ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԳՈՐԱ

Իր վարչապետության 100 օրվան նվիրված միտինգում Նիկոլ Փաշինյանը այլ ուշագրավ հայտարարությունների հետ մեկտեղ արեց հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն: Այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում՝ ժողովրդավարության, դեմոկրատիայի հաստատումը։ Եվ ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է Հին Հունաստանը: Երևանը կարող է հիշատակվել այնպես, ինչպես Հին Աթենքը, և Հանրապետության հրապարակը կարող է դառնալ XXI դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը»։

Այն ժամանակ միտինգին ներկաներից շատերը այդ պատմական զուգահեռն ընկալեցին մեծ ոգևորությամբ, անկեղծորեն հավատալով այն խոստմանը, թե այսուհետ պետական կարևոր հարցերը լուծվելու են ժողովրդի կամքն ու կարծիքը հաշվի առնելով։ Բայց անցան օրեր, անցան ամիսներ. ժողովուրդը բախվում էր խնդիրների, որոնք լուծումներ էին պահանջում, բայց չէին գտնում։ Իշխանությունը, ասենք ուղղակի, չէր շտապում հաշվի առնել ժողովրդի կամքը։ Ասենք, Հանրապետության հրապարակն էլ չդարձավ XXI դարի Ագորա։ Ինչպես պարզվեց, այդ գաղափարը մեկանգամյա էր, ուղղված կոնկրետ նախկին իշխանությանը փոխելուն։ Իսկ այ նոր իշխանության աշխատանքում կիրարկման առումով Ագորան չկայացավ։

Կարելի է աստղաբաշխական քանակությամբ փաստեր ներկայացնել, որոնք վկայում են իշխանությունների կողմից ժողովրդի կարծիքի անտեսման մասին։ Բայց սահմանափակվեմ թերևս միայն մեկ օրվա իրադարձություններով։ Անցած հինգշաբթի Երևանում բողոքի ակցիաներ էին անցկացնում ապամոտտաժվող սրճարանների տերերն ու աշխատողները, լոմբարդների տերերն ու աշխատողները, քոլեջի ուսուցիչները։ Տարբեր կերպ էին արտահայտում իրենց բողոքը. Ոմանք փակում էին փողոցները, մյուսները ցույց էին անում կառավարության շենքի առջև։ Բայց նրանց բոլորին միավորում էր մեկ բան. պահանջը՝ լուծել այս կամ այն հարցը, նկատի առնելով այդ թվում նաև իրենց շահերը։ Ըստ էության, խոսքը վերաբերվում էր «ուղիղ ժողովրդական կառավարման» մասին վարչապետի այն նույն խոստմանը։ Նա, ով կասի, թե սրճարանների, լոմբարդների, դրամափոխանակման կետերի, քոլեջների տերերն ու աշխատողները ժողովուրդը չեն, թող առաջինը քար նետի ինձ վրա։ Իրականում նրանք հենց այն ժողովրդի մասն են, որին պետք է ծառայի իշխանությունը։ Սակայն վերջինս այսօր նախընտրում է պարզապես խուլ ձևանալ

Իսկ հիմա, ըստ էության, իշխանության և ժողովրդի դիմակայության առավել թեժ հատվածի՝օպերային մերձակա սրճարանների ապամոնտաժման մասին։ Այստեղ նախևառաջ արժե մտաբերել գործող քաղաքապետի նախընտրական խոստումներից մեկը. Հայկ Մարությանի հնչեցրած ծրագրային բազմաթիվ կետերի մեջ կար յուրօրինակ ծանուցում ինչ-որ հանրաքվեների մասին, որոնց ճանապարհով այն ժամանակ դեռևս քաղաքապետի թեկնածուն խոստանում էր լուծել մայրաքաղաքի համար կարևոր հացրերը՝ հաշվի առնելով երևանցիների կարծիքը։ Ըստ էության, դառնալով քաղաքապետ, Մարությանն այդ գաղափարի մասին մոռացավ։

Նա մոռացավ և այն մասին, թե որոնք էր համարում Երևանի օպերատիվ լուծում պահանջող առաջնահերթ խնդիրները։ Այն է՝ տրանսպորտի աշխատանքի բարելավում, աղբահանություն, վերելակների անվտանգություն և նորոգում։ Նկատեք, ժամանակին առաջնահերթ ազդարարված նշյալ բոլոր ուղղություններում նույնիսկ անզեն աչքով հետընթաց է արձանագրվում։ Իրավիճակն օրեցօր վատթարանում է բոլոր այդ ուղղություններով։ Մինչդեռ քաղաքապետարանը, իր տեսադաշտից դուրս թողնելով այդ հրատապ խնդիրները, կենտրոնացել է մի քանի սրճարանների ապամոնտաժման վրա։ Իսկ ինքը՝ քաղաքապետը հայտարարում է. «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը»։ Սիրելի երևանցիները, համենայն դեպս նրանց մեծամասնությունը, կգերադասեին առաջին հերթին իրակացված տեսնել իրենց այլ երազանքներ։ Այնպիսիք, ինչպես, օրինակ, աղբահանությունը։ Իսկ այստեղՀասկանալի չէ, թե երևանցիներից ո՞վ է Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման մասին ավելի շատ երազել, քան հասարակական տրանսպորտի նորմալ աշխատանքի։

Ընդհանրապես, երևում է, մեծ տարբերություն կա քաղաքային աշխատակազմի և մայրաքաղաքի բնակիչների երազանքների միջև։ Օրինակ, առանց հանրաքվեների և XXI դարի Ագորայի էլ պարզ է, որ երևանցիները կցանկանային սիրելի քաղաքում տեսնել ստեղծարար գործընթացներ։ Մինչդեռ այդ ստեղծարար ենթատեքստում քաղաքապետարանը գործնականում ոչինչ չի արել։ Որևէ մեկը հիշո՞ւմ է, որ քաղաքապետը, ասենք, կարմիր ժապավեն կտրի մայրաքաղաքի նոր օբյեկտի հանդիսավոր բացման ժամանակ։ Իսկույնևեթ ճշգրտեմ. նոր իշխանության օրոք կառուցված օբյեկտի։ Ավա՜ղ, նման օրինակներ չկան։ Փոխարենը՝ քանդելու գործում քաղաքային իշխանությունների մոտ ամեն ինչ անհամեմատ ավելի «հաջող» է ստացվում։ Սրճարանների ապամոնտաժում, Նոր Նորքի համայնքի Գյուրջյան փողոցում կառուցվող բարեգործական մանկապարտեզի ավերում, նախկին Լուսավորության մինիստրության շենքի քանդումՄիմիայն ավերմունք, որն անվանում են «երկար տարիների մեր երազանք»։

Основная тема:
Теги: