ԴԱՎԹԻ ՖԻՐՄԱՅԻՆ ԲՈՒԼԿԻՆԵՐԸ
2016 թվականին Հայաստանի Տավուշի մարզում մեկնարկեց «Համակողմանի աջակցություն գյուղական շրջանների զարգացմանը. համայնքների կայունության ամրապնդում» նախագիծը, որն արդեն հիանլի արդյունքներ է տվել։ Անցած 3 տարիների ընթացքում ծրագիրն օգնել է 60 հազար մարդու աշխատանք ստանալ համայնքի նորաստեղծ կազմակերպություններում, հիմնել սեփական բիզնես, բարելավել իրենց ընտանիքների նյութական վիճակը, և, ամենագլխավորը՝ հրաժարվել արտագաղթման մասին մտքերից։
Նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի դաշնության կողմից և իրականացվում Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԿԶԾ) շրջանակներում՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Արված աշխատանքի մասին հաշվետվությունն օրերս մասնագետներին, հասարակայնությանը և ԶԼՄ-ներին ներկայացվեց մայրաքաղաքի «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ՄԱԿԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը, ՀՀ գյուղական համայնքների զարգացման և ամրապնդման ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան նախագծի ղեկավար Արմեն Տիրատուրյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և այլք։ Մասնակիցները ներկայացրեցին ծրագիրը և դրա նվաճումները, որից հետո ցուցադրվեց փաստագրական ֆիլմ, որը նկարահանվել է նախագծի շրջանակներում և պատմում է Տավուշի շրջանի սահմանամերձ գյուղերի դժվարին կյանքի մասին և այն փոփոխությունների, որոնք տեղի են ունեցել նախագծի ներդրումից հետո։ Ապա իր պատմությունը պատմեց 22-ամյա Դավիթ Եգանյանը, որը, ինչպես նշեց երեկոն վարողը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է ոչ միայն ծառ տնկել ու որդի ծնել, այլև Սարիգյուղում հիմնել սեփական փուռը։
Մինչ այդ Դավիթն իր ապագան բավական մշուշոտ էր պատկերացնում։ Անգործ մնալ հարազատ գյուղում, որն արևելյան կողմում սահմանակից է Ադրբեջանին և հաճախ ենթարկվում է հրակոծության, թե՞ տեղափոխվել Երևան կամ էլ ընդհանրապես ավելի հեռու՝ Ռուսաստան. այս հարցերը շատ էին հուզում նրան։ Սակայն տուն վերադառնալով բանակային ծառայությունից, նա փոփոխությունների ականատես դարձավ։ ՄԱԿԶԾ ծրագրի աջակցությամբ Դավիթը ռիսկի դիմեց՝ գյուղում բացելով հացաբուլկեղենի թխման արտադրամաս, և չսխալվեց։
«Սարիգյուղն իր փուռը չուներ։ Հացն ու հացաբուլկեղենը այստեղ և հարևան գյուղեր էին բերվում հեռվից,- պատմեց Դավիթ Եգանյանը։- Իմ մտահղացումով դիմեցի ՄԱԿԶԾ նախագծի ղեկավարությանը, և շուտով ինձ տրամադրվեց փուռ ստեղծելու համար անհրաժեշտ սարքավորում։ Գյուղապետի հետ խոսելով, ես կարողացա ստանալ նաև ոչ մեծ շինություն, որը ողջ ընտանիքով վերանորոգեցինք ու կարգի բերեցինք՝ սանիտարական նորմերին լիովին համապատասխան։ Շուտով մեր թխվածքի բույրը տրածվեց ոչ միայն Սարիգյուղում, այլև շրջակայքում»։
«Համակողմանի աջակցություն գյուղական շրջանների զարգացմանը. համայնքների կայունության ամրապնդում» նախագծի բյուջեն 5 միլիոն դոլար է, այն իրագործվում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում և դա, Դմիտրի Մարյասինի խոսքերով, ամենագլխավոր տարբերությունն է գյուղական զարգացման նմանատիպ այլ ծրագրերից։
«Մենք հատուկ ընտրել ենք այն գյուղերը, որոնք առանձնակի վտանգի տակ են։ Դրանք Տավուշի սահմանին գտնվող 45 բնակավայրեր են, որոնք հաճախ են գնդակոծվում, և այստեղ ապրելը հեշտ բան չէ,- նշեց Դ.Մարյասինը։- Ծրագրի խնդիրն է՝ ստեղծել աշխատատեղեր, այնպես անել, որ բնակիչները, եկամուտի աղբյուր ձեռք բերելով, մնան գյուղերում և չարտագաղթեն։ Ընդ որում մեր նախագիծը հումանիտար չէ. պարտադիր պայման է տեղական համայնքի կողմից համաֆինանսավորումն առնվազն 20%-ով։ Այսինքն, եթե մենք օգնում ենք ջերմոց դնել, այգի գցել, ոռոգման համակարգ կառուցել և այլն, ապա գյուղացիները դրան որոշակի ֆինանսական մասնակցություն են ցուցաբերում։ Դա ապահովում է այլ՝ տիրոջ վերաբերմունք նյութական այն արժեքների նկատմամբ, որոնք մենք հանձնում ենք գյուղացիներին»։
Դ.Մարյասովի խոսքերով, շնորհիվ նախագծի՝ Տավուշի մարզում առաջին անգամ հայտնվեցին խիտ այգիներ, շատ տեղերում ներդրվեց կաթիլային ջրարբիացում, ստեղծվեցին մի քանի կենտրոններ, որտեղ կարելի մրգեր չորացնել, պահպանել արտադրած մթերքը։ ՄԱԿԶԾ նախագծի մասնագետներն օգնում են նաև խորհուրդներով, գիտելիքներով, ցուցաբերում տեխնոլոգիական աջակցություն։ Ծրագրի բացառիկությունը նաև նրանում է, որ հաջողվեց հավասարության պայմաններով միավորել մի քանի համայնքներ՝ գյուղատնտեսական տեխնիկայի, կոմբայնների, տրակտորների և այլ միջոցների օգտագործման հարցում։ Հողատերերը վճարում են տեխնիկայի օգտագործման համար, բայց ցածր գնով, իսկ հավաքված գումարն արդյունքում ուղղվում է համայնքի սոցիալական կարիքների բավարարմանը. մանկապարտեզի նորոգում, գուղի լուսավորության խնդրի լուծում և այլն։
«Մեր նշանաբանն է. համայնքն ուժեղ է, եթե ուժեղ է նրա յուրաքանչյուր անդամը»,- նշեց Արմեն Տիրատուրյանը։- Ծրագիրն իրագործվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ և ներառած է ՀՀ կառավարության առաջնահերթ ծրագրերի թվում։ Դրա արժևորությունն այն է, որ մենք օգնում ենք համայնքին ինքնուրույն մասնակցելու սեփական խնդիրների լուծմանը, հաշվի ենք առնում համայնքի կարիքները, ցանկությունները, ռեսուրսները և դրանց հիման վրա կառուցում նախագիծը։ Մեր նպատակն է՝ դեպի լավը փոխել համայնքի յուրաքանչյուր անձի կյանքը, և եթե մարդիկ մնան գյուղերում ու շարունակեն այնտեղ ապրել և աշխատել՝ դա հաղթանակ է»։
«Կյանքը շարունակվում է» ֆիլմը ակնհայտորեն ցուցադրեց նախագծի հաջողությունը։ Դրա հերոսները՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, պատմում են, թե ինչ սարսափելի է ապրել հարևան Ադրբեջանի կողմից գնդակոծման պայմաններում, թե որքան հաճախ են ստիպված լինում թաքնվել նկուղներում, այնտեղ թողնել երեխաներին ու ծերերին, մթության մեջ անցկացնել երեկոները, որպեսզի պատուհանի լույսը չդառնա թշնամու թիրախը, իսկ երբեմն էլ նաև գնդակի տակ ընկնել, վիրավորվել։ Հենց որ բերքը ծլում է, վայ-հարևանները կրակ են բացում դաշտերի վրա, նշանառության վերցնում գյուղացիներին բերքահավաքի ժամանակ։ Եվ այդուհանդերձ ՄԱԿԶԾ նոր նախագիծը կյանք վերադարձրեց գյուղերին ու բնակիչներին, նրանց սրտերում հույս սերմանելով։ Սարիգյուղ, Խաշտարակ, Լուսահովիտ և այլ գյուղերում քիչ չեն վերածնման մասին պատմությունները, ինչպեսև հաջողության հասած ձեռներեցների ու ֆերմերների անունները։
Նրանց թվում է նաև Դավիթ Եգանյանը, որի թխած հացն առանձնահատուկ տեսք ու համ ունի և այսօր ճանաչված է որպես Տավուշի բրենդ։ Ի դեպ, Դավիթն ամեն օր թխում է 300-500 հատ տարբեր տեսակի հացեր, կախված տարվա եղանակից, և մինչև 600 բուլկիներ։ Ծաղկի ձևը հացթուխի ֆիրմային գաղտնիքն է, որի մասին չի շտապում կիսվել։ Նրա փուռն այսօր արտադրանքով ապահովում է ոչ միայն Սարիգյուղը, այլև հարևան գյուղերը։ Ընդ որում, ինչպես նշեց Դմիտրի Մարյասինը, Եգանյանի բոլոր բոքոններն ու բուլկիները վաճառվում են թղթե փաթեթավորմամբ, նրա արտադրանքին հաղորդելով եվրոպական մակարդակի մրցունակություն։ Ծրագրի ղեկավարները միտք են հղացել Դավթի հացաբուլկեղենով ապահովել դպրոցները։ Իսկ առայժմ, «Լոֆթ»-ում կազմակերպված միջոցառման ժամանակ Դավիթ Եգանյանը համագործակցելու առաջարկ ստացավ երևանյան «Էքստրիմ» սրճարանից։
Հավելենք, որ «Համակողմանի աջակցություն գյուղական շրջանների զարգացմանը. համայնքների կայունության ամրապնդում» նախագիծը հաշվարկված է 2016-2020 թվականների համար։ Ինչպես նշեց Վաչե Տերտերյանը, այժմ բանակցություններ են ընթանում դրա ժամկետը երկարաձգելու և Գեղարքունիքի մարզի գյուղերում իրականացնելու նպատակով։