ՊԱՐԱՇՅՈՒՏ ՈՒՆԵՆԱԼ ՁԵՌՔԻ ՏԱԿ

Սպառելով նախորդ աշխատակազմի տնտեսական ցուցանիշների իներցիան, երբ նոր տարվա առաջին իսկ ամսում փլուզվեցին արդյունաբերական և արտաքին տնտեսական բոլոր ինդեքսները, Փաշինյանի կառավարությունը բախվեց թարմ գաղափարների դեֆիցիտի. գաղափարներ, որոնք կարող են թափ հաղորդել «տնտեսական հեղափոխությանը»։ Հո չե՞նք համարելու, թե նման գաղափարներ են «կտրոններով հեղափոխությունը»՝ առանց որևէ տնտեսական խթանիչների, օպտիմալացումը՝ գործազրկության աճի հաշվին, կամ «մարդկանց գիտակցությունը փոխելը»՝ այն դեպքում, երբ այդ գիտակցությունը հազարամյակներ շարունակ գործնականում մնում է անփոփոխ, թեև շուրջն ամեն ինչ ակտիվ վերափոխման մեջ է։ Այն գլխավոր հարցին, թե ինչպիսիք կարող են լինել տնտեսության խթանման ուղիները, Փաշինյանի աշխատակազմն ի պատասխան ինչ-որ տխմարություն է կմկմում…

Եթե մեզ առջևում աստիճանական հետաճում է սպասում, ապա դրանից դուրս գալու ուղին ակներև չէ։ Որպես կանոն, նման իրավիճակում կենտրոնական բանկերը սկսում են իջեցնել դրույքները, խթանելով տնտեսությունը, ինչը մի տեսակ վերագործարկում է փուլաշրջանը։ Հայաստանի Կենտրոնական բանկում, բնականաբար, նկատեցին հունվարյան տխուր մակրոտնտեսությունը և գնացին նշված ճանապարհով, տեղին համարելով որոշակիորեն ավելացնել դրամա-վարկային պայմանների խթանման չափերը։ Հակառակ դեպքում դժվար է բացատրել, թե ինչու վերաֆինանսավորման մակարդակը գրեթե երկու տարի անփոփոխ 6% մակարդակի վրա պահելուց հետո ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց ս.թ հունվարի վերջին որոշեց այնուամենայնիվ իջեցնել դա 0,25 տոկոսաչափով, հասցնելով 5,75%-ի։ Այսպիսով, կարգավորիչը սկսեց թուլացնել մոնետար քաղաքականությունը, նպատակ ունենալով ազդակ հաղորդել տնտեսությանը, միաժամանակ ուղղակիորեն արձանագրելով, որ 2018 թվականի վերջից «տնտեսական ակտիվությունը շարունակում է թույլ մնալ»։

Ընդ որում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի սպասվող անկման պայմաններում հունվարի վերջին տնտեսական ինդեքսների փլուզուման հիմնական պատճառներն այնուամենայնիվ ոչ թե արտաքին են, այլ ներքին, այն էլ «ձեռակերտ», այնպես որ ստեղծված հանգամանքներում բոլորի համար լավ կլինի ձեռքի տակ պարաշյուտ ունենալ և կարողանալ օգտվել դրանից։ Խոշոր տհաճությունները տարբեր շուկաներում կարող են սկսվել ցանկացած պահի։ Եվ ներդրողներն անհանգստանալու բավական լուրջ առիթներ ունեն։

Իսկ ի՞նչ է անում այս բարդ պայմաններում «ժողովրդական վարչապետի» կառավարությունը։ Մեծացնում է հարկային բեռը փոքր բիզնեսի տարբեր տեսակների վրա, ի հավելումն էլ սպառնում «անօրինականորեն ձեռք բերված ունեցվածքի» բռնագրավմամբ՝ առանց մեղադրանք ներկայացնելու։ Սա արդեն ոչ թե փոքր, այլ խոշոր բիզնեսին է վերաբերվում։ Եվ եթե գործը նման ընթացք ստանա, ապա «ներդրողների մասին ընդհանրապես կարելի է մոռանալ», ինչպես գրել է ֆեյսբուքյան իր էջում խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

Գովելի է, իհարկե, որ վարչապետ Փաշինյանը խաղադրույքը դնում է հայկական տնտեսությունն ագրարայինից բարձր տեխնոլոգիականի փոխակերպելու վրա, բայց դա մեծ ու երկար ուղի է, որը չի կարելի հաղթահարել պարզապես օդ ցնցելով։ Մանավանդ որ կառավարության ղեկավարի շութերից հազվադեպ հնչող այդ առողջ գաղափարն էլ թարմ չես անվանի։

Դեռևս 8-10 տարի առաջ Հայաստանում մշակվել էր հեռանկարային փաստաթուղթ՝ «Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարություն» անվանումով, և սկսել էին հիմքեր դրվել հայթեքի համար. գիտատար, տնտեսագիտության իմացության վրա հիմնված։ Հենց այն ժամանակ կյանքի ուղեգիր ստացան այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք էին Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, «Քենդլ» նախագիծը, Ուռուցքաբանական գերազանցության հայկական կենտրոնը։ Երկրում սկսեցին բացվել առաջին տեխնոպարկերը, վենչուրային հիմնադրամները, ազատ տնտեսական գոտիները (2011 թվականին համապատասխան օրենքի ընդունումով), Microsoft, National Instruments, Sun, Cisco ուսումնական ինովացիոն կենտրոններն ու լաբորատորիաները, ինչպես նաև հայ-հնդկական ՏՀՏ համատեղ ուսումնական կենտրոնը։ Համաշխարհային բանկի ծրագրերի օգնությամբ մեկնարկեցին աշխատանքի արտադրողականության բարձրացման քայլերը։

ԵրՖԻ-ի տարածքում սկսեցին դրվել ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի համալիրի հիմքերը, բաղկացած ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնից, պոզիտրոնային-էմիսսիոն տոմոգրաֆներով սարքավորված ախտորոշման կենտրոնից և բուն ուռուցքաբանական կլինիկայից։ Այլ հարց է, որ միջուկային բժշկության այդ տարածաշրջանային կենտրոնի լիակատար գործարկումը նախատեսված էր 2015 թվականին, բայց աշխատանքն ընթանում էր և, մասնավորապես, Բելգիայից 5,08 մլն եվրոյով գնվեց ռադիոիզոտոպների արտադրության համար անհրաժեշտ Cyclone-18 մեգաէլեկտրոնվոլտ (MeV ) արագացուցիչ։ Հուսանք, որ այդ մեծ աշխատանքը շուտով կտա իր պտուղները։

Համաձայնեք, արված ամենի խորապատկերին Նիկոլ Փաշինյանի դատարկ ճառերը մի տեսակ անհամոզիչ են թվում և այնքան էլ չեն ոգևորում։ Կրկնենք. երկրի տնտեսական դրվածք փոխելը մեկ օրվա գործ չէ։ Նոր կառավարության համար այսօր հեշտ է, քանի որ կարելի է հենվել վերջին 10 տարվա ընթացքում արդեն ստեղծված վերոնշյալ բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքների համակարգակերտ օբյեկտների վրա, զարգացնել դրանք, իսկ դրանց հիմքի վրա ստեղծել նոր ձեռնարկություններ։ Միայն թե ցանկություն լինի…

Основная тема:
Теги: