«ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՎՐԵԺ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ»

«Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ. «Այն մարդիկ, ովքեր արագորեն հայտնվեցին իշխանության վերին էշելոններում, ժամանակին ծառայել են այլ ուժերի և շարունակում են ծառայել: Նրանք չեն անցել համապատասխան ստուգում. իրավունք կա՞ այդ դեպքում նրանց այդ պաշտոնները վստահել: Կան պաշտոնյաներ, որոնք տարբեր դեսպանների տներում ավելի շատ են լինում, քան իրենց աշխատավայրերում: Ինչե՞ր են խոսում, կամ գոնե հասկանո՞ւմ են` ինչ են խոսում, թե՞ արագ-արագ գնում, զեկուցում են: Պարո´ն Փաշինյան, ուշադրություն դարձրեք այս ամեն ինչին…»:

«Այսօր ավելի քան համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործում որևէ իրավական հիմք չկա, որ սա քաղաքական պատվեր է: Եվ անգամ գիտեմ, թե ով է Փաշինյանին տանում դրան` Տեր-Պետրոսյանը, որովհետև Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը մարդիկ են, որոնք փաստահավաք խմբում են եղել: Նրանք, ովքեր մեղավոր են նաև այդ տասը զոհի հարցով, մեղադրում են այն մարդկանց, ովքեր կանխել են 10 զոհը 10 հազարի հասցնելը: Ուշագրավ հանգամանք. Տեր-Պետրոսյանը հիմա անում է ամեն բան, որ խոր հակասություն առաջանա Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան հարաբերությունների մեջ, բախումից առաջանա թուլացում, որն էլ իր հերթին կհանգեցնի Արցախի կորստին:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ազգի հետ կապող ոչինչ չունի, և կարծում եմ, որ ուզում է մնալ ոչ թե հայոց պատմության մեջ, այլ մեկ ուրիշ ազգության, ում համար կատարեց իրեն տրված հանձնարարականը: Փաշինյանն իր էմոցիոնալ բնավորությամբ ընկել է ծուղակը: Չեմ հավատում, որ նա հող կհանձնի, բայց կան բաներ, որոնցում նրան հեշտությամբ համոզում են…»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ. «Հայտարարվեց, որ սահմանային միջադեպեր ու կրակոցներ չեն լինի, բայց ունեցանք և՛ միջադեպեր, և՛ զոհեր։ «Վերելակային» դիվանագիտությունը փոշիացրեց Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները, որոնք մահակի դեր էին կատարում Ադրբեջանի գլխին սահմանային միջադեպերի առումով, և որոնք այն գինն էին, որը վճարում էր Ադրբեջանը 2016–ի ապրիլյան քառօրյան սանձազերծելու դիմաց։ Սանկտ Պետերբուրգն ու Վիեննան հայկական կողմին հնարավորություն էին տալիս նաև լեգիտիմ մակարդակով պահել ստատուս–քվոն ու Բաքվին դնել պատասխանողի դերում»։

«Իշխանությունը գնում է հասարակությանը պառակտելու ճանապարհով, բայց ներքին առճակատման պայմաններում անհնար է դիմակայել արտաքին մարտահրավերներին»։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Մենք ականատես ենք քաղաքական համակարգի դեֆոլտի։ Հեղափոխությունից հետո վերացավ իրավապաշտպան համակարգը, բազմաթիվ իրավապաշտպաններ հայտնվեցին իշխանության մեջ, բայց շատ շուտով նրանց փոխարինելու եկան նոր մարդիկ ու լցրեցին վակուումը։ Նույնը կկատարվի նաև քաղաքական համակարգի հետ, ներկայիս քաղաքական վակուումը նույնպես կլցվի»։

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որը քաղբանտարկյալ է հայտարարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ։ «Մարտի 1»-ի գործը բացահայտված չէ, 10 մարդու սպանության մեղադրանք ոչ մեկին չի ներկայացվել։ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ասում էին, թե Ռոբերտ Քոդարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին «Մարտի 1»-ի գործը չէր կարող բացահայտվել։ Իրենք արդեն 11 ամիս իշխանության ղեկին են, Փաշինյանը հայտարարել է, թե գործը բացահայտված է, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է Քոչարյանի կալանավորմանը, ապա Փաշինյանը, իմ համոզմամբ, անձնական վրեժ իրականացրեց։ Իշխանությունը շարունակում է խաղալ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհերի ազգականների զգացմունքների վրա։ Մենք կարծում ենք, որ մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն Տեր-Պետրոսյանն է և իր քաղաքական թիմը»։

Основная тема:
Теги: