Մարությանը տարիների երազանքի մասին

Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը, Facebook–յան պաշտոնական էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը», – նշել է Մարությանը։

Նշենք, որ այս պահին իրավիճակը Մաշտոցի պողոտայում և Թումանյանի փողոցի խաչմերուկում շարունակում է մնալ լարված։ Օպերայի սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են փակել Մաշտոցի պողոտան, իսկ ոստիկանները հեռացնում են նրանց ճանապարհի երթևեկելի հատվածից։ Ոստիկանները շրջափակել են ակցիայի մասնակիցներին` փորձելով վերականգնել երթևեկությունը։

Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը նախօրեին առավոտից լարվել էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը:

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։

Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։

Основная тема:
Теги: