Արման Թաթոյան․ Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ

Կարեն Ղազարյանի ընտանիքի անդամներն ու փաստաբանը զրկված են նրա հետ ձայնային կամ տեսաձայնային հաղորդակցությունից։ Միակ կապը թղթային նամակագրությունն է։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը։ Այս մասին Թաթոյանը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ։ Հանդիպման ընթացքում Թաթոյանը բարձրացրել է նաև Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Թաթոյանը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները նրա առողջական վիճակի, ինչպես նաև անհրաժեշտ հատուկ խնամք և բուժում ստանալու վերաբերյալ։

Բարձրացվել է նաև ընտանիքի անդամների հետ ձայնային կամ տեսաձայնային հաղորդակցություն ապահովելու վերաբերյալ ծնողների և փաստաբանի խնդրանքը, քանի որ այժմ դա իրականացվում է միայն թղթային նամակագրության միջոցով։

ՀՀ ՄԻՊ–ը բարձրացրել է նաև Կարեն Ղազարյանի վերադարձի հարցը։

Ղազարյանի վերաբերյալ խնդիրները Թաթոյանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ:

Հանդիպումների ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները այս և այլ հարցերով։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը նախորդ տարվա հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։

Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

2019թ.–ի փետրվարի 27–ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Основная тема:
Теги: