Ո՜Վ Է ԽՈՍՈՒՄ…
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է ԶԼՄ-ներում տպագրված տեղեկությունները, որոնց համաձայն ինքը հանձնարարել է հրահանգավորել դպրոցների տնօրեններին, որ չհրապարակեն տեղեկատվությունը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամ դպրոցների կողմից փոխանցված ֆինանսական միջոցների մասին, հաղորդում է aysor.am-ը։
«Կատարյալ զրպարտություն, որի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ու խնդրում եմ հետո չգրել, թե սա ճնշում է մամուլի վրա»,- Facebook-ի իր էջում գրել է նախարարը։
Բայց լռելն անհնար է. իհարկե, իրավացի է նախարարը, համարելով, որ զրպարտության համար պետք է պատասխանատվության ենթարկել։ Բայց որքան էլ որ նա ժխտի, որ իր հայտարարությունը մամուլի վրա գործադրված ճնշում է, այդուհանդերձ հենց նման տպավորություն է գործում նրա արձագանքը։ Ավելի ճիշտ՝ դա ճնշում չէ, դա ավելի շատ նման է սպառնալիքի։ Այնպես որ, օգտվելով Արայիկ Հարությունյանի ոճից, ասենք. պարո՛ն նախարար, խնդրում ենք, մի՛ սպառնացեք մամուլին…
Թեպետ, հարցն այստեղ այլ բանում է ամփոփված։ Իրականում ստի, զրպարտանքի և, կարևորը՝ տպագրածի համար պատասխանատվության ենթարկվելու մասին հայտարարությունը մի տեսակ զվարճալի է հնչում հենց այդ գործչի շուրթերից։ Մի՞թե ինքը չէր, որ ժամանակին, օրինակ, բացասական գնահատականներ տվեց «Այբ» դպրոցին, դեռևս նախքան աուդիտ անցկացնելը։ Ինքն էր։ Մի՞թե ինքը չէր, որ պատասխանատվության չենթարկվեց իր խոսքերի համար՝ դպրոցի վրա արդեն անհաջող «վրաերթից» հետո։ Դարձյալ ինքն էր։ Այնպես որ՝ ո՜վ է խոսում սեփական արտահայտությունների համար պասխանատվությունից… Այստեղ գործեց բումերանգի հայտնի սկզբունքը։
Նույն սկզբունքը գործեց նաև մեկ այլ ականավոր հեղափոխական գործչի՝ Դավիթ Սանասարյանի պարագայում, կոռուպցիոն սկանդալի համատեքստում, որի մասնակիցներն էին նրա ենթակաները։ Այժմ Սանասարյանը խոսում է անմեղության կանխավարկածի, իր աշխատակիցների բյուրեղյա ազնվության մասին, իբր՝ նրանց մեղավորությունը դեռ ապացուցել է պետք է և, նկատեք, ապահովել նախաքննության գաղտնիությունը, որպեսզի ստվեր չընկնի նրանց հեղինակության վրա։ Ամեն ինչ ճիշտ է։ Բայց ո՜վ է խոսում…Մի՞թե հենց Դավիթ Սանասարյանը չէր, որ աջ ու ձախ պախարակում, կոռուպցիայի և բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրում էր բոլոր նախկիններին։ Շա՞տ են արդյոք նրանք (նախկիններից), ում մեղավորությունն ապացուցված է դատական վճռով նույնիսկ այսօր, իշխանափոխությունից համարյա մեկ տարի անց։
Կարելի էր բերել երկակի չափանիշների հանդեպ գործող իշխանության ներկայացուցիչների բուռն հակման ապացույցների ևս մի ամբողջ կույտ։ Ե՛վ փաստերն են այստեղ շատ, և՛ գործող անձինք։ Սակայն թերևս այս երկուսն էլ, թերևս, բավական են՝ որպես օրինակ այն նույն բումերանգի սկզբունքի։ Բումերանգ, որը նետվել է մեկ տարի առաջ և այսօր վերադառնում է գործող իշխանությանը՝ ամբողջությամբ վերցրած։