ԲՀԿ–ն դեմ է անփորձ զինծառայողների մարտական հերթապահություն կատարելուն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր գործընկերների հետ առաջարկել է փոփոխություններ մտցնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որով առաջարկվում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները։

Նա, մասնավորապես, գրել է.

«Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ենք առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ: Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են:

Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է:

Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում եւ վերջ:

Իհարկե, կա հարցի նաեւ մեկ այլ կարեւոր կողմ` պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը: 120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ, հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձը ավելացնելու ֆինանսական միջոցներ եւ դա պետք է արվի հրատապ: Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը»:

Основная тема:
Теги: