ՏՆՏԵՍԵԼ՝ ՄՍԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երևանի քաղաքային բյուջեի միջոցներից 760 միլիոն դրամ է տնտեսվել գնումների գործընթացի արդյունքում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, զեկուցվել է քաղաքապետ Հայկ Մարությանին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

Բայց անհնար է լռել. շատ տպավորիչ է, իհարկե, որ քաղաքապետարանը արդեն տարվա սկզբին կարողացել է տնտեսել մոտ մեկուկես միլիոն դոլար։ Ակնհայտ է, որ քաղաքի ղեկավարությունը կանգ չի առնի նվաճման վրա և 2019 թվականի տարեվերջին ցուցադրած կլինի պետգնումների ոլորտում իր փութաջանությանշատ ավելի պատկառելի ցուցանիշներ։ Այլ հարց է, որ բնավ միշտ չեն ծախսերի կրճատումն ու տնտեսումը տալիս սպասված պտուղները՝ խնդիրների լուծման տեսանկյունից, միանգամայն այլ հարց է, թե ինչպես են օգտագործվելու տնտեսված փողերը։ Այ այստեղ զիլ որոշումներ ակնկալելու հարկ չկա։ Քանզի փորձը ցույց է տվել, որ խնդիրների առաջնահերթության առումով քաղաքի հայրերի հայացքները ոչ միշտ են տեղավորվում սովորական տրամաբանության շրջանակներում։

Օրինակ, սովորական տրամաբանությունը հուշում է, որ քաղաքային բյուջեի սահմանափակությունը թույլ չի տալիս հայտարարել մայրաքաղաքի բարեկարգման վերաբերյալ առաջարկների ու գաղափարների մրցույթ՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով։ Սովորական տրամաբանությունը, օրինակ, հուշում է, որ քաղաքային գանձարանի սահմանափակությունը թույլ չի տալիս ահռելի գումարներ ծախսել քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների վրա։ Բայց, կրկնում եմ, քաղաքապետարանում առաջնորդվում են այլ տրամաբանությամբ։ Եվ թե այս անգամ ինչ լուծում կհուշի դա (տրամաբանությունը) տնտեսված միջոցների օգտագործման վերաբերյալ, դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ, քաղաքապետարենի ընդերքում կծնվի հերթական վիթխարի, կրեատիվ մտահղացումը, որը կֆինանսավորի Երևանի բյուջեն։

Մինչդեռ հրատապ խնդիրների լուծումը մի տեսակ սահուն հայտնվել է քաղաքային իշխանության ուշադրության մայթեզրին։ Այստեղ թերևս արժե հիշել ներկայիս քաղաքապետի նախընտրական խոստումները, նախընտրական ծրագիրը, որով նա հառնեց երևանցիների առջև որպես թեկնածու։ Այսպես ուրեմն, շատ հստակ նախանշված էր քաղաքային վերելակների վերակենդանացման խնդիրը, որոնք իրենց մաշվածության պատճառով իրական վտանգ են ներկայացնում երևանցիների կյանքի և առողջության համար։

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այն աստիճան տարվեց վերելակների խնդրով, որ մտահղացավ գնել նորերը, որոնք անհնար է խցկել գոյություն ունեցող վերելակային հորերը՝ չափերի էական անհամապատասխանության պատճառով։ Ասենք, նախընտրական Հայկ Մարությանը կարող էր անել անհնարինը։ Խցկել անխցկելին։ Իսկ այ, հետընտրական Մարությանը նույնիսկ հնարավորը հրաժարվեց անել, նույնիսկ խցկելին որոշեց դուրս հրել։

Այսպես, նույն այդ վերելակները, ըստ էության, դուրս հրվեցին առաջնահերթ խնդիրների ցանկից դեռևս մայրաքաղաքի բյուջեի հաստատման փուլում։ Համենայն դեպս վերելակների վերանորոգման համար բյուջեով սահմանված ծախսերը (նախորդ բյուջեի համեմատ) կրճատվեցին… 3 անգամ։ Եթե 2018 թվականին Երևանի բյուջեով այդ նպատակների համար նախատեսված էր ծախսել 108 միլիոն դրամ, ապա 2019-ի համար այդ գումարը կրճատվեց մինչև 30 միլիոնի։ Եվ այստեղ նորից վերադառնանք նախընտրական հռետորաբանությանը։

Անցած տարվա սեպտեմբերին Մարությանն ասում էր. «Երևանում կան 4400 վերելակներ, որոնցից 4200-ը գտնվում են վթարային վիճակում։ Մենք քայլ առ քայլ կվերանորոգենք դրանք, իսկ անհրաժեշտության դեպքում կփոխարինենք նորերով»։ 2019 թվականի փետրվարին նա ասում է. «Տվյալ պահին մենք փորձում ենք գտնել ֆինանսավորման աղբյուրներ։ Կամ կստեղծենք հատուկ բոնդեր, կամ վարկ կվերցնենք»։ Նկատեք, երբ վերելակները 95%-ը վթարային վիճակում է, դա պարզապես խնդիր չէ, դա ֆորս-մաժոր է, դա արտակարգ իրավիճակ է։ Եվ այստեղ անհրաժեշտ են լուծումների ոչ թե 2-3 տարվա տևողության հաշվարկներ, այլ շատ ավելի անհետաձգելի։ Բայց… Քաղաքապետարանը չգիտես ինչու միջոցներ չունի դրա համար։

Չգիտես ինչու միջոցներ ճարվեցին մրցույթն անցկացնելու համար։ Ընդ որում՝ պատկառելի միջոցներ. 500 միլիոն դրամ։ Կրկնում եմ, վերելակների վերանորոգմանը հատկացված է ընդամենը 30 միլիոն։ Չգիտես ինչու բյուջեում միջոցներ ճարվեցին ամանորյա պարգևավճարների համար։ Այդ նպատակով ծախսվեց 474 միլիոն դրամ։ Կրկնում եմ, այս տարի վերելակների վերանորոգմանը հատկացված միջոցները 3 անգամ ավելի քիչ են, քան 2018 թվականին։ Եվ ահա այս խորապատկերին խոսվում է այն մասին, թե այդ խնդրի լուծման համար վարկեր են պետք։ Քաղաքապետարանի տրամաբանությունը, թերևս, անըմբռնելի է…

Ահա թե ինչն է պատճառը, որ բյուջետային միջոցների տնտեսման ոլորտում քաղաքապետարանի նվաճումները մի տեսակ չեն տպավորում։ Նախ, այնքան էլ հասկանալի չէ, թե էլ ինպիսի՞ արտառոց գաղափարների վրա կծախսվեն այդ փողերը։ Երկրորդ, մսխումն ապահովելու համար տնտեսելը այնքան էլ լավատեսական չի թվում…

Основная тема:
Теги: