Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ՈՒԶՈՒՄ «ՈՐՍԱԼ» ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Վերջերս իրականացված այսպես կոչված «հետաքննությունները» «Տրոյկա Դիալոգ» ընկերության հանդեպ, որը պատկանում էր գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին, հանրային և փորձագիտական քննարկումների տեղատարափ առաջացրեցին: Այս գործի ֆինանսական կողմն ինձ համար որևէ նշանակություն չունի (տնտեսագետ Անդրեյ Մովչանն արդեն մանրամասնորեն վերլուծել է այդ տարրը)՝ ի տարբերություն քաղաքական աստառի:
Վարդանյանն ընկալվում է ոչ միայն որպես ռուսաստանյան միլիարդատեր, այլև հայկական սփյուռքի էլիտայի ներկայացուցիչ, որը սերտ կապեր ունի Արևմուտքում և Արևելքում: Բրիտանական «Գարդիանի» կայքում «հետաքննության» հայտնվելուց ի վեր ուշադիր հետևում էի հրապարակումներին, որոնք հայտնվում էին համաշխարհային մամուլում: Կատարված վերլուծությունը ցույց տվեց, որ նյութերի մեծ մասում հիմնական շեշտը դրվում է ոչ թե «Տրոյկա Դիալոգ» ընկերության, այլ Վարդանյանի էթնիկ ծագման վրա: Կոնտենտ-մեթոդաբանության շնորհիվ ի հայտ եկած վիճակագրությունը ցույց է տալիս հետևյալը. «ծագումով հայ» բառակապակցությունն օգտագործվում է 49 անգամ, «Ռուսաստանից հայը»՝ 36 անգամ, «Հայաստանից եկած»՝ 33 անգամ, «հայկական լոբբի»՝ 27 անգամ: Շատ հոդվածներում նաև հիշատակվում է «Ավրորա» նախագիծը, ինչն էլ ավելի շատ հարցրեր է առաջացնում, որոնցից գլխավորը հետևյալն է. ո՞րն է նմանատիպ հրապարակումների իրական նպատակը և ո՞վ է Վարդանյանի անձի թուլացման վերջնական շահառուն:
Կկիսեմ այդ հարցի պատասխանը երկու մասի, որոնք կարող են սերտ միահյուսված լինել:
Նախևառաջ, դա Վարդանյանի քաղաքական գործունեությունն է: Շատ հարցազրույցներում և ելույթներում նա հետևողականորեն կրկնում է, որ քաղաքականությունն իր համար չէ և այդ ուղղությամբ նա որևէ հավակնություն չունի: Սակայն հարկավոր է հասկանալ, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նման մասշտաբի բարերարները չեն կարող ստվերում մնալ՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ պայմանական հակառակորդները չպետք է հավատան խոսքերիդ: Որպես կանոն, նրանք գերադասում են նախօրոք ապահովագրվել, այլ ոչ թե մարեն արդեն բռնկված հրդեհները, ինչը բնորոշ է մեր իշխանական և ֆինանսական էլիտաներին:
Այդպես են տարբեր ուժային կենտրոնները բացառապես քաղաքական համատեքստում ընկալում նրա «Ավրորա» նախագիծը: Բանն այն է, որ այդ նախաձեռնությունն ունի մի քանի հարթություն: Առաջին՝ այն կապված է Հայոց Ցեղասպանության հետ: Այնպես է ստացվել, որ այդ խնդիրը գերտերությունների համար ի հայտ է եկել անկախ Հայաստանի ծննդից շատ ավելի վաղ և, հետևաբար, արդեն երկար ժամանակ է, ինչ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը հանդիսանում է արտաքին ուժերի ճնշման գործիք: Առաջին հերթին խոսքը Միացյալ Նահանգների մասին է:
Ամերիկայի համար «ցեղասպանության ճանաչումը» Թուրքիայի դեմ առավել արդյունավետ «մահակներից» մեկն է, երբ Անկարան սկսում է հատել Վաշինգթոնի կողմից սահմանված արգելված գծերը: Զարմանալի չէ, որ Կոնգրեսի բարձր ամբիոնից ցեղասպանության ճանաչման պահանջն առաջին անգամ հնչել է Անկարայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայից հետո: Եթե հետևենք Կապիտոլիի միջոցով բանաձևեր ընդունելու փորձերի ժամանակագրությունը, ապա կարելի է առանձնացնել մի շարք համընկնումներ.
ա) ակտիվացումը տեղի է ունենում ամերիկա-թուրքական պետական երկխոսության ճգնաժամի կամ թուրքական շուկայում շահեր հետապնդող խոշոր ամերիկյան ընկերությունների գործնական խնդիրների ֆոնին,
բ) այդ խնդիրների լուծումից հետո բանաձևը կամ սառեցվում է, կամ ետ է կանչվում անորոշ ժամկետով:
Մի քանի վառ օրինակ: 1984 թվականին Թուրքիայի կառավարությունը «Boeing» ընկերության հետ 18 օդանավ գնելու մասին նախնական համաձայնագիր կնքեց, սակայն եվրոպական օդանավերի արտադրող «Airbus»-ը կարողացավ թուրքերի հետ համաձայնության գալ մեկ այլ պայմանագրի շուրջ: Արդյունքում Անկարան կրճատեց «Boeing»-ի պատվերը մինչև 11 ինքնաթիռ: Մի քանի ամիս անց (1985 թ.) այդ ընկերության ազդեցության գործակալները նախաձեռնեցին Հայոց Ցեղասպանության մասին նոր բանաձևի քննարկում՝ գրանցված 229 հովանավորներից 197-ը «Boeing»-ի գրանցված լոբբիստներ էին:
Փաստաթուղթն առանց որևէ խոչընդոտների կոմիտեից կոմիտե էր անցնում, և թուրքական կառավարությունը դիմեց հակահարվածի, սպառնալով Ռեյգանի վարչակազմին և Կոնգրեսի կուսակցական էլիտաներին հարաբերությունների վատթարացմամբ և «Boeing»-ի հետ կնքված պայմանագրի չեղարկմամբ: Երկարատև խորհրդատվություններից հետո Անկարան ընդունեց անսպասելի որոշում. վերադառնալ 18 օդանավերի մատակարարման մասին սկզբնական պայմանագրին և անսպասելի կերպով կոնգրեսականները մեկը մյուսի ետևից սկսեցին ետ կանչել այդ բանաձևի օգտին տված ձայները, և այն արգելակվեց, չհասնելով Սենատ: Գրեթե նմանատիպ իրավիճակ էր 2006 թվականին, երբ Անկարան բաց հակամարտության մեջ մտավ «Chevron» նավթային ընկերության և «Lockheed Martin» ռազմաարդյունաբերական հսկայի հետ: Այլ կերպ ասած, Վաշինգթոնի կողմից Հայոց Ցեղասպանության դաշնային ճանաչումը (նախագահի կողմից ստորագրված օրենքի ընդունումը) անհնար է, քանի դեռ այն թույլ է տալիս ազդել թուրքական կողմի վրա: Ընդ որում՝ Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որ այդ հարցի կրողները հենց հայկական ծագմամբ իր քաղաքացիներն են և հենց իրենք են կատարում հարցը պաշտոնապես առաջ տանելու օպերացիոն գործառույթները (գործընթացից դուրս գալով հիասթափված և պարտված): Միակ բոնուսը՝ առանձին նահանգների կողմից ընդունվող խորհրդատվական բնույթի բանաձևերն են (օրենքի ուժ չունեն, քանի որ նահանգները չեն կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ):
Այս համատեքստում Ռուբեն Վարդանյանի նախագիծը դիտարկվում է մի քանի տեսանկյունից:
Առաջինը ՝ որպես Ռուսաստանի փորձ՝ համայն հայության (հատկապես արևմտահայերի) համար չափազանց կարևոր այդ քեյսը խլել հայկական ծագում ունեցող իր քաղաքացու շնորհիվ: «2.0 Սառը պատերազմում» կողմերից յուրաքանչյուրը տրամաբանորեն ձգտում է օգտագործել առկա բոլոր ռեսուրսներն իր նպատակին հասնելու համար և, անկասկած, ողջ աշխարհով սփռված բազմամիլիոն հայկական սփյուռքի համակրանքը կարող է լուրջ զենք դառնալ: Բավական է հիշել, թե հայերի կողմից ինչ դրական արձագանք ստացավ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ցեղասպանության 100-ամյակին և ինչ բացասական վերաբերմունքի արժանացավ դեմոկրատ Բարաք Օբամայի որոշումը՝ Հայաստան չգալու մասին: Փաստացի Ամերիկայի համար «Ավրորա» նախագիծը ռուսական փափուկ ուժի որոշակի պրոյեկցիա է՝ արևմտահայ սփյուռքի համակրանքը շահելու համար:
Երկրորդը՝ «Ավրորան» արդեն լայն ճանաչում է ստացել և ընդունվում որպես մի հարթակ, որի շուրջ կարելի է միավորել ժողովուրդներին, որոնք վերապրել են մարդկության դեմ հանցագործությունները: Կասկածից վեր է, որ այս միտումը արժանանալու է ոչ միայն մեծ և տարածաշրջանային տերությունների, այլև այլ էթնիկական խմբերի առանձին էլիտաների դիմակայությանը, որոնց դուր չէ գալիս, որ հայերը «վերմակն իրենց վրա են քաշում»:
Երրորդը՝ Վարդանյանը ժամանակակից հայկական աշխարհը վերաիմաստավորելու գործունեություն է ծավալում և, ամենայն հավանականությամբ, իր խնդիրը տեսնում է համազգային արիստոկրատիայի ձևավորման մեջ: Այս գծի արտաքին և ներքին հակառակորդների թիվն ավելի մեծ է լինելու:
Մենք պետք է համակերպվենք պարզ, բայց չափազանց կարևոր մտքի հետ. ուժեղ Հայաստանը որպես միջազգային իրավունքի իրական սուբյեկտ և հայ ազգի ձայն մեզանից բացի ոչ մեկին պետք չէ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ մեզ նույնպես դա առանձնապես հարկավոր չէ: Իմ վերջին երկու սյունակներում մտորում էի մեր երկու անեծքների՝ ղեկավարների և ֆինանսական էլիտաների մասին: Չեմ ուզում կրկին վերադառնալ այդ խնդիրներին, սակայն մենք պարտավոր ենք հասկանալ մեկ այլ պարզ ճշմարտություն՝ մենք պետք է պաշտպանենք միմյանց որքան ուժ ունենք (ցեղասպանության գլխավոր բարոյական դասը հենց դրանում է կայանում): Հատկապես երբ խոսքն այլ երկրների և ժողովուրդների հետ մրցակցության մասին է: Մենք չպետք է ուրախանանք, երբ օտարը հարձակվում է մերոնց վրա և չպետք է օգնենք նրանց յուրայինների հանդեպ տածած մեր անտարբերությամբ: Ներքին նախանձը և միմյանց տապալելու անվերջ փորձերը բնորոշ են բոլոր ազգերին, սակայն մենք պետք է ձգտենք բացառություն դառնալ, քանի որ գոյատևելու այլ տարբերակ չունենք: Ընդ որում, ևս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր ֆինանսական էլիտան պետք է փոխի սեփական պետականության հանդեպ իր վերաբերմունքը և գիտակցի համընդհանուր մոռացության մատնվելու անխուսափելիության և պատմության ճահճում խորտակվելու վտանգը՝ ուժեղ ազգային պետություն չունենալու դեպքում: Մի շարք օրինակներ ցույց են տալիս, որ այլ հասարակություններում գոյություն ունեն կարմիր գծեր, որոնցից այն կողմ քեզ չեն թողնի, ինչ էլ որ անես և ինչպիսի հավատարմություն էլ չցուցաբերես: Դա լավ կամ վատ չէ, սա ազգի բնական դիմադրողականությունն է (հատկապես այն ազգերի, որոնք կազմում են ցանկացած կայսրության կորիզը):
Կալիֆորնիայում, Մարսելում կամ ցանկացած այլ համայնքային կենտրոնում հայկական աշխարհ կառուցելու ցանկությունն ու ձգտումը կհանգեցնեն խիստ բացասական հետևանքների: Մեկ տնօրենին մյուսով փոխելով, արտաքին ուժերի օպերատորի բացառիկ դեր խաղալու ձգտումը ևս ողբալի ավարտ կունենա մեզ համար: Այսօր բոլոր հայակենտրոն տարրերն ողջ աշխարհում ունեն բացառիկ հնարավորություն՝ մտնել պատմության մեջ, օգտագործելով իրենց որակական և քանակական ռեսուրսները հանուն մեկ իմաստալից նպատակի և գաղափարի՝ հայկական պետականության ամրապնդման: Կցանկանայի մեր ֆինանսական էլիտաներին ևս մեկ խորհուրդ տալ՝ մի հավատացեք ձեռ անձեռնմխելիությանը, խաբվելով ձեր բանկային հաշիվների թվերին: Անհրաժեշտության դեպքում կոտրում են բոլորին՝ առանց բացառության: Նույնիսկ այնպիսի ընտանիքներ, ինչպիսիք էին Ռոքֆելերները, Վանդերբիլտները և Աստորները, թուլացվեցին, երբ դա պահանջում էին պետական շահերը: Մոռացեք նաև ձեր բջջային հեռախոսներում գրանցված կորիզային ազգի ներկայացուցիչ բարձրաստիճան անձանց հեռախոսահամարները: Հայոց Ցեղասպանության պատմությունը ցույց է տալիս, որ մեկ գիշերվա ընթացքում ողջ մտավորականության ոչնչացման մասին հրահանգները տրվել էին այն մարդկանց կողմից, որոնց Ստամբուլի մեր էլիտաները համարում էին ընկեր և որոնց տանը պատվավոր հյուրի կարգավիճակ էին վայելում: Խրատը պարզ է. եթե չպաշտպանենք միմյանց, մեզ կկործանեն մեկ առ մեկ: Թող ոչ ոք չկասկածի. ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը: