօրինական կրում և խուլիգանություն)։ Եվ չնայած Գագիկ Ծառուկյանի որդի Նվերը միջադեպի մասնակից չի եղել, նրան հրացաքննել են, քանի որ քննչական մարմինը հիմքեր ունի ենթադրելու, որ նա տեղյակ է եղել իրադարձություններին. Այսպես կոչված թիկնապահները, վուլկանացման կետի մոտ հաշվեպարզումից հետո, ինչպես ենթադրվում է, զեկուցել են նրան կատարվածի մասին և համաձայնեցրել հետագա գործողությունները։

Իսկ ինչ վերաբերում է Մելիք Մանուկյանի որդի Շանթին, ապա նա, մեր աղբյուրի տվյալներով, բուն հաշվեպարզումին չի մասնակցել, հասել է միայն ռեստորանում զինված ընդհարման վերջում, ըստ որում՝ այն դադարեցնելու մտադրությամբ։ Դե, իսկ կլանների առաջին դեմքերը, ինչպեսև լինում է նման դեպքերում, տեղյակ չեն եղել երիտասարդ սերնդի «չարաճճիություններին», որոնք հանգեցրել են մահվան և խեղումների

Մտաբերենք. մի քանի ամիս առաջ վարչապետը ի լուր ամենքի սպառնում էր «ասֆալտին փռել» ու «զինաթափել» հայտնի մարդկանց թիկնապահներին։ Ստացվում է, որ այդ սպառնալիքները վերաբերվում էին բնավ ո՞չ բոլորին։ Հարցի նկատմամբ մոտեցումն ընտրողակա՞ն է։ Ծառուկյանի ընտանիքի թիկնապահները, ինչպես տեսնում ենք, առաջվա պես զինված են մինչև ատամներն ու զգում են իրենց բացարձակ անպատժելիությունը։ Գուցե հիմա նրանց այլ կերպ են անվանում. ոչ թե թիկնապահներ, այլ օգնականներ, այս կամ այն օբյեկտների տնօրեններ կամ էլի ինչ-որ կերպ, բայց էությունը դրանից բացարձակապես չի փոխվել։ Իսկ ինչ վերաբերում է հունվարի 29-ի ընդհարման մասնակիցներին, ապա Ծառուկյանի կողմը ներկայացրել են «թիկնազորային» խավի բնավ ոչ շարքային ներկայացուցիչներ։ Դրանք են՝ լայն հայտնի Արթուր Վարդանյանը, «Բառեց Վահրամ» մականունով Վահրամ Գրիգորյանը եղբոր հետ և որոշակի շրջանակներում իրենց երաշխավորած այլ անձինք, որոնց մեծամասնությունը դատվածություն ունի։

Այս կապակցությամբ կարելի է հիշել, թե ինչպես 2018 թվականի հուլիսի 2-ին Գ.Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար Էդիկ Բաբայանը հրապարակավ ծեծի ենթարկեց երիտասարդ մարզիկ Վյաչեսլավ Հարությունյանի հորը։ Փաստի առիթով հարուցվեց քրեական գործ, սկսվեց հետաքննություն։ Բաբայանին կալանավորեցին, բայց երկու ամիս էլ չէր անցել, երբ ազատ արձակեցին 20 մլն դրամ գրավի դիմաց, որից հետո աղմկահարույց միջադեպի հետաքննությունը մի տեսակ մարեց։ Է.Բաբայանը ոչ միայն չպատժվեց, այլև դարձավ նոր գումարման խորհրդարանի պատգամավոր։ Արժանացավ, այսպես ասած, սոցիալական կարգավիճակի բարձրացման։ Աչքի առաջ ունենալով այդչափ ցուցանշական օրինակը, մյուս թիկնապահները, ըստ երևույթին, որոշել են, որ իրենք էլ կարող են հանդուգն, հակաօրինական արարքներ թույլ տալ իրենց։ Չէ՞ որ պատժի սպասելու հարկ չկա։ Իսկ այ խրախուսանք գուցեև հաջորդի

Основная тема:
Теги: