ԻՆՉՊԻՍԻ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ԱՅՆՊԻՍԻ ԷԼ ԲԱՆԱՍՏԵՂԾ
Աշխարհում ամենից համակրելի ու հմայիչ մեր վարչապետը, որը 100 միավորով տվել-անցել է նույնիսկ Ջասթին Թրյուդոյին, էքսպրոմտով այցելեց Ռանչպար գյուղ։ Ցավոք, այս անգամ ոչ իր ավելի համակրելի ու հմայիչ կնոջ ուղեկցությամբ, բայց դա այլ խոսակցություն է։ Կարևորն այն է, որ այցելությունը անուրախ էր։ Փաշինյանը տեսավ գյուղի խնդիրներն ու հասկացավ, որ ոչխար պահելու խորհուրդներով իրավիճակն այստեղ չես փոխի։ Թեև, թվում էր՝ այնքա՜ն լուսավոր էր վարչապետական այդ գաղափարը. ժամանակին Խրուշչովը ճիշտ նույնպիսի խանդավառությամբ բոլորին կոչ էր անում եգիպտացորեն ցանել…
Վերադառնալով ուղևորությունից, Փաշինյանը մտածեց ու հասկացավ, որ, ինչպես ինքն ասաց, իր ճամփորդության թեմայով սոցիալական ցանցերում ստատուս գրելը կամ կենդանի եթերում պատմելը բավական չի լինի։ Եվ, խիստ զգացված, գրեց ոտանավոր։ Այն մասին, որ երազանքը չպետք է միայն երազանք մնա։ Եվ որ «երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր»։ Գրեց, ներկայացրեց հասարակայնության դատին և նշեց, որ այդ ոտանավորը «անելիքի ամփոփ ծրագիր, նաև հանձնարարական է պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին»։
Վարչապետի կողմնակիցները հրճվանք ապրեցին այդ վարչարարական ուղեցույցից. շուտով, հավանաբար, ասքեր կձոնվեն այն մասին, թե ինչպես Նիկոլի ղեկավար-ոտանավորն օգնեց փլատակներից բարձրացնել Ռանչպար գյուղը։ Մոտավորապես այնպես, ինչպես Թուրքմենբաշու բազմահատորյակն է այսօր օգնում թուրքմեն ժողովրդին ավելի ու ավելի զարգացնել իր թուրքմենական պետականությունը… Դե, իսկ քննադատները հենց նրա համար էլ քննադատներ են, որ ամեն ինչ քննադատեն, ուստիև պարզապես հիշեցրեցին վարչապետին, որ նա Ներոնը չէ, թեպետ ինքնասիրահարված երկու կերպարների միջև ընդհանուր ուրիշ գծեր էլ կան. երկուսն էլ որպես պոետ հեչ բան են…
Կկարողանա արդյոք Նիկոլը շտկել իրավիճակը Ռանչպարում, թե՞ Հայոց պատմության մեջ որպես արտառոց դիպված կմնա միայն ոտանավորը՝ նվիրված արդեն լեգենդի վերածվող այդ ուղևորությանը։ Իհարկե, մեկ առանձին վերցրած գյուղում կարելի է։ Գտնելով, օրինակ, լավ հովանավոր կամ իր կնոջ հիմնադրամից միջոցներ ուղարկելով գյուղ, իրավիճակն այնտեղ փոխել կարելի է։ Իսկ ողջ երկրո՞ւմ։
Մեկ ամսից քիչ ավելի է մնացել, որ լրանա Նիկոլ-վարչապետի մեկ տարին։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ, բացի հպարտ քաղաքացիների հեղափոխության հաղթանակի մասին հպարտ խոսակցություններից, կենդանի եթերներից, սոցիալական ցանցերում ստատուսներից և բանաստեղծելու փորձերից։
Արտաքին քաղաքականության մեջ՝ ոչ մի տեղաշարժ, միայն նոր խնդիրներ. ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ… Եվ ոչ մի նոր նվաճում, օրինակ, հենց նույն ԵՄ-ի առումով, որի հետ նախկին «արյունոտ իշխանությունը» կնքել է ասոցացման հայտնի համաձայնագիրը։ Շարժ չկա նաև տնտեսության մեջ, որտեղ չկան որևէ ներդրումներ, նոր աշխատատեղեր, եկամուտների աճ, այլ կան միայն նոր խնդիրներ, կապված «Լիդիան»-ի, Ալավերդու կոմբինատի, մերթ այստեղ, մերթ այնտեղ ծանուցվող բազմահազարանոց կրճատումների մասին։ Հասարակական-սոցիալական ոլորտում՝ դժգոհության շարունակական ակցիաներ. սեփականատերերի, արտադրողների, վարորդների, մշակույթի գործիչների…
Ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Այդ թեմայով մեկ անգամ չէ, որ ասվել է, բայց կրկնենք։ Վարչապետի խնդիրն այն է, որ նա ինչպես որ կար պոպուլիստ քաղաքական գործիչ, այդպիսին էլ մնաց, չդարձավ պետական գործիչ։ Դե, իսկ նրա թիմն ընդհանրապես քայլող թյուրիմացություն է։ Արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք. հուզավառ պատանիներն ու աղջիկները պաշտում են նոր վարչապետին, դե իհա՜րկե, չէ՞ որ ի տարբերություն նախորդ աշխատասենյակային ղեկավարի, նորը փողոցում անձամբ ծաղիկներ ու գրքեր է նվիրում։ Հուզավառները նրան պաշտում են, բայց պետությունը դրանից ոչ մի օգուտ չունի։ Բոլորովին։
Ի՞նչ է անհրաժեշտ Նիկոլին, որպեսզի անցնի այն գիծը, որը բաժանում է պոպուլիստին պետական գործչից։ Մի քիչ իմաստնություն, շատ քիչ։ Օրինակ, այնպիսի պարզ բանի ըմբռնում, որ քանդելը դա կառուցել չէ։ Բոլոր առումներով։ Իշխանությունը վերցնելն ավելի հեշտ է, քան որակով կառավարելը, տաղավարներ քանդելն ավելի հեշտ է, քան նորերը կառուցելը, ավելի հեշտ է դատել նախկին ղեկավարին, քան հաղթանակներ տանել բոլոր ճակատներում, դառնալ օրենքի և արդարության օրինակ…
Օպերային հարակից այդ նույն սրճարանները։ Դրանք քանդելու իմաստը հանգեցվում է նրան, թե ճիշտ չէր դրանք այդտեղ կառուցելը, վարձակալումը հատկացվել է խախտումներով, հաշվի չի առնվել հասարակայնության կարծիքը, և այդպես շարունակ… Դե ինչ։ Այդ դեպքում եկեք նաև Հյուսիսային պողոտան ավերենք, ուղարկենք գրողի ծոցը։ Չէ՞ որ այն նախագծելու և կառուցապատելու ժամանակ էլ խախտումներ են եղել։ Եվ հասարակական կարծիքն էլ առանձնապես չի ուսումնասիրվել… Ուրեմն եկեք քանդենք։
Մենք պատերա՞զմ ենք շահել։ Փուչ բաներից եք խոսում։ Կարևորը դա չէ, այլ այն, որ պատերազմի ժամանակ ոտնահարվել են մարդու իրավունքները։ Ոտնահարվել են, այնպես չէ՞։ Դե ուրեմն, հաղթանակի հերն էլ անիծած։ Եկեք վերականգնե՛նք արդարությունը։ Վերադառնանք նախապատերազմյան իրավիճակին, իսկ մինչ այդ բանտ նստեցնենք բոլոր նրանց, ովքեր թեկուզ ինչ-որ բան վճռել են այդ պատերազմում. չէ՞ որ նրանք հաստատ հանդուրժողականության ու արդարության տիպարներ չեն եղել…
Ասածներիս մեջ ինչ-որ բան այն չէ՞։ Բայց չէ՞ որ առայժմ ամեն ինչ շարժվում է այդ տրամաբանությամբ։ Ոչինչ չի կառուցվում, փոխարենը՝ ի՜նչ ոգևորությամբ է ավերվում… Սրճարաններ, նախարարություններ, ռազմական ծրագրեր, կարգավորված կապեր… Չէ, մենք հասկանում ենք, որ Հայաստանում դեռ շատ բան կա ավերելու։ Շատ բան, որ ստեղծվել է նախկին «արյունոտ վարչակարգերի» կողմից։ Շատ են ոլորտները, որտեղ կարելի է գտնել և՛ խախտումներ, և՛ իրավունքների ոտնահարում։ Դա լայն դաշտ է պոպուլիստ քաղաքական գործիչների համար, լինի քաղաքապետ, թե վարչապետ։ Քանդիր , ինչքան սիրտդ ուզենա։
Բայց ե՞րբ եք դուք ինքներդ նախ ինչ-որ բան ստեղծելու, ինչպես ասում են, սկզբում քարը քարին դնելու, ասելու՝ ահա, սա մեր ձեռքի գործն է, և դրանից հետո միայն քանդելու այն, ինչ ձեզանից առաջ է ստեղծվել։ Չէ՞ որ միայն այդ ժամանակ է, որ հնարավորություն կստեղծվի լուծելու Ռանչպարի և համանման հարյուրավոր գյուղերի խնդիրները։ Իհարկե, դա ավելի դժվար է, քան ոտանավորներ գրելը, ճագարներ բազմացնելու մասին խորհուրդներ տալը (մեր հուշումն է վարչապետին) և բուլդոզերով պայքարելը հանուն կանաչապատման։
Այսօր դուք «գործ եք թխում» Քոչարյանի և գեներալների վրա, որոնք իրենց ավանդն են դրել հաղթանակով պսակված պատերազմում։ «Գործ եք թխում», որպեսզի բավարարեք ձեր պոպուլիզմով վարակված երկրպագուներին. Իբր՝ ահա՛, նախկին ամենազորները նստած են բանտում։ Դուք չեք հասկանում, որ տուրք տալով ձեր մանր փառամոլությանը, ընդ որում նենգափոխելով օրենքը, ինչի մասին վկայում են հայտնի հեռախոսազրույցների հայտնի գաղտնալսումները, դուք ոչ միայն շարունակում եք պառակտել հասարակությանը, այլև խաղում եք հօգուտ թշնամու։ Հենց նրա, որը ձգտում է ոչնչացնել մեզ բոլորիս, ինչի մասին հայտարարում է հրապարակավ։ Թշնամու, որը բազմիցս կրկնել է, թե Հաագայի դատարանին պետք է հանձնել Քոչարյանին և Ընկ.-ին։ Եվ հիմա դուք հեշտացնում եք նրա խնդիրը, որովհետև նա ամենուր միջազգային հարթակներից ճղավում է, թե տեսնո՞ւմ եք, որքան իրավացի էի ես, դրանք հանցագործներ ու արյունախումներ են, նույնիսկ Հայաստանում են արդեն գիտակցել…
Մի՞թե մինչև հիմա չեք հասկացել, թե ինչու է թշնամին սկսել հազվադեպ կրակել։ Եվ ոչ միայն նրա համար, որ ժամանակ շահի ինժեներային ու ամրաշինական աշխատանքների համար։ Կա և ավելի կարևոր պատճառ, որի մասին իշխանական կառույցներում շատերը գիտեն, բայց չեն ցանկանում խոսել։ Նախկինում նա կրակում էր ավելի շատ անզոր չարությունից, իր օգտին ինչ-որ բան փոփոխելու անհնարինությունից, որպեսզի գոնե այդպես շանտաժի ենթարկի հայկական պետություններին, թուլացնի մարտական ոգին։ Հիմա կրակոցները քիչ են, որովհետև այն, ինչ կատարվում է Հայաստանում, միանգամայն ձեռնտու է մեր թշնամուն և կարիք չկա խանգարել։ Ձեռնտու է լիովին, քանի որ լիովին համապատասխանում է հայոց պետականությունը թուլացնելու նրա ծրագրերին… Ինչո՞ւ փամփուշտ վատնել։Կուզե՞ք իմանալ, թե սահմաններում երբ կվերսկսվի ահագնացումը։ Այն ժամանակ, երբ թշնամին հանգի եզրակացության, որ Հայաստանում անցնում է պոպուլիստների ժամանակը և պետականամետները կրկին գլուխ են բարձրացնում։