Նաիրա Զոհրաբյան․ կանայք պաշտպանված չեն

Հայաստանում ընտանեկան բռնությունից կանանց պատշպանվածության մակարդակը շատ ցածր է: Այդ մասին Լուրեր Հայաստանից - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ չնայած ընդունվել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, սակայն այն չի գործում:

«Ինձ համար ակնհայտ էր, որ իրավական ակտերը չեն գործի, քանի դեռ չփոխվի մտածողությունն ու հանրային ընկալումը: Փոփոխությունները, եթե դրանք կան, աննշան են: Եւ այսօր կինն ի զորու չէ պայքարել իր իրավունքների համար, այդ թվում՝ ընտանեկան բռնության հարցում»,-նշել է պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ կանանց ներգրավումը երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում կնպաստի, որ ընդունվող որոշումները կրեն վառ արտահայտված սոցիալական ուղղվածություն:

«Այսօր Հայաստանում կնոջ ներուժը, ցավոք, չի ընկալվում որպես զարգացման ռեսուրս»,-պարզաբանել է նա:

Պատգամավորը նկատել է, որ քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը խուսափում են ներգրավել իրենց շարքերում կանանց, քանի որ չեն հավատում նրանց: Բացի այդ, կանայք հաճախ չեն հավատում իրենք իրենց ուժերին եւս:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ մարտի 8-ը, որպես կանանց իրավունքների պաշտպանության օր, կորցրել է իր նշանակությունը՝ վերածվելով «ծաղիկներ» նվիրելու տոնի:

Основная тема:
Теги: