ԹԵՐԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ…

Առայժմ Հայաստանի կառավարությունը կկազմավորվի 2/3-ով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում պատմել է, թե ինչ կերպ պիտի ձևավորվի կառավարությունը՝ հաշվի առնելով նոր կառուցվածքը։

Բայց անհնար է լռել. միանգամից վերապահում անեմ, խոսքը կառավարության փետրվարի 28-ի նիստի մասին չէ, և ոչ էլ նրա, որը կայացավ փետրվարի 21-ին։ Այդ նիստն ընդհանրապես տեղի է ունեցել ոչ փետրվարին և նույնիսկ ոչ հունվարի վերջին։ Այն կայացել է հունվարի 17-ին։ Ինչի՞ համար է այս ճշտումը։ Ամեն ինչ պարզ է. գրեթե մեկուկես ամիս շարունակ երկիրը ղեկավարում է «թերկառավարությունը», և դեռ հայտնի չէ, թե երբ դուրս կգա հայկական գործադիր իշխանությունն այդ «թեր» վիճակից

Իհարկե, պաշտոնապես այստեղ ամեն ինչ թույլատրելիի սահմաններում է։ Ինչպես այն ժամանակ՝ մեկուկես ամիս առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը, «համաձայն օրենքի, կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակված է դրա անդամների 2/3-ը»։ Ողջ հարցն այն է, որ այդպիսին այն լոկ «համարվում է», այլ ոչ թե հանդիսանում գործնականում։ Վարչապետը խոսում էր նաև այն մասին, որ գործադիր իշխանության կազմի 1/3-ը նշանակված չէ, «քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը»։ Եվ ահա այդ «քանի դեռ»-ը ձգվում է առ այսօր։ Մինչև հիմա չկա որոշում կառավարության կառուցվածքի վերաբերյալ, իսկ համապատասխան օրինագիծը դեռ հասարակական քննարկումների փուլում է կառավարության կայքում, որը նախատեսված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման և դրանց հասարակական քննարկման համար։ Այստեղ պետք է ասել, որ հասարակայնությունն այդ հարթակը բնավ չի անտեսում և այնուամենայնիվ առաջարկություններ է անում օրինագծի վերաբերյալ։

Թե որքան ժամանակ կհավաքվեն առաջարկությունները, ինչքան կտևի փաստաթղթի ուղին մինչև հաստատում խորհրդարանի կողմից, ասելը բարդ է։ Սակայն հիմքեր կան համարելու, որ տարվա առաջին եռամսյակը գործադիր իշխանությունը կանցկացնի այդպիսի առկախ վիճակում։ Բնականաբար, այդ ամենը «կախում է» նաև կառավարության ստորաբաժանումների աշխատանքը, համենայն դեպս՝ նրանց, որոնք օրինագծում չկան, բայց առայժմ ձևականորեն գոյություն ունեն։ Իրավիճակը է՛լ ավելի արտառոց է, եթե հաշվի առնենք, որ կառուցվածքի վերափոխումն ընդհանրապես ծանուցվում էր որպես օպտիմալացման միջոց, մինչդեռ փոխարենը ստացվեց անորոշություն։

Այն մասին, թե ինչու են ձգձգում այդ հարցի լուծումը, խոստովանենք, կռահումներ անգամ չկան։ Այստեղ հիշեցնեմ, որ գաղափարը հրապարակայնություն ստացավ դեռևս անցած տարի։ Հասարակական առանձնակի հավանության դա, մեղմ ասած, չարժանացավ։ Բայց այդուհանդերձ մնաց օրակարգում։ Հետևաբար, բնավ հասարակական բացասական արձագանքը չէ, որ կարող է դառնալ զսպիչ գործոն որոշումն ընդունելիս։ Թե ինչ «դետալներ են հստակեցվում», նույնպես մի տեսակ անհասկանալի է։ Միակ բանը, որ այստեղ կարելի է ենթադրել, սեփական գաղափարի նկատմամբ հեղինակների հետաքրքրության աստիճանի նվազումն էՊաղել են, ըստ երևույթին։ Դե, և գցել են դարակի հեռավոր անկյուն։

Ասենք, դա չի զարմացնում։ Դա բնորոշ է նոր իշխանության ոճին, ինչի օրինակները բազմաթիվ են։ Սահմանափակվենք, թեպետ, մի քանիսով։

Ինչպես որ կառավարության կառուցվածքը, այնպես էլ դրա ծրագիրը վստահորեն կարելի է դասել անավարտ գործերի թվին։ Բավական է հիշել, որ վարչապետը երեք օր շարունակ մեկնաբանում ու հստակեցնում էր փաստաթուղթը խորհրդարանում։ Հիմա չենք մտաբերի, թե հատկապես ինչ և ինչ ձևով էր ասում կառավարության ղեկավարը ԱԺ-ի ամբիոնից։ Խոսքը հիմա այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե որքան հում, անըմբռնելի, այլ կերպ ասած՝ կիսատ-պռատ էր ծրագրի տեքստը, որ պահանջվեցին մի շարք լրացուցիչ ճշտումներ։ Իդեպ, արժե ուշադրություն դարձնել մի հետաքրքիր առանձնահատկության վրա. փաստաթղթի տեսքով ծրագիրը թղթի վրա կար և մնաց նույն վերացական ձևաչափով, իսկ այ հստակեցումը (հարաբերական) բանավոր ձևով հնչեց վարչապետի մեկնաբանություններում։ Հիմա այնքան էլ հասկանալի չէ, թե ինչով է առաջնորդվելու կառավարությունը. վարչապետի ելույթից վերցրած թեզիսներով, թե՞ ծրագրով, որում գրեթե բոլոր հարցերը մնացել են օդում կախված

Իսկ ընդհանրապես օդում կախված հարցերն առավել քան շատ են նաև կառավարության ծրագրից դուրս։ Այսպես, օրինակ, ամիսներ շարունակ կախված է մնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, կախված է գազի սակագների հարցը, կախված է «Լիդիան Արմենիա»-ի խնդիրըՀայկական կառավարության ներուժն այն աստիճան ողորմելի գտնվեց, որ նրա պարագայում կախված է գործնականում ամեն ինչ։ Ճշտում եմ. կախված են հարցերը։ Հրատապ, օպերատիվ լուծումներ պահանջող հարցերը։

Բայց քանի որ, կրկնեմ, գործ ունենք «թերկառավարության» հետ, ապա այդպիսի գործադիր իշխանությունից ակնկալել ավելին, քան թերլուծումներ, վիճակված չէ։ Թեև ներքին ձայնը հուշում է, որ կառավարության կառուցվածքի վերջնական ճշտումից հետո էլ վերջակետերի փոխարեն բազմակետեր դնելու եռանդը չի մարի։

Основная тема:
Теги: