ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼ ՊԵՏԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ

Ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիևի գալուստը Երևան մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում ու Ստեփանակերտում։ Չենք քննարկի, թե որքանով էր ճիշտ նրան հավատարմագիր տրամադրելու ՀՀ ԱԳՆ-ի որոշումը, թեև «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու» մասին ակտիվ խոսակցությունների խորապատկերին այդ կարգի ցանկացած քայլ, բնականաբար, զգուշավորությամբ է ընկալվում հայ հասարակայնության կողմից։ Իսկ փորձագետները գերազանց հասկանում էին, որ ադրբեջանական նույնիսկ ընդդիմադիր ԶԼՄ-ի ներկայացուցիչը կօգտագործի այդ հնարավորությունը բացառապես ի նպաստ Բաքվի քարոզչական շահերի։

Այդ կանխատեսումներն արդարացան առաջին իսկ նյութի հրապարակվելուն պես, որում Հաջիևը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր իր այցելության մասին պատմեց այնպես, որ հանդարտեցնի զայրացած հայրենակիցներին, խեղաթյուրելով և մատուցելով իրողությունները իր համար շահավետ լույսի ներքո։ Այնուհետ հաջորդեց զուտ պրոֆեսիոնալ հարցազրույցը տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, առանց շոշափելու սուր թեմաները։ Իսկ այ հարցազրույցների շարքից առաջինը հայտնվեցդե իհարկե, հարցազրույցը Լևոն Տեր-Պետրոսյանի զինակցի հետ և, բնականաբար, «Պետք է պատրաստ լինել փոխզիջումների» վերտառությամբ։ Կհամարձակվենք ենթադրել, որ Հաջիևն անչափ ցանկանում էր հարցազրույց վերցնել իրենից՝ Բաքվում ջերմորեն սիրված ԼՏՊ-ից, բայց ստիպված էր բավարարվել այլ Լևոնով՝ Զուրաբյանով։

Բնականաբար, ոչ մի նոր ու հետաքրքիր բան վերջինս չասաց։ Ավելի քան 20 տարի առաջ առաջին նախագահի արտահայտած մոտեցումները վերակենդանացնելու «Թուրանի» խմբագրի համառ փորձերն առանձնակի հաջողություն չունեցան։ Զուրաբյանի խելքը բավականացրեց նշելու, որ աշխարհն այն ժամանակներից ի վեր սաստիկ փոխվել է, և այդ մոտեցումներն այսօր թեև «արդիական» են, բայց արդեն կիրառելի չեն։ Սակայն սա այն դեպքն է, երբ կոնկրետ մարդու հետ հարցազրույցի բուն փաստը շատ ավելի կարևոր է , քան թե հատկապես ինչ է նա ասում։ Մեկ բացառությամբ. և դա հենց այն է, ինչը դրվել է որպես հոդվածի վերնագիր։

Հիշեցնենք. որպես Հաջիևի այցի նպատակ էր նշվել «Հայաստանում տիրող հասարակական տրամադրություններն ավելի լավ հասկանալու» ցանկությունը։ «Հարցազրույց տվողներն ընտրվել են այն մարդկանց թվից, որոնք ունեն ազդեցություն, հեղինակություն և կարող են արտահայտվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության առավել լուրջ հարցերի վերաբերյալ։ Լևոն Զուրաբյանը հայկական քաղաքականության լիբերալ թևի ներկայացուցիչն է և Լևոն Տեր-Պետրոսյանի մերձավոր զինակիցը։ Դժվար է ասել, թե նրա արտահայտությունները կամ գնահատականներն ընդունելի են Ադրբեջանի համար։ Սակայն դրանք կարևոր են Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունները հասկանալու և գիտակցելու համար»,- գրում է նա նախաբանում։ Այսինքն հայկական քաղաքականության հավերժական թերահաս Լևոն Զուրաբյանը մատուցվում է որպես հասարակության մեջ «ազդեցություն և հեղինակություն ունեցող» գործիչ։

Այդ կապակցությամբ հիշեցնենք պրն Հաջիևին, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում հավաքեց ձայների ընդամենը 1,6%։ Եվ դա այն բանից հետո, կամ ավելի ճիշտ՝ այն բանի արդյունքում, երբ երկար տարիներ լռած կուսառաջնորդը անձամբ բարեհաճեց մասնակցել նախընտրական քարոզարշավին, որպեսզի կրկին հիշեցնի և համոզի ժողովրդին Արցախի հարցի նկատմամբ իր մոտեցումների իրավացիությունը։ Դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին ՀԱԿ-ն ընդհանրապես չէր մասնակցում, իսկ ինքը՝ Զուրաբյանը, ի տարբերություն մի շարք հհշականների, չընդգրկվեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակում և չդարձավ պատգամավոր (չար լեզուներն, ի դեպ, ասում են, որ նա հուսահատ ջանքերով փորձում է հասնել Ռուսաստանում ՀՀ դեսպանի իր համար բաղձալի պաշտոնին)։ Ստացվում է, որ եթե անգամ Տեր-Պետրոսյանի զինակցի հետ հարցազրույցը «կարևոր է Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունները հասկանալու» համար, ապա բացառապես ժողովրդի կողմից Արցախի նկատմամբ ՀԱԿ-ի դիրքորոշման անընդունելիության տեսանկյունից։ Ինչը, բնականաբար, չի բխում Բաքվի շահերից, որքան էլ ճգնի ընդդիմադիր Հաջիևը իրեն ներկայացնել մի այդպիսի անաչառ լրագրողի դերում։

Հարկ չկա կասկածի տակ առնել այն, որ «Հայաստանում տիրող տրամադրությունները շոշափելը» բաքվեցի լրագրողի համար նշանակում էր առաջին հերթին արձանագրել, որ ԼՏՊ-ի պարտվողական դիրքորոշումն առաջվա պես առկա է և կողմնակիցներ ունի հասարակության մեջ։ Զրուցակցի ընտրությունը ցուցադրում է նման ենթախավի ծայրահեղ սակավաթվությունը և դրա ներկայացուցիչների մարգինալությունը, սակայն Հայաստանի ներքաղաքական կյանքի մանրամասներին ոչ լավատեղյակ ադրբեջանցի ընթերցողի համար դա միանգամայն այլ բան է նշանակում։

Եվ վերջինը՝ գլխավորը։ «Թուրան»-ին Զուրաբյանի տված հարցազրույցը հերթական անգամ ընդգծեց Ադրբեջանին տարածքային որևէ զիջումներ անելու բուն մտքի անթույլատրելիությունը։ ԼՏՊ-ի զինակիցը նման մոտեցումն անվանում է «մաքսիմալիստական», իսկ դրա կրողներին՝ «ազգայնամոլներ», առաջարկելով պաշտոնական Բաքվին «խոսել իր քաղաքացիների հետ» Ղարաբաղում և նրանց առաջարկել «կարևոր պայմանների հավաքածու. անվտանգություն, ժողովրդավարության իրավունք, քաղաքացիական իրավունքներ»։ «Եթե դա լիներ, և ղարաբաղցիներն իմանային, որ իրենք կարող են հանգիստ ապրել ու զարգանալ, իրենց համար կան բոլոր հնարավորությունները, ապա ինչո՞ւ պիտի առանձնանային»,- բարբառում է Զուրաբյանը, ցուցադրելով իր շեֆին լիովին արժանի ցինիզմ։ Ասես չեն էլ եղել թեկուզ վերջին տասնամյակները, որոնց ընթացքում Ադրբեջանը մշտապես ապացուցել է իր քաղաքականության ցեղասպան բնույթը, չթաքցնելով, այլ հակառակը՝ բացահայտ ցուցադրելով իր կողմնակցությունը թուրքական ռազմավարական նպատակին. հայերի ոչնչացում կամ վտարում բնակության պատմական վայրերից և Հայաստանի ողջ տարածքի զավթում։

Այդ քաղաքականության 30 տարիները առավել քան բավական պիտի լինեին մեզ համար՝ հասկանալու տերպետրոսյանական գաղափարների ծայրահեղ վտանգավորությունը հայկական պետականության բուն գոյատևման և զարգացման համատեքստում։ Այս կարևորագույն թեզը կրկին հնչեցվեց նշանավոր փորձագետ Արեգ Գալստյանի օրերս հրապարակված հոդվածում. «Երևանում և Ստեփանակերտում անհրաժեշտ է հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված ցանկացած հռետորաբանություն և գործողություններ օրենսդրական մակարդակով հավասարեցնել պետական դավաճանության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Թե ինչ է ենթադրվում «դրանից բխող բոլոր հետևանքներով» բանաձևի հետևում, ոչ մեկին բացատրել պետք չէ։ ՀԱԿ-ը և իր նմանները կարող են ինչքան ասես լիբերալությամբ զբաղվել ներքաղաքական դաշտում, բայց տվյալ ենթատեքստում Արցախի թեմայի քննարկման վերաբերյալ պետք է կտրական և համընդհանուր տաբու հայտարարվի՝ նկատի առնելով հարցի ճակատագրականությունը։ Ըստ որում՝ հայտարարվի պետության կողմից, դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաև օրենսդրական բնույթի։

Основная тема:
Теги: