ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱ՞Ն։ ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այն, թե որքան համերաշխ են, ինչպես պարզվում է, ապրում միասին հայերն ու ադրբեջանցիները՝ միավորված մշակութային ընդհանրությամբ ու ավանդույթներով, ցուցադրում է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) արվեստի նշյալ օջախի և «4 պլյուս» Վավերագրական լուսանկարչության կենտրոնի մատուցմամբ բացված ֆոտոցուցահանդեսը։

«Միասին հնարավոր է» խոսուն վերնագրով ցուցահանդեսը լուսանկարչուհի Նելլի Շիշմանյանի և ադրբեջանցի լուսանկարչի համատեղ ստեղծագործության արգասիքն է, ավելի ճիշտ, նրանց համատեղ նախագծի մի մասը, որն իրականացվել է 2018 թվականին՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Ինչի՞ մասին է նախագիծը։ Այն մասին, որ Շիշմանյանն ու իր ադրբեջանցի գործընկերը հետազոտել են, ինչպես արդեն ասացինք, մշակութային ընդհանրություններն ու ավանդույթները, որոնք ոչ այնքան վաղուց կապում էին Կովկասի տարբեր տարածաշրջաններում բնակվող և ներկայումս էլ վրացական գյուղերում կողք-կողքի ապրող հայերին ու ադրբեջանցիներին, և որոշել են հայկական լսարանին ցուցադրել, թե «միասին հնարավոր է»։ Ընդ որում ընդգծենք՝ բացառապես հայ լսարանին. Բաքվում նման ցուցահանդես չի կազմակերպվել, ինչպես մեզ հաղորդեցին ՆՓԱԿ-ում։ Ինչո՞ւ չի կազմակերպվել։ Ասացին. «Չգիտենք»։ Իսկ ո՞վ գիտի։

«Միասին հնարավոր է» նախագիծն իրագործող կազմակերպությունների ցանկում նշվում է Հայաստանում Եվրասիական գործընկերության հիմնադրամը։ Հենց այնտեղ էլ զանգեցինք, որպեսզի խոսենք տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ և փորձենք պարզել այնուամենայնիվ, թե ինչու են տվյալ և համանման բոլոր ցուցահանդեսներն անցկացվում միայն Երևանում, թեև նախագիծը կարծես թե համատեղ է։ Ավաղ, չհաջողվեց։

Քարտուղարուհին, տեղեկանալով, որ անհանգստացնում են «Գոլոս Արմենիի» թերթից, մի իսկական տանջաքննում կազմակերպեց զանգի բովանդակության շուրջ, որից հետո հայտարարեց, թե շեֆը դուրս է եկել։ Եվ առաջարկեց… էլեկտրոնային նամակ գրել՝ նշելով հարցերը։ Իսկ գուցե զինանշանով ու անվանագրով թղթի վրա՞ նամակ գրեինք։ Համաձայնության եկանք, որ տնօրենը կզանգի, երբ վերադառնա։ Չզանգեց…

Օդում կախված մնաց հարցը. ինչո՞ւ են «միասին հնարավոր է» թեզիսն այդպիսի նախանձելի համառությամբ ու ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով խցկում միայն հայ լսարանի գլուխը։ Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մի այդպիսի միակողմանի-կաղ միջոց, երբ հարևան երկրից հնչում են միայն սպառնալիքներ, ներառյալ լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը, իսկ մյուս կողմում (ում այդ սպառնալիքներն ուղղված են) կազմակերպվում են գորովաշարժ ֆոտոցուցահանդեսներ՝ հայ-ադրբեջանական համատեղ կենցաղի ցուցադրումով և ցածրարվեստ նկարիկներով, որոնք, «խաղաղաշինարարների» կարծիքով, կոչված են «սթափեցնող հայացք տալ մեզ հակամարտության մարդկային կողմի վրա, դիտողին ստիպելով մտածել այն մասին, թե ինչպես են մարդիկ հաղթահարում իրենց տարաձայնությունները, ստեղծելով հանրություններ՝ ընդհանուր արժեքների և երկխոսության միջոցով»։ Տարօրինակ չէ՞ արդյոք։ Ընդ որում վերջին ժամանակներս այդօրինակ միակողմանիության դրսևորումները գնալով շատացել են. պարզապես ինչ-որ հեղեղ է։

Եվ էլի մի բան. տարօրինակ չէ՞ արդյոք, որ հայրենի ԶԼՄ-ները գործնականում չարձագանքեցին վերոնշյալ միջոցառմանը։ Համենայն դեպս մենք չգտանք ֆոտոցուցահանդեսը լուսաբանող հրապարակումներ և դրա մասին հիշատակումներ որևէ այլ տեղ, բացի ՆՓԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։ Գուցե լավ չե՞նք փնտրել։ Բայց այնպիսի զգացողություն է առաջանում, որ ցուցահանդեսի կազմակերպիչները ջանացել են առանձնակի ուշադրություն չհրավիրել դրա վրա, գիտենալով, որ հասարակական արձագանքն իրեն սպասել չի տա։ Իրենց համար մի պլյուս են դրել ու առաջ անցել։

Իսկ այ, ո՞ւմ համար էր նախատեսված այդ պլյուսը։ Սա արդեն հռետորական հարց է, եթե հաշվի առնենք Հայաստանում կոնկրետ կազմակերպությունների և նույնքան կոնկրետ անձանց շռայլ ֆինանսավորումը հովանավորների կողմից, իսկ առավելևս այն փաստը, որ տվյալ անձինք, բնականաբար, հաշվարկ են կառուցում շարունակականության վրա, իսկ հնարավոր է նաև՝ արծաթադրամների հոսքի աճի…

Основная тема:
Теги: