ՀՈ՛ՒՊ ՏՈՒՐ ԳԱԶԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏ

Կառավարությունը որոշել է խորհրդարան ուղարկել օրինագիծ, որպեսզի ապրիլի վերջին շաբաթ օրն այսուհետ նշվի որպես Քաղաքացու օր։ Հասկանալի է, Սերժ Սարգսյանի հրաժարականի պատվին։ Ամեն ինչ տրամաբանական է, «հաց և թամաշա» տրամաբանության շրջանականերում։ Եվ եթե «հացի» խնդրում առաջընթաց ապահովել չես կարող, ապա պետք է շեշտը դնել «թամաշայի» վրա։

Ճիշտ է, առանձնակի ինտելիգենտ որոշ մարդիկ խրտնում են, թե իբր՝ որտե՞ղ են լայն հասարակական քննարկումները, ինչո՞ւ հարց դրված չէ համաժողովրդական Ագորայի վճռին, ինչպես անցած ամռանը խոստացավ վարչապետը, իբր՝ պետք է հանրաքվե անցկացնելԴատարկ բան է այդ ամենը. դըմփ-դըմփ-հուի նվիրյալները մեծամասնություն են կազմում, իսկ «գահընկեց արված թշնամուն» պետք է ժամանակ առ ժամանակ հարվածել, որ մտքով չանցնի աքացի տալ։ Թե չէ, հասկանում ես, արդեն խոսում է այն մասին, թե հենց որ ժամանակը գա, հանդես կգա հայտարարությամբ... Բացահայտ լկտիություն։ Ասվել է, չէ՞, հանգիստ նստեք տեղում Բայց չէ՜։ Դե ինչ, եթե չեք ուզում հանգիստ նստել տեղում, ուրեմն ականատես դարձեք, թե ինչ համաժողովրդական ձևով ենք նշելու Փաշինյանի հաղթանակը Սարգսյանի դեմ

Ամեն ինչ ճիշտ է, կարիք չկա ձևականությունների հետևից ընկնել ու ինտելիգենտական փսլինքներ շաղ տալ։ Օրինակ վերցրեք Ղազախստանից։ Ոմանք, հասկանում ես, հեգնանքով են վերաբերվում այն բանին, որ Աստանան վերանվանվելու է Նուրսուլթան, հուշարձան են տեղադրելու Նազարբաևի պատվին և բոլոր քաղաքների կենտրոնական փողոցները նրա անունով են կոչելու։ Շատ էլ իզուր են հեգնում, ընդհակառակը, մեզ պետք է շտապ առաջ անցնել Ղազախստանից։ Թե չէ քայլող Նիկոլի պատվին ընդամենը մեկ արձան կա, այն էլ՝ ինչ-որ տեղ Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Ամոթ և խայտառակություն։ Թուքումո՛ւր։

Առհասարակ հասկանալ է պետք, որ արդեն ժամանակն է լուծել գեղեցիկ պատվանդանի խնդիրը, որի վրա նախկինում կանգնած էր Վլադիմիր Իլյիչը։ Ավելի հարմար առիթ չի կարող ներկայանալ, ուստիև, արձագանքելով տոնակատարության սցենարների առաջարկներ ներկայացնելու վարչապետի կոչին, մենք առաջարկում ենք, որ Քաղաքացու օրվա առաջին տոնակատարությանը այդ պատվանդանի վրա տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի հուշարձանի հանդիսավոր բացումը։

Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջին. որպեսզի շատ դեսուդեն չընկնենք, քանի որ մինչև ապրիլի վերջին շաբաթ քիչ ժամանակ է մնացել, պետք է պարզապես ձևափոխել Իլյիչի հուշարձանը։ Կեպին լիովին կարելի թողնել տեղում, միայն վրան մխել «դուխով» բառը։ Բարձրացրած ձեռքը նույնպես բոլորովին չի խանգարում։ Մի քիչ պետք է մարմնին ձև տալ, ուսապարկ ավելացնել, ու պը՛րծ։

Իսկ եթե ուզում ենք մեծ բովանդակություն հաղորդել հուշարձանին, ապա կարելի է փորձել երկրորդ տարբերակը. պատկերել վարչապետին Սուրբ Գևորգ Զորավարի տեսքով, որը նիզակով խոցում է երեքգլխանի վիշապին, որի գլուխները պետք է խորհրդանշեն Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին ու Ռոբերտ Քոչարյանին, ընդ որում Սերժ Սարգսյանի գլխի մոտ պետք լինի գրություն. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։ Երկրորդ տարբերակը նույնպես բարդ չէ կյանքի կոչել։ Կեպին և ուսապարկը չեն խանգարում, պարզապես բարձրացած ձեռքում պետք է նիզակ դնելԻ դեպ, երեխաների և զբոսաշրջիկների համար երկրորդ տարբերակը հաստատ ավելի հրապուրիչ կլինի։

Դե, և ակնհայտ է, որ պատվանդանի վրա, անպայման շատ մեծ տառերով, պետք է փորագրել՝ ԴԸՄՓ-ԴԸՄՓ-ՀՈՒ։ Շատ-շա՜տ մեծ տառերով։ Չէ՞ որ այդ կարգախոսը նշանավորում է նոր դարաշրջանը հայ ժողովրդի պատմության մեջ։ Մոտավորապես այնպես, ինչպես որ չուչխեի գաղափարներն են մինչև օրս առաջատար և ուղղորդող դեր կատարում հյուսիսկորեական ժողովրդի կյանքում

Основная тема:
Теги: