Դիանա ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄՆ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ Է
Ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, որ հեռու չէ այն օրը, երբ անցումային արդարադատության տարրերից մեկը կդառնա ունեցվածքի բռնագրավումն առանց դատարանի։ Համենայն դեպս կառավարությունը քննարկում է այդ մեխանիզմները, որոնք, վարչապետի կարծիքով, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի տեսանկյունից համարվում են նորմալ պրակտիկա կոռուպցիայի դեմ պայքարում, այլ ոչ թե մարդու իրավունքների սահմանափակում։ «Այս դեպքում գործում է ոչ թե անմեղության, այլ «մեղավորության» կանխավարկածը։ Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն համարվում է ապօրինի»,-ասել է վարչապետը։
Ի՞նչ են մտածում այս կասկածելի հայտարաության առնչությամբ իրավագետները։
«Ոչ ոք չի վիճում, որ պետք է պայքարել կոռուպցիայի դեմ,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը։- Մտաբերենք, որ դեռևս 2016 թվականին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու որոշման նախագծին, որի համաձայն քրեականացվում է ապօրինի հարստացումը։ Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտավ 2017 թվականի հուլիսի 1-ից։ Խոսքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխադարձորեն կապված մարդկանց մասին է, որոնք պարտավոր են օրենքով նախատեսված կարգով հայտարարագիր ներկայացնել եկամուտների մասին։ Կարելի է ենթադրել, թե վարչապետի ներկայիս հայտարարությունը նույն այդ մոտեցման շարունակությունն է, միայն թե քաղաքացիների հետ պետության ունեցվածքային փոխհարաբերությունների ենթատեքստում։ Եվ որպես նմուշ Հայաստանը ցանկանում է կիրառել Մեծ Բրիտանիայի փորձը, որտեղ 2017 թվականին ընդունվեց համանման օրենք։ Բայց ինչ էլ որ լինի, տվյալ հարցում (և դա սահմանադրության ուղղակի պահանջն է) ունեցվածքի բռնագրավումը պարտադիր պետք է կատարվի դատական կարգով և դատարանի որոշմամբ։ Այլ կերպ լինել չի կարող։
Էությունը հետևյալն է. ի՞նչ մեխանիզմ է ստեղծվելու, ո՞վ է իրագործելու ունեցվածքի բռնագրավումը։ Անպայման պետք է հստակ մշակված լինեն բոլոր չափորոշիչները, լուծված լինեն ապացուցողական բազայի հարցերը, որն անհնար է միակողմանի կարգով բարդել մարդու ուսերին, իսկ պետությունն ըստ որում լվա ձեռքերը, ինքն իրեն ազատելով ապացույցներ ներկայացնելու պարտականությունից։ Ունեցվածքի բռնագրավման ինստիտուտն ամեն դեպքում պետք է նախատեսված լինի դատական ճանապարհով։ Նաև անհրաժեշտ է հստակ ճշտել այն շրջանակները, թե ում վրա են տարածվում նման դրույթները, ընդ որում շրջանակը պետք է շատ սահմանափակ լինի և, կրկնում եմ, հստակ նախորոշված։ Պետք է նաև սահմանված լինի ունեցվածքի չափը, որի վերաբերյալ պետք է ընթանա հետաքննություն։
Ի դեպ, եթե կառավարությունը պատրաստվում է վկայակոչել Մեծ Բրիտանիայի փորձը, ապա այնտեղի օրենսդրության մեջ սևով սպիտակի վրա ամրագրված են վերոնշյալ բոլոր կետերը։ Իսկ եթե պարզապես վերցնես ու սկսես խլել ունեցվածքը, ապա դա կլինի սահմանադրության ճչացող ոտնահարում և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի խախտում, որի տակ Հայաստանը ստորագրել է և պարտավոր է հետևել դրան։ Առանց դատարանի, առանց դատական ակտի, առանց նրա, որ պետությունը նույնպես պարտավորություն կրի ապացուցողական բազա ապահովելու, ոչ ոք իրավունք չունի «ինչ ուզում եմ, այն էլ անում եմ» ռեժիմով զրկել մեկ ուրիշին ունեցվածքից…»։