Ներկայացվել է գիրք համշենահայերի մասին

Երևանում տեղի է ունեցել Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը։ Թուրքիայից և Ռուսաստանից ժամանած համշենահայերը արտասովոր ձևով են շնորհավորել հեղինակին։

Պեպենոտ աղջկա մասին համշենահայերենով բարձր երգով մեկնարկեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-Օսմանյան առնչությունների բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» գրքի շնորհանդեսը։

Լայն ժպիտով կապուտաչյա աղջնակը էկրանից ավետեց «արևի համբույրների» մասին։

Ինչպես պարզվեց, կամարաձև կամուրջներով, խշշացող վտակներով վառ բնապատկերները, գունեղ գոգնոցներով խոտերի վրա նստած երգող տատիկների և շուրջպար պարող կազմող տղամարդկանց կադրերը` Սահակյանի` «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմից հատվածներ են։

Հեղինակը վստահեցնում է` գիրքը նույնքան վառ է և նրանում բազմաթիվ հետաքրքիր փաստեր են զետեղված Համշենի հայերի մասին։ Գիրքը գրելուց առաջ նա 20 ձեռագիր է ուսումնասիրել։

«Ձեռագրերում բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան համշենահայերի մասին։ Այն մասին, թե ինչպես էին տեղի մատենագիրները սերնդեսերունդ փոխանցում իրենց աշխատանքները։ Այն մասին, որ ձեռագիր աղոթագիրք է գոյություն ունեցել, որը բուժում էր բոլոր հիվանդությունները», – պատմեց նա։

Իր հետազոտության ամենահետաքրքիր մասը Սահակյանը համարում է տեղական լեգենդների և ավանդույթների, երգերի և բարբառների աշխարհն ընկղմվելը։

Հենց բարբառներն ու երգերն են շատ տարիներ առաջ տպավորել նրան, որ որոշել է շարունակել գրավիչ ուղևորությունը դեպի համշենցիների աշխարհ։ Այնտեղ, որտեղ մատենագիր Կարապետի հավաստմամբ, թաղված են Վարդանանց ճակատամարտի հերոսները և որտեղ շարունակում է տարածվել հայ մշակույթը։

Իսկ դրա լավագույն վկայությունը Համշենից երգիչ Գեկին Բիլհելմի ներկայությունն էր շնորհանդեսին, որը երկար տարիներ առաջ անհավանական ձգողություն է զգացել համշենահայերի երգերի նկատմամբ, որոնք կատարում է արդեն երկար տարիներ։

Շատերն արդեն կռահում են, թե ինչ ազգություն ունի նա, սակայն բոլորը լռում են և միայն Արտո Թունջբոյաջյանը, ում հետ Բիլհելմին կատարում է համշենցիների հայկական ստեղծագործությունը, նրա պահվածքում հայկական տխրություն է նկատում և ամուր գրկում «օտար» հյուրին։

Բոլորը հուզված են։ Դահլիճից ձայնը հայտարարում է, որ Ռուսաստանից և Թուրքիայից ժամանած համշենահայերը նույնպես ուզում են շնորհավորել Լուսինե Սահակյանին։ Կրկին երաժշտություն է հնչում, տղաներն ու շիկահեր աղջիկները միմյանց ձեռք են բռնում ու համշենական պար պարում` մերթընդմերթ հպարտ բացականչելով «Է–է–է–ու»։

Основная тема:
Теги: