ԻՍԿ ԹՈՒՐԱԼԸ ԴԵՌԵՎՍ ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է
Դեկտեմբերի կեսին հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նոր ղեկավար է նշանակվել Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից Թուրալ Գյանջալիևը։ Փոձագետները միանգամից գնահատեցին այդ նշանակումը որպես տվյալ կազմակերպությունը կարգավորման գործընթացում ներգրավելու Բաքվի հերթական փորձ։
Այդ կարգի փորձեր ձեռնարկվում են վաղուց, սակայն այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ տեսք ուներ։ Քանզի եթե մինչ այդ «համայնքի» ղեկավարը անհասկանալի արարած էր՝ ավազակ-կրկնահանցագործի կերպարանքով, որին անհնար էր պատկերացնել միջազգային որևէ հարթակում, ապա երիտասարդ, կիրթ և, պետք է ենթադրել, առնվազն երկու օտար լեզուների տիրապետող Գյանջալիևը ավելի քաղաքակիրթ տեսք ունի և կարող է էականորեն բարելավել «համայնքի» իմիջը։
Ղեկավարին փոխելուց հետո Բաքուն իսկապես սկսեց շատ ավելի համառորեն արծարծել «համայնքային երկխոսության» գաղափարը, ձգտելով հակադրել դա Արցախի Հանրապետության ղեկավարությանը բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտության մասին հայկական կողմի հայտարարություններին։ Թե ինչ նպատակներ է ըստ որում հետապնդում Բաքուն, բացատրելը, կարծում ենք, ավելորդ է։ Արդյունքում ադրբեջանական քարոզչական մեքենան սկսեց եռանդագին «բրենդավորել» Թուրալին գրեթե ամենօրյա հայտարարությունների և ասուլիսների փորձված ճանապարհով։ Միայն թե «քաղաքակիրթ» Գյանջալիևի կողմից ասվածի էությունն առանձնապես չի տարբերվում նրա նախորդի ջանադրաբար անգիր արած տափակ ճառերից. ո՛չ կրեատիվություն, ո՛չ մոտեցումների նրբություն, ո՛չ նոր գաղափարներ։
Իսկապես, հաղորդագրությունների ողջ հոսքը, որտեղ շոշափվում է այս գործիչը, հանգում է երկու հին դրույթներին, որոնք կանոնավորապես վերածվում են վերնագրերի. «Ադրբեջանական համայնքը պատրաստ է երկխոսել հայկական համայնքի հետ» և «Ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ իր հողեր»։ Այս անպատասխան մուղամը շարունակվում է արդեն գրեթե երկու ամիս, բնականաբար, չարժանանալով որևէ ուշադրության արցախցիների կողմից, որոնք նախկինում էլ հստակ և բազմիցս շարադրել են իրենց դիրքորոշումն այդ հարցում։ Իսկապես, ի՞նչ կարելի է պատասխանել նրանց, ովքեր պնդաճակատորեն շարունակ կրկնում են հանդիպելու իրենց պատրաստակամության մասին, գերազանց հասկանալով, որ երկխոսության համար անհրաժեշտ են երկու կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։ Եվ ի՞նչ կարելի է ասել այն դեպքում, երբ նա, ով բացահայտորեն քեզ անվանում է թշնամի, լկտիաբար փորձում է կրկին խցկվել քո տուն. հենց այն տունը, որը բազմիցս ձգտել է ոչնչացնել՝ տանտերերի հետ մեկտեղ, մատչելի ու դաժան բոլոր մեթոդներով։
Մինչդեռ, չսպասելով թե ինչ արձագանքի կարժանանա իր «պատրաստակամությունը», Գյանջալիևը որոշեց ինքը արձագանքել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի վերջերս տված հարցազրույցին։ Անկեղծ ասած, հանուն այն «ահեղ» ճառի, որ նա կատաղաբար արտասանեց «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում, ամենևին չարժեր փոխել «համայնքի ղեկավարին», քանզի նախկին ղեկավար Բայրամովի, ներողություն արտահայտությանս համար, մտավոր ունակությունները լիովին բավականացնում էին, որ սերտեր ու հրամցներ Բաքվի քարոզչության սովորական թեզերը։ Հանուն արդարության նշենք, որ Թուրալի շուրթերից հնչած մտքերից մեկն այնուամենայնիվ համեմատաբար նոր էր, կարգավորման գործընթացի արդիական թրենդներով թելադրված։ Այն է. «Քանի դեռ Ադրբեջանի բռնազավթված հողերի վրա ստեղծված ապօրինի ռեժիմը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի վերադարձին իր վաղնջական հողեր, ոչ մի խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող»։
Այս կապակցությամբ արժե այնուամենայնիվ հիշեցնել ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի բազմիցս հնչեցրած պարզաբանումները, որը որպես ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմաններից մեկը նշել է նրանց կողմից Արցախի իրավազորության ընդունումը և դիմումը հանրապետության իշխանություններին՝ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով։ Մինչ այդ խնդիրը պետք է կարգավորվի, սահմանները ճշտվեն, իսկ Ադրբեջանը պիտի ճանաչի Արցախը։ Բացի այդ, ինչպես բազմիցս հայտարարել է պաշտոնական Ստեփանակերտը, փախստականների վերադարձի խնդիրն անհրաժեշտ է դիտարկել զուգահեռաբար, այսինքն անհնար է խոսել ադրբեջանական փախստականների վերադարձի իրավունքի մասին, զատելով դա հայ փախստականների համանման իրավունքներից։ «Իսկ հայերի վերադարձն Ադրբեջան այսօր միանշանակորեն անիրագործելի է, հաշվի առնելով հայատյացության մակարդակը»,- ընդգծում է Բաբայանը, հավելելով, որ դա նույնն է, թե հրեաներին Գերմանիայի քաղաքացիություն տրամադրեին Հիտլերի ժամանակներում։
Կարծես թե ամեն ինչ վաղուց և միանշանակորեն ասված է, բայց գիտուն Թուրալը ցուցաբերում է ճիշտ նույնպիսի անըմբռնողություն, ինչ որ տգետ Բայրամովը։ Գուցե այն պատճառով, որ հակադարձելու ոչինչ չկա՞, քանզի իրավական և քաղաքական տեսանկյունից Արցախի իշխանությունների դիրքորոշումն անթերի է։
Ասենք, դատելով հենց նույն հարցազրույցից, Գյանջալիևը միայն արտաքուստ է այդքան խելացի ու քաղաքակիրթ։ Քանզի հաջորդ մարգարիտը գլխովին մատնում է պարզ ու հստակ դիրքորոշումը հասկանալու նրա իրական ունակությունների բացակայությունը։ «Այն, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմի «ներկայացուցիչները» չեն պատասխանում մեր կոչերին, խոսում է այն մասին, որ նրանք հավակնում են մեր հողերին, և դա տարակուսանք է առաջացնում»,- հայտարարեց արցախցիների քամահրանքից մինչև հոգու խորքը վիրավորված «համայնքի ղեկավարը»։
Այդպիսի «տարակուսանքից» հետո ծագում է միայն մեկ հարց. ինչի՞ մասին ընդհանրապես կարելի է խոսել այն համայնքի հետ, որի ղեկավարն անկարող է հասկանալ պարզ ճշմարտությունները։ Կամ էլ գերազանց հասկանում է, բայց խոնարհաբար կատարում է Բաքվի ցինիկ խաղում իրեն հատկացված «խաղաղասեր» պակասամիտի դերը։