ՈՉ ՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՆ…

Քանի դեռ Ազգային ժողովը չի ընդունել վերակազմավորման մասին օրենքը, ցանկություն է առաջանում հանդես գալ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Այն է՝ օպտիմալացնել Մշակույթի նախարարությունը և միացնել ոչ թե մասամբ՝ Կրթության և մասամբ Քաղաքաշինության նախարարություններին, կամ է՞լ ինչ է այնտեղ ծրագրվում, այլ Ֆինանսների նախարարությանն ու հարկային տեսչությանը։ Առնվազն։

Կա նաԵՎ Գլխավոր դատախազությանը միացնելու տարբերակը։ Եվ այստեղ արդեն գծագրվում է բոլորովին անմխիթարական հեռանկար. գուցե Մշակույթի նախարարությունն օպտիմալացումից փրկելու բոլոր ձգտումները սխա՞լ էին, գուցե ընդհանրապես արժե այն օպտիմալացնել հիմնովի՞ն։ Մանավանդ որ հիմնավորումն ակնհայտ է, և այդ հիմնավորումը իսկը թրենդային է՝ գործառույթների բացարձակ նույնություն վերոնշյալ Ֆինանսների նախարարության և հարկային տեսչության հետ։ Քանզի հույսը, թե Մշակույթի նախարարությունը կսովորի կատարել իր անմիջական գործառույթը՝ պաշտպանել մշակույթի շահերը, մեռել է անվերադարձ։

Վերջերս վարչապետ Փաշինյանը խոսում էր նախարարություններում աշխատող մարդկանց մասին, որոնք ուրիշ բան ու գործ չունեն, բացի «Մալբերի» ծրագրով կառավարական որոշումներին հետևելուց, որպեսզի «իրենց հանրապետական ղեկավարներին ուղարկեն», և սխալվում էր։ Մշակույթի նախարարությունում, օրինակ, նստած են մարդիկ, որոնք այնտեղ հաստատ բան ու գործ չունեն և որոնք ստեղծում ու այդ նույն «Մալբերի»-ով ուղարկում են հերթական ղեկավար հրահանգները, խանգարելով ոչ միայն աշխատել, այլև ապրել նրանց, ովքեր զբաղվելու բան ունեն։

Օրերս Մշակույթի նախարարության ընդերքում ծնվեց և լույս աշխարհ եկավ հերթական թուղթը, որը բառացիորեն շոկի մեջ գցեց ՊՈԱԿ-ների տնօրեններին։

«Կազմակերպությունների բոլոր ղեկավարներին, որոնք գտնվում են նախարարության գերատեսչության տակ»,-այսպիսի համապարփակ դիմումով է սկսվում հերթական թղթոնը։

Հաջորդում է, ինչպես ասում են, «նամակի մարմինը». «Խնդրում ենք ձեզ մինչև 15.03.2019 Մշակույթի նախարարություն ներկայացնել քաղվածքներ ձեր ղեկավարած կազմակերպություններում աշխատող ֆիզիկական անձանց անձնական հաշիվներից՝ համաձայն հաստատված հաստիքային ցուցակով զբաղեցրած պաշտոնի»։ Ապա կցվում է վարչական մասնահատվածի հենց այդ հաստիքների ցուցակը. Ամեն տեսակի փոխտնօրենների, հաշվապահների, ադմինիստրատորների, կադրային աշխատողների, հսկիչների, գանձապահների և այլն։ Դե, և վերջում, բնականաբար, ստորագրությունը. նախարարի պաշտոնակար Նազենի Ղարիբյան։ Բա ո՛նց, առանց նրա կլինի՞։ Չէ, չի՛ լինի։

«Եթե մարդն ինձ մոտ աշխատում է, բարեխղճորեն կատարում իր պարտականությունները, աշխատավարձ է ստանում իմ կազմակերպությունում ու վճարում բոլոր հարկերը, ապա իմ ի՞նչ գործն է՝ նա գիշերը վագոն է դատարկում, թե՞ էլի ինչ-որ տեղ աշխատում։ Ես ի՞նչ իրավունք ունեմ քիթս խոթել նրա անձնական տվյալների մեջ»,- դառնացած գոռում էր Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը։ Որովհետև, եթե որևէ մեկը չհասկացավ, պարզաբանում եմ. Մշակույթի նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող տնօրեններից պահանջում է ներկայացնել իրենց ենթակաների բոլոր ֆինանսական հաշիվների տվյալները. ով որտեղ է հարկեր վճարում, և հետևաբար, հնարավոր է, համատեղության կարգով աշխատում երկու, իսկ գուցեև երեք տեղում։

Այդ հրահանգի հայտնվելը մի փոքրիկ գյուտի առիթ դարձավ։ Պարզվում է, արվեստի հաստատությունների ղեկավարները, որ արտաքուստ չափազանց բարեկիրթ մարդիկ են, գիտեն բազմաթիվ շա՜տ վատ, տպագրման ոչ ենթակա բառեր։ Եվ, պատկերացրեք, դրանք բոլորը հասցեագրված էին Մշակույթի նախարարությանը

Կրքերը հանդարտվելուց հետո այն տնօրենները, որոնք վերջին շրջանում իրավագետներ էին վարձել (ո՞նց կլինի այսօր առանց նրանց. հաստատ՝ չի՛ լինի, և սա արդեն միանգամայն լուրջ), դիմեցին նրանց ծառայություններին։ Իրավագետները կազմեցին համազոր պատասխան, ճիշտ է, առանց հայհոյական արտահայտությունների, բայց ուղարկեցին նախարարությանն ուր որ հարկն է։ Կոնկրետ. հաստատությունների ղեկավարները չեն կարող Մշակույթի նախարարությանը ներկայացնել պահանջվող տվյալները, քանզի այդ պահանջը հակասում է Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածին։ Իսկ այնտեղ ասվում է, որ քաղաքացու անձնական տվյալները չեն կարող հրապարակվել առանց իր համաձայնության, բացառությամբ այն իրավիճակի, որը սպառնում է ՀՀ քաղաքացու կյանքին և առողջությանը։

Ինչպես նկատեց չափից ավելի սրամիտ մի տնօրեն. «Վերջին ժամանակներս իմ մեջ ամրանում է մի զգացողություն, թե ես ոչ թե պրոֆեսիոնալ թատրոն եմ ղեկավարում, այլ թատերական խմբակ՝ խիստ ռեժիմի գաղութում։ Եվ բոլորին պարզ է, թե շուրջը գողեր ու հանցագործներ են, իսկ ես ամենագլխավորն եմ նրանց մեջ»…

Թեպետ, Մշակույթի նախարարության նոր ղեկավար հրահանգը, ամենայն հավանականությամբ, ուղղված է ոչ թե արվեստի միջավայրում հանցագործ-կոռուպցիոներների որոնմանը, այլ ինչ-որ ուրիշ բանի։ Եթե տնօրենները ներկայացնեն իրենց աշխատակիցների անձնական տվյալները, ինչն օրենքի խախտում է, ապա կարելի է կազմել նոր ցուցակներ. նրանց, ովքեր աշխատում են մի քանի տեղում։ Եվ դրանք, ըստ երևույթին, մասնագետներ են, եթե այդքան պահանջված են։ Բայց պրոֆեսիոնալիզմը, ինչպես հայտնի է, թրենդից դուրս է։ Շատ ավելի լավ է օպտիմալացնել նրանց, և այդժամ հնարավոր կլինի հայտարարել, թե բացվել են նոր աշխատատեղեր։ Մշակույթի ոլորտում միջին աշխատավարձը դժվար թե գերազանցի 80 հազար դրամը։ Համատեղության դեպքում էլ շատ կուշտ չես լինի, բայց կառավարությանը դա էլ, ըստ երևույթին, չափից ավելի յուղալի է թվում։ Ժամանակին Ուինսթոն Չերչիլն ասել է. «Կապիտալիզմի բնածին արատը բարիքների անհավասարաչափ բաշխումն է, սոցիալիզմի բնածին արատը՝ աղքատության հավասարաչափ բաշխումը»… Կարելի է որքան ասես ճառաբանել գլուխներում և ուղեղներում աղքատության դեմ տարած հաղթանակի մասին, իսկ իրականում բոլորովին այլ բան է ստացվում։

Բայց ինչն առավել վշտալի է և, կարելի է նույնիսկ ասել՝ նողկալի, դա սեփական քաղաքացիների անձնական տվյալները ուրիշի ձեռքերով փորփրելու պետության փորձն է։ Չէ՞ որ այդպես կարելի է շա՜տ հեռուն գնալ։ Ճիշտ ժամանակն է հրավիրելու Ջուլիան Ասանժին՝ իր WikiLeaks-ով, երկրորդ աշխատանքից վաստակած փողերով։ Երեք «հա՛-հա՛» և երեք «սմայլիկ»… Եվ «Հազարավորների դժբախտություն՝ հանուն միլիոնների երջանկության». ինչ-որ տեղ մենք սա արդեն լսել ենք

Основная тема:
Теги: