ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵ՞Մ. ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՆ, ՋԵՆՏԼՄԵՆՆԵ՛Ր

ԱՄՆ-ը որոշել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Իրանի հետ ունեցած հարաբերությունների համար։ Որևէ մեկն այդ մասին հաղորդագրություն տեսե՞լ է մեր ԶԼՄ-ներում։ Բայց գլխավոր զվարճանքն այն է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն ներառվել պատժամիջոցների ցուցակում, թեև նրանց առևտրական հարաբերություններն Իրանի հետ շատ ավելի խորն են։

Իրանի հետ ՀՀ-ի առևՎուրը չի հասնում կես միլիարդի, այդ երկիրը չի մտնում Հայաստանի առևտրական խոշորագույն գործընկերների եռյակ։ Մինչդեռ Թուրքիայի առևտուրն Իրանի հետ հասնում է տարեկան մինչև 10 միլիարդի, իսկ Ադրբեջանում Իրանը նույնիսկ մասնաբաժին ունի նավթարդյունաբերության մեջ։

Բայց մեզ մոտ բոլորը լռում են։ Եվ ամենահնչեղ լռությունը նրանց կողմից է, ովքեր տարիներ շարունակ ելումուտ են ունեցել ամերիկյան դեսպանություն։ Իսկ հիմա նրանք նստած են կառավարական գրասենյակներում և ճիշտ այնպես են լռում, ասես ջուր են առել բերանները։ «Հայկական հարցը» պետք է լուծվի վերջնականապես, և մենք այսօր այդ լուծման շեմին ենք»,-այսօր Ֆեյսբուքում գրել է ցանցային ակտիվիստ Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆԸ Ադեկվադ»)։

Լուրն այնքան արտառոց է հնչում, որ սկզբում ոչ այնքան հավաստի թվաց։ Իսկապես, Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցային պատերազմը առաջին տարին չէ, որ մղվում է, սակայն ողջ այդ ընթացքում Վաշինգտոնը լիակատար ըմբռնում է ցուցաբերել Հայաստանի և Թեհրանի հարաբերությունների յուրահատկության նկատմամբ։ Այնինչ դեռևս մարտի 10-ին Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի (ԱՀԱԿ) գործադիր տնօրեն Արամ Համպարյանը իր էջում թողել է հետևյալ գրառումը (թարգմանությունը մերն է)։

«Պատժամիջոցների ընտրողական կիրառում Հայաստանի դեմ։

Ինչո՞ւ են հենց Հայաստանն ընտրել պատժամիջոցների համար, մինչդեռ խոսք անգամ չկա որևէ պատժամիջոցների մասին Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների նկատմամբ, որոնք համաձայն օրենքի պետք է ենթարկվեն պատժամիջոցների և շատ ավելի լայն ու մեծ հետևանքներով հղի կապեր ունեն Իրանի հետ։

Նման հակասությունը էական հարցեր է ծնում մասշտաբների, ծավալների և ընտրողականության վերաբերյալ, որ ցուցաբերում է Վարչակազմը պատժամիջոցների կիրառման առնչությամբ որոշումներ ընդունելու ընթացքում։

Ահա փաստերը.

ՄԱՍՇՏԱԲՆԵՐ։ Տնտեսական փոխգործակցության մակարդակը Հայաստանի և Իրանի միջև շատ ավելի ցածր է, քան հարևան Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում։

-Թուրքիան ներառված է Իրանի խոշորագույն տնտեսական գործընկերների թվում, ընդ որում նավթային և գազային ոլորտներում, ինչպեսև այլ արտադրանքի երկկողմ առևտրի ամենամյա ծավալը հասնում է մոտ 10 մլրդ դոլարի։

-Ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրը ներկայումս 10%-ով պատկանում է Իրանին (Իրանի ազգային նավթային ընկերության միջոցով), ընդ որում պատժամիջոցների ենթակա ներդրումների արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլար։

-Համեմատության համար. Հայաստանի տարեկան առևտուրն Իրանի հետ վերջին տարիներին չի հասնում 300 մլն դոլարի։

ԾԱՎԱԼՆԵՐ։ Իրանի և Հայաստանի միջև առևտրում արտադրանքի, ապրանքների և ծառայությունների ցանկը սահմանափակ է.

-Հայաստանը Իրանին տրամադրում է էլեկտրականություն, ոչխարի և այծի միս, ինչպես նաև ոչ երկակի նշանակության այլ արտադրանք։

-Իրանը Հայաստան է արտահանում հիմնականում գազ և այլ նավթամթերք, ինչպես նաև երկաթի հանքաքար, ապակի և պարարտանյութեր ամբողջը՝ ոչ երկակի նշանակության)։

-Իրանի առևտուրը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ ներառում է արտադրանքի և ծառայությունների շատ ավելի լայն սպեկտր։

ԸՆՏՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Հայստանն ընտրվել է որպես պատժամիջոցների ընտրողական կիրառման երկիր, չնայած փոխգործակցության շատ ավելի ցածր մակարդակ ունի Իրանի հետ, քան Թուրքիան, Ադրբեջանը կամ այլ երկրներ, որոնք օրենքի պահանջների համաձայն ենթակա են պատժամիջոցների կիրառման։

Առավել հստակեցնելու համար. ընտրողական պատժամիջոցներ են կիրառվում ընդդեմ Հայաստանի.

-ժողովրդավարական երկրի, որը համընդհանուր հավանության է արժանացել ազատ և արդար ընտրությունների անցկացման, ինչպես նաև լավ կառավարման համար,

-ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ երկրի, որն ավանդ է ներդնում Աֆղանստանում, Իրաքում, Մալիում, Կոսովոյում և Լիբանանում խաղաղության պահպանման գործում,

-առավելապես քրիստոնյա բնակչություն ունեցող երկրի (առաջին քրիստոնյա ազգը աշխարհում), որն աջակից է ազատությանը և հանդես է գալիս ատելության ու անհանդուրժողականության քաղաքականության դեմ,

-շրջափակման մեջ գտնվող և դեպի ծով ելք չունեցող երկրի, որի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հավասար է տարեկան մոտ 4000 դոլարի,

-մի երկրի, որն անվտանգ ապաստան է հանդիսանում Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների և այլ փախստականների համար,

-երկրի, որն իր անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգների է բախվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»։

Որպես երկակի չափանիշների օրինակ Արամ Համպարյանը բերում է Mahan Air ավիաընկերությունը, որը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։ Ընկերությունը թռչում է ավելի քան 40 ուղղություններով, այդ թվում Բաքու և Թուրքիայի չորս օդանավակայաններ, ունի ավելի քան 50 ներկայացուցչություն աշխարհի 25 երկրներում։ Ընկերության երևանյան ոչ մեծ մասնաճյուղը (Flight Travel) Թրամփի վարչակազմի պատժամիջոցների տակ ընկավ՝ հայտնվելով ամբողջ աշխարհում տասնյակ ներկայացուցչություններ ունեցող Mahan Air -ի ընդամենը երեք մասնաճյուղերի թվում (մյուս երկուսը գտնվում են Մալայզիայում և Թայլանդում)։ Թուրքիայում գտնվող շատ ավելի խոշոր ներկայացուցչությունը խուսափեց պատժամիջոցներից, չնայած շատ ավելի մեծ չափերին, ծավալներին և ֆինանսական շրջանառություններին (հինգ օդանավակայան), քան Flight Travel-ը Երևանում։

Մեր կողմից հավելենք, որ վերջնական որոշումն առայժմ ընդունված չէ և, դատելով այս գրառումից, ԱՀԱԿ-ը պատրաստվում է որոշակի քայլեր ձեռնարկել անցանկալի զարգացումները կասեցնելու նպատակով։ Որոնք, ընդգծենք, դժվար է նույնիսկ ընտրողական վերաբերմունք անվանել, այնքան որ գաշահոտում են իրենց պատվիրվածությամբ ու միտումնավորությամբ։