ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ ՀՈԳՆԱԾՆԵՐԸ

«Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան, որոնց մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա էլ պետք է աշխատել»,-Հայաստանի կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Panorama.amը։

Ներկայացնելով հիմնական խնդիրները, որոնց հետ ստիպված են բախվել ներդրողների հետ բանակցությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբեմն ներդրողների հետ անցկացրած ժամանակն իզուր է անցնում, ինչի արդյունքում տուժում են մնացած հնարավոր ներդրողները։

«Այս առումով մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշակի ֆիլտր ենք մշակել, թե ինչպես վարվել. առաջարկվում է նման խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, որոնք բանկից կներկայացնեն տեղեկանք, էսպես ասած, այսինքն՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար: Ասենք, եթե մարդ, որը կյանքում իր բանկային հաշվում 5 հազար դոլար չի ունեցել, եկել ասում է՝ 50 միլիոն կամ 5 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ էդտեղ ինչ-որ բան էնպես չի: Իսկ եթե բանկը հավաստիացնում է, որ էս մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի, թե ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն կոնկրետ ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար՝ մենք ժամանակ չենք ծախսում որևէ այնպիսի խոսակցության վրա, որը այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ»,- նշեց ՀՀ վարչապետը։

Բայց անհնար է լռել հետևյալի մասին. ամեն տեսակի ներդրողների հոսքը զսպելը, իհարկե, հոգսաշատ գործ է, որը պահանջում է ջանքերի մոբիլիզացում և ոչ ստանդարտ լուծումներ։ Եվ այստեղ սովորական կոչով, թե՝ հերթ կանգնեք, պարոնայք, հե՛րթ կանգնեք, գործն ակնհայտորեն գլուխ չի գա։ Ուստիև հարկ չկա զարմանալ, որ ծագել է հերթական հեղափոխական նախաձեռնությունը, որը կոչված է կարգուկանոն մտցնել աստիճանավորների ընդունարաններում իրենց ներդրումային առաջարկություններով կուտակված գործարարների շրջանում։

Այլ հարց է, որ մի տեսակ կասկածելի է թվում ներդրումային այն էնտուզիազմը, որից կառավարությունը պատրաստվում է պաշտպանել իր անդորրը։ Կասկածելի՝ առաջին հերթին այն պատճառով, որ բացարձակապես անհասկանալի են այն մարդկանց շարժառիթները, որոնք ցանկանում են կապիտալ ներդնել հենց Հայաստանում։ Նման շարժառիթներներ սովորաբար կարող են ծառայել պետության բարենպաստ հարկային քաղաքականությունը, բարենպաստ իրավիճակը աշխատանքի շուկայում, տրանսպորտային հաղորդակցությունների բարենպաստ պայմանները և, վերջապես, կայուն, հասկանալի օրենսդրությունն ու արդարադատության համակարգը։ Թող ների ընթերցողն իմ թերահավատությունը, բայց «Նոր Հայաստանը» թվարկված ամենից ոչինչ չի կարող առաջարկել հավանական ներդրողին։

Միակ բանը, ինչով իշխանությունը պատրաստվել է գրավել ներդրողների ուշադրությունը և՛ կես տարի առաջ, և՛ հիմա, դա հեղափոխությունն է։ Այն ժամանակ այդ մարդկանց հրապուրում էին իրականացված թավշե հեղափոխությամբ, այժմ՝ տնտեսական։ Համաձայնեք, լուրջ ներդրողների՝ այդ պրագմատիկ մարդկանց համար հեղափոխական պաթոսը չի կարող հիմք ծառայել իրենց կապիտալի ներդրման հրապարակն ընտրելիս։ Լուրջ մարդկանց հարկավոր են ավելի լուրջ փաստարկներ։ Այնպես որ լիովին բնական է, որ ժամանակակից Հայաստանի հեղափոխական դիմագիծը ավելի շատ հրապուրում է անլուրջ ներդրողներին։ Նրանց, ովքեր այսօր ձանձրացնում են կառավարությանը։

Իսկ այժմ, այսպես ասենք՝ ֆեյք-ներդրողներին ֆիլտրելու բուն գաղափարի մասին։ Իհարկե, նշված մեխանիզմում որոշակի տրամաբանություն կա։ Իրոք խոստանալ կարելի է միլիարդներ՝ հոգապահուստ մի գրոշ անգամ չունենալով։ Համապատասխանաբար, նախքան ներդրումային խոստումներ լսելը, չէր խանգարի որոշակի պատկերացում ունենալ կոնկրետ առաջարկի իրական ներուժի մասին։ Իհարկե, ամեն տեսակի արկածախնդիրների առջև յուրօրինակ արգելապատնեշ դնելն անհրաժեշտ է։ Եվ այստեղ, հնարավոր է, արդիական են ոչ միայն բանկից, այլև ոստիկանական բաժանմունքներից ու հոգեբուժական դիսպանսերից տրված տեղեկանքները։ Հարցը միայն այն է, որ բանկի տված տեղեկանքներ, ըստ էության, ծրագրվում է պահանջել նաև լուրջ գործարարներից։ Դժվար թե վերջիններիս սրտով լինի անվստահության նման մակարդակը, և դժվար թե դա խթանի կապիտալն այստեղ ներդնելու ցանկությունը։ Ըստ էության, նրանցից պահանջվում է տեղեկանք իրենց լրջության մասին, ինչն ակնհայտորեն վանող գործոն կդառնա։ Թեպետ, նրբանկատությամբ իշխանությունն աչքի չի ընկնում նույնիսկ գործող ներդրողների նկատմամբ։ Ուրեմն ինչո՞ւ պիտի այլ մոտեցում ցուցաբերի հավանական ներդրողների պարագայում։

Եվ այնուամենայնիվ պետք է ընդունել, որ ֆիլտրելու գաղափարն ինքնին բավական լավն է ժամանակակից Հայաստանի համար։ Միայն թե չէր խանգարի դա գործարկել ոչ միայն ներդրումային առաջարկների ոլորտում, այլև ուրիշ տեղերում։ Օրինակ, կարելի էր անիրագործելի խոստումների ֆիլտրով անցկացնել կառավարության ծրագիրը։ Ճիշտ է, այդ դեպքում դրանից կմնար միայն վերնագիրը։ Կարելի էր անձեռնհասության ֆիլտրով անցկացնել գործադիր իշխանության ողջ կազմը։ Ճիշտ է, այդ դեպքում կառավարությունում կմնային միայն հավաքարարները

Основная тема:
Теги: